Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ցավոք, Ադրբեջանը պարտադրեց իր մոտեցումը Ստեփանակերտի հետ փոխհարաբերությունների մասով»

Մարտ 20,2023 14:00

Ըստ Դավիթ Հարությունովի՝ հայ-ռուսական հարաբերություններում դրականն այն է, որ դեռ այդ ամենը գտնվում է հայտարարությունների մակարդակում։ Նա հիշեցրեց, որ ՌԴ-ն նաեւ շատ լուրջ տնտեսական լծակներ ունի ՀՀ-ի վրա ազդելու համար։

«Վերաինտեգրման հարցով ոչ մի սկզբունքայնորեն նոր բան այդտեղ չկա։ Ադրբեջանը 1994-ից սկսած խնդիր էր դրել, որ պիտի իր վերահսկողությունը վերականգնի Արցախի վրա։ Այսինքն՝ իրենք այդ վերաինտեգրումը դիտարկում են վերահսկողության տեսանկյունից»,-«Առավոտի» հարցին՝ ի՞նչ վտանգներ են պարունակում պաշտոնական Բաքվի հայտարարությունները, որ արդեն քայլեր են ձեռնարկում Արցախի հայերի «վերաինտեգրման» ուղղությամբ, այսպես պատասխանեց քաղաքագետ Դավիթ Հարությունովը։

Քաղաքագետը ցավով նշեց՝ մենք ունենք իրավիճակ, երբ միջազգային հանրությունն այդ իրադրությունը, Արցախի հետ բանակցությունների հատվածը դիտարկում է որպես Ադրբեջանի կազմում փոքրամասնության խնդիր։ Այդ միջնորդները, որոնք մասնակցում են բանակցություններին, իրենք այդ համատեքստում են այդ ամենը դիտարկում։ Այս առիթով հավելեց. «ԵՄ-ն, ԱՄՆ-ն իրենք էլ չեն դնում խնդիր անկախության, Արցախի եւ այլն։ ՌԴ-ն էլ իր առանձնահատկություններն ունի։ Ու դա, ցավոք, այս պահին իրականություն է։ Դա այդքան էլ ՀՀ քաղաքականությունից չէր կախված, Երեւանի լծակներն իրականում շատ քիչ էին՝ առավելագույնը ձգել ժամանակ, դիմադրել եւ այլն։ Դրա դեմ էլ Ադրբեջանը կիրառում է իր հնարքը՝ ռազմական ճնշում։ Եթե դնեինք խնդիր դադարեցնել բանակցություններն Արցախի հետ կապված եւ փորձել պարտադրել ուրիշ մոտեցում, որն Արցախին ու ՀՀ-ին բարենպաստ է, տեսականորեն կարելի էր դա փորձել, բայց դա կունենար իր հետեւանքները տարբեր բնույթի ճնշման տեսքով»։

Մեր հիշեցմանը՝ ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյաներն անընդհատ շեշտում են, որ մենք բարձր ենք գնահատում Ստեփանակերտի եւ Բաքվի ուղիղ շփումները, սա չի՞ նշանակում, որ այս հայտարարություններով նրանք ինչ-որ առումով նաեւ կանաչ լույս են վառում Ադրբեջանի համար, Դավիթ Հարությունովը պատասխանեց. «Այսինքն՝ իրենք դա դիտարկում են որպես բանակցություններ, երկխոսություն կենտրոնի ու փոքրամասնության միջեւ։ Ու այստեղ խնդիրն այն է՝ ոչ միայն, որ լույս են տալիս Ադրբեջանին, այլ Ադրբեջանը հիմա այնպիսի դիրքորոշում ունի, որ իրենք չեն բանակցի ինչ-որ ուրիշ տարբերակի մասին, նաեւ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն չունեն ռեալ հնարավորություններ Ադրբեջանին ստիպելու, որ այդ հարցում զիջումների գնա։ Իրենք նման խնդիր չեն դնում իրենց առաջ, որ Ադրբեջանին ինչ-որ բան պարտադրեն։ Արդյունքում ստացվում է, որ, ցավոք, Ադրբեջանն իր մոտեցումը Ստեփանակերտի հետ փոխհարաբերությունների մասով պարտադրեց»։

Մեր փաստմանը՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեղադրանքներ է ներկայացրել Հայաստանին, որ Հայաստանը փորձում է ԼՂ ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա եւ հարցին՝ ինչո՞ւ այսպիսի իրավիճակի առաջ կանգնեցինք, Դավիթ Հարությունովը պատասխանեց. «Մեծ հարց է՝ ինչքանով արդյունավետ ու էֆեկտիվ է այդ ակտիվ քննադատությունը ՌԴ-ի հասցեին, որ հնչում է մեր իշխանության կողմից։ Անհասկանալի է՝ այդ քննադատության շրջանակի իմաստը որն է։ Հասկանալի է, որ այս պայմաններում, երբ պատերազմի մեջ են ներգրավված, ՌԴ-ում ավելի սուր են ընկալում նման քննադատությունները։ Անհասկանալի է՝ հայկական կողմն ինչ է արդյունքում ստանում։ Մի կողմից մենք ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի դիրքորոշումը, ինչպես տեսնում ենք, չի փոխվում այն հարցերում, որ Երեւանն ուզում է, մյուս կողմից էլ Արեւմուտքից էլ չենք կարողանում ստանալ արդյունավետ երաշխիքներ։ Երեւում է, որ Արեւմուտքն այդ մակարդակի երաշխիքներ տրամադրելու պատրաստ չէ։ Մենք ամեն դեպքում փաստեր չունենք, որ նման բան իրենք ուզում են անել։ Արդյունքում տեսնում ենք, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները վատանում են, որովհետեւ իրենք, պարզ է, չեն ուրախանում այդ քննադատություններից, որը իրենց հասցեին հնչում է ու համապատասխանաբար սկսում են պատասխանել։ Բայց դեռ դրականն այն է, որ  այդ ամենը գտնվում է հայտարարությունների մակարդակում, որովհետեւ ես չեմ կարող չհիշեցնել, որ ՌԴ-ն նաեւ շատ լուրջ տնտեսական լծակներ ունի ՀՀ-ի վրա ազդելու համար։ Դեռ տեսնում ենք՝ փոխադարձ լարվածությունը որոշակիորեն չափավոր է եւ գտնվում է դիվանագիտական հայտարարությունների մակարդակում եւ դա դեռ ռեալ բնույթ չի սկսել կրել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031