Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտության մասին մենախոսություններից արդեն հոգնել եմ

Մարտ 19,2023 21:57

Հարցազրույց կենսաֆիզիկոս Սասուն Գեւորգյանի հետ

– Պարոն Գևորգյան, շարունակե՞նք մեր «երկխոսությունը» գիտության մասին։

– Իսկ ուրիշ ընտրություն ունե՞մ։ Կարելի է ենթադրել, թե մեր վերջին զրույցից հետո ձեր խմբագրությունը շրջապատել էին ու պահանջում էին շարունակել ազգի համար կարևոր զրույցը գիտության մասին…

– Կարծում եք` կարեւո՞ր չէ…

– Կարծում եմ՝ այս փուլում առաջնային է կրթության վիճակը լավացնելու խնդիրը։ Ըստ իս, գրեթե բոլոր բնագավառներում տապալումների հիմնական պատճառներից մեկը, եթե ոչ ամենահիմնականը, կրթական համակարգի վիճակն է։ Կիսագրագետ մարդիկ ոչ միայն դարձել են դրության տեր, այլ թելադրում են իրենց «աննախադեպ կիսագրագետ» թեզերը։ Բազային կրթությունը սկզբունքային նշանակություն ունի։ Օրինակ, անորակության պատճառով փակված մոսկովյան մի մասնավոր բուհի երևանյան ֆիլիալ ավարտած մեկը դառնում է վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան։ Ինչքան էլ ինչ-որ ամերիկյան կուրսեր հաճախելով մարդը աշխատել է ինքնազարգացման համար՝ միևնույն է, բազային կրթություն չունի, և դա ակնհայտ է։ Եվ բնականաբար, անկախություն էլ չունի, քանի որ ինքնուրույն չի կարող փող աշխատել։ Անում է այն, ինչ հրամայում են։ Բայց շեղվեցի, ասեք, թե ի՞նչ «մաքուր» գիտական հարցերից խոսենք։

– Դուք խոսում էիք համալսարանական և ակադեմիական գիտության մասին։ Մեկից մյուս անցումը, ինչպես վկայում է հարևան Վրաստանի փորձը, բերեց ակադեմիական ինստիտուտների քայքայման։

– Լսել եմ, որ մեր վրացի բարեկամները փորձել են ակադեմիականից անցնել համալսարանականի։ Կարդացել եմ իմ տարիքի կամ ինձանից էլ մեծ, կասեի նախկին գիտնականների մի քանի կարծիք։ Իմ ունեցած ինֆորմացիան այնքան էլ մեծ չէ, որ կարողանամ մանրամասնել։ Բայց եթե նայենք թվերով, ինչից սովորաբար ես սկսում եմ գիտության վիճակի վերլուծությունը, վիճակը վրացական գիտությունում կարելի է ասել բարելաավվել է։  Նկարում բերված է վերջին 10 տարում վրացական «գիտական արդյունքը» թվերով՝ ըստ Web of Science շտեմարանի։ Ոչ մի «դժբախտ պատահար» չի նկատվում։ Իսկ որ ինչ-որ տարիքն առած նախկին գիտնականներ կարող էին դժգոհել՝ բնական է, ամենայն հավանականությամբ նրանք զրկվել են ինչ-որ ակադեմիական արտոնություններից։

-Այսինքն դուք կո՞ղմ եք, որ մեր մոտ էլ նման անցում կատարվի։

-Նախ պետք է հասկանալ, թե կիսագրագետ մարդկանց այս խումբը, որ դրության տեր է, ինչ է ուզում անել գիտության հետ։ Ներկայացված ծրագրից կարելի է հետևություն անել, որ համալսարանական գիտության են անցնում։ Բայց ենթադրելով ինչ-որ բան քննարկել դժվար է։ Մի բան է պարզ, որ գիտելիքից բացի՝ համարձակություն էլ չունեն, որ հստակ գրեն ծրագրի մեջ մոտակա տարիների տեսլականը։ Իսկ ճնշող մեծամասնության մոտ քարացած կարծրատիպ կա՝ հիմա բոլորին դուրս կանեն ինստիտուտներից, շենքեր կվաճառեն որևէ մականունավոր օլիգարխի, ենթադրենք «Ճպո»-ին։ Աման հասեք, աման փրկեք․․․

– Ի՞նչ է, այդպես չէ՞։ Տեսեք ինչ է կաատարվում Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հետ։

– Միգուցե և այդպես է։ Երբ կողքից հետևում ես դեպքերի ընթացքին և փորձում կարծիք կազմել՝ պատկերն այսպիսին է թվում։ Կա երկու կողմ։ Մեկ, որ ինչ-որ ձևով ձեռք է բերել վաղուց մոռացված այդ հողերը, ուզում է շենք կառուցել ու վաճառել՝ նպատակը փող աշխատելն է։ Նպատակի մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Իսկ դիմացի կողմն ի՞նչ է ուզում։ Տպավորություն է, թե պարզապես չեն ուզում, որ առաջին կողմը փող աշխատի՝ ուրիշ ոչինչ։ Միակ առաջարկը, որ լսել եմ՝ տարեք դրանց, թող փող չաշխատեն։ Իսկ ինչ-որ երիտասարդ կարիերիստների տհաս փաստարկը, թե գիտնականը այդ քարուքռի մեջ պետք է զբոսնի ու մեծ մտքեր «գեներացնի»՝ նորից կրթության պրոբլեմների մասին է խոսում։ Վերջերս դրանց տնօրենն էր միտինգ անում, բողոքում։ Ստուգեցի նրա գիտական արդյունքի թվային արտահայտությունը։ Կողմնակի դիտորդը այդ տվյալներից մի հետևություն կարող է անել՝ եթե այս լաբորանտի տվյալներով տարիքն առած մարդն է տնօրեն՝ հավաքեք դրանց բոլորին և փակեք հիմնարկը։ Ի՞նչ գիտություն, ի՞նչ ինստիտուտ․․․

– Շատ խիստ չե՞ք, կարող են հակադարձել։

– Արդեն վախեցա․․․ Հայկական գիտության հին ու նոր «վոժդերը» փորձել են նույնիսկ քրեական գործեր հարուցել իմ դեմ տարբեր երկրներում՝ մեղադրելով, որ նրանց վատ գիտնական լինելու համար ուզում եմ սպանել՝ սա է դրանց խելքի չափը։ Թող փորձեն հակադարձել՝ դրան եմ սպասում։ Բայց չսկսեն ակադեմիկով ու դոկտորով վայ մամա ջան գոռալ, երբ մանրամասն տպագրեմ նրանց գիտական արդյունքը թվերով։ Մի անգամ փորձեցին ու փախան։ Հիմա ընդհանրապես սսկվել են՝ մի քանի կոպեկով աշխատավարձերը բարձրացրել են, սպանես՝ ձայն չեն հանի։

– Լավ, դուք ի՞նչ եք առաջարկում։

– Հիմա նորից սկսեմ կրկնել 20 տարվա ասածնե՞րս։ Ինստիտուտների շենքերի և նրանց հողերի մասին շուրջ 20 տարի է՝ կրկնում եմ՝ սեփականության իրավունքով տալ ինստիտուտների առանց վաճառելու կամ օտարելու իրավունքի։ Եվ ազատել գույքի և հողի հարկից։

Գյուտ չեմ անում, դա պատմության մեջ եղել է,, և արդյունքն էլ տեսնում ենք՝ ԱՄՆ գիտությունը։ Եթե նախկինները ասում էին «արա ախպեր, գիտե՞ս ով աչք ունի այդ հողերին», սրանք էլ պնդում են, որ պետք է այդտեղ զբոսնեն ու մտածեն։ Նախկինների պնդումը ստուգել եմ անհատական մակարդակով՝ պարզվել է սուտ է, նրանց նշած «մարդ»-ը նույնիսկ չէր էլ մտածել այդ հողերի մասին։ Երևի պարզապես ուզում էին նրան «համոզել»։ Իսկ սրանց հիմարության ի՞նչը ստուգեմ։ Սովետական ժամանակաշրջանում գիտության մեջ կար մոտ 35000 մարդ՝ գիտնականներով, տեխանձնակազմով և այլն։

Ոչ մեկն էլ փողոցում չէր, բոլորը աաշխատատեղ ունեին։ Հիմա մոտ 4000 են։ Պարզ է, որ աշխատասենյակների, շենքերի, հողերի մեծ ավելցուկ կա։ Պետք է ճիշտ օգտագործել, այլ ոչ թե ցնդաբանությամբ զբաղվել։ Նույն անօգուտ ցնդաբանական մոտեցումն է լրացուցիչ գումարների չորս բոլորը։ Աննպատակ աշխատավարձի բարձրացումը դեռ ոչինչ։ Սարքերի տրվող գումարները փոխանակ կենտրոնացնեն մի տեղ՝ օրինակ ՄԿՈւԿ-ում, ստեղծեն մի հզոր լաբորատորիա, որը մի քանի տարի հետո կվերածվի հզոր կենտրոնի՝ բռնել ցրել են տարբեր հիմնարկների վրա։ Սա պարզ տակտիկական քայլ է՝ ստրատեգիա, նպատակ չունեն և չեն էլ կարող ունենալ։ Կրթությունը․․․

-Իսկ Վրաստանից բացի, որևէ երկրում ակադեմիականից համալսարանական գիտության անցում եղե՞լ է, գիտե՞ք։

-Իհարկե եղել է, մերձբալթյան հանրապետություններում։ Եղել է առանց գոռգոռալու, քայլ առ քայլ։ Եթե նայեք, նրանց մոտ հիմնական գիտության արդյունքը տալիս են համալսարանները և ակադեմիան էլ գոյություն ունի՝ որպես ուժեղ գիտնականների ակումբ, որտեղից ուղղորդվում է գիտությունը։ Այստեղ էլ, Թայվանում, սովետական հովերով ստեղծել էին վառ ընդգծված ակադեմիական համակարգ։ Բայց ժամանակի ընթացքում տեսանելի տեմպերով ձևափոխել ու ձևափոխում են։ Կարելի է նայել, սովորել։

– Միգուցե կիսվե՞ք դրա մասին ձեր դիտարկումներով։

– Մի ուրիշ անգամ, երբ համոզվենք, որ գոնե մի քանի հոգի հետաքրքրված են գիտության վիճակով։ Ինչ-որ գիտնական-բիզնեսմեն հորջորջվող երիտասարդներ, լաբորանտի տվյալներով դոկտորներ, առանց հղում՝ ակադեմիկոսներ… արդեն ձանձրալի է։ Էն կողմից էլ կիսասոված ու ոչինչ չանող գիտաբիոզանգվածի տնքոցը՝ ախ, դու չես ուզում, որ մենք կուշտ ապրենք։ Ուզում եմ, բայց Հայաստանում կա ընդամենը 120-150 գիտնական՝ բոլոր ուղղություններով միասին վերցրած, որոնք ինչ-որ գիտական արդյունք են տալիս։ Սա է իրական պատկերը։

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031