Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ներկայացրել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի Բաքվի պայմանը՝ Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի մաս և իրենց պայմանների հիմքով կատարել սահմանագծման աշխատանքները։
Թեմայի շուրջ «Ա1+»-ը զրուցել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ։
-Պարոն Գրիգորյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել է, որ եթե Հայաստանը ցանկանում է հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կմ տարածքում, ապա կա մի պայման, պետք է Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի մաս, և դելիմիտացիայի աշխատանքները պետք է կատարվեն իրենց պայմանների հիմքով։ Սա արդյոք պատերազմի սպառնալի՞ք է․ ինչպե՞ս կմեկնաբանեք։
—Սա նոր մոտեցում չէ։ Մեծ հաշվով սա Ադրբեջանի քաղաքականությունն է վերջին մեկ տարվա ընթացքում։ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներով հանդես գալով փորձում է հասնել Երևանից Լեռնային Ղարաբաղի հետ առնչվող հարցերում բոլոր դիրքորոշումներից հրաժարվելուն։ Ակնհայտ է, որ այս բոլոր խոսույթները «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ և այն հանգամանքը, որ նրանք օգտագործում են պայմանական սահման եզրույթը՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին խոսելիս, ունի մեկ նպատակ, որպեսզի հասնեն ԼՂ հարցի վերջնական փակմանը։ Չնայած նրանք ասում են, որ հարցը փակված է, բայց մենք տեսնում ենք, որ գետնի վրա դեռևս խնդիրներ գոյություն ունեն։
Կարդացեք նաև
-Արդյոք պետք չէր, որ Հայաստանը արդեն դիմած լիներ ՄԱԿ-ի էթնիկ զտումների և ցեղասպանությունների կանխարգելման գրասենյակ։
— Կարծում եմ, որ մոտ ապագայում նման քայլեր կտեսնենք Հայաստանի կողմից և ոչ միայն այդ գրասենյակի հետ կապ կհաստատվի և պաշտոնապես ուշադրություն կսևեռվի Ադրբեջանի հռետորաբանությանը, այլ նաև ՄԱԿ այլ կառույցներում հարցը կբարձրացվի։
– Եվրադիտորդները ինչքանով կզսպեն Ալիևին այս երկու տարիների ընթացքում։ Ո՞ր դեպքում Ալիևը հաշվի չի առնի նրանց ու կգնա պատերազմի։
—ԵՄ դիտորդները ինչ-որ չափով մեծացնում են Հայաստանի տարածքում նոր էսկալացիայի գինը, սակայն եթե Ալիևը գիտակցի, որ նոր էսկալացիայից ավելի շատ բան է ստանալու, քան կորցնելու, ապա վստահաբար դիմելու է այդ քայլին Հայաստանի տարածքում։ Այսինքն` դժվար թե դիտորդները կարողանան զսպել էսկալացիան։ Այս փուլում էսկալացիայի վտանգը ավելի մեծ է Լեռնային Ղարաբաղում, եթե հետևենք ադրբեջանական պաշտոնական լրահոսին, ապա ակնհայտ է, որ հենց Արցախում են ինչ-որ գործողություններ նախապատրաստում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում