Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Սահակյան. «Մեր արած ամեն ինչը Հայաստանի մասին է, որպեսզի աշխարհը մեր իրական տեսակը ճիշտ ճանաչի»

Մարտ 19,2023 20:24

Մայրաքաղաքի Դիանա Աբգարի անվան զբոսայգում այսօր Move2Armenia Market-ի միջոցառման երկրորդ օրն է: Չնայած անձրեւոտ եեղանակին, մարդիկ հաճույքով են այցելում տաղավարներ, ծանոթանում տեղական եւ դրսի մանր ու միջին ձեռնարկատերերի ու անհատների ամենատարբեր արտադրատեսակներին, ձեռք բերում դրանք, մտքեր ու գաղափարներ փոխանակում, փորձում համատեղ գործունեություն ծավալելու եզրեր գտնել, ստեղծել սեփականը:

Move2Armenia ոչ առեւտրային կազմակերպության այս նախաձեռնության նպատակն էլ հենց դա է՝ օգնել Հայաստան տեղափոխված եւ տեղափոխվել պատրաստվող ձեռնարկատերերին, ձեռներեցներին, ընկերություններին եւ անհատներին ադապտացվել, կապեր հաստատել տեղի գործընկերների հետ եւ համագործակցելով զարգանալ, հիմնել նոր բիզնեսներ:

Լիլիթ Սահակյանը Move2Armenia Consulting-ի կառավարիչ գործընկերն է: Նա 2021 թվականին թողել է Մոսկվայում հաջողակ իրավաբանի աշխատանքը, վերադարձել ու մշտական բնակություն է հաստատել իր մանկության քաղաք Երեւանում: «Ես Հայաստանում ներդրումներ անել ցանկացող բիզնեսմեն իմ հայրենակիցների ծրագրերն էի իրականացնում Հայաստանում: Անցած տարվանից համագործակցում ենք Move2Armenia-ի հետ,  որի հիմնադիրներին վաղուցվանից եմ ճանաչում ու տեղյակ եմ, թե հայանպաստ ինչ կարեւոր ու որակյալ գործունեություն են ծավալում:

Ջանքերի համադրումով շատ մեծ փորձառություն ունեցող իրավաբաններից, հաշվապահներից, որոնց մեջ կան այնպիսիք, որ եկել են տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, կազմեցինք պատկառելի թիմ ու սկսեցինք աշխատել: Եթե ինձ հարցնեն, թե մեր գործունեությունն իրենից ի՞նչ է ներկայացնում, կպատասխանեմ. մեր արած ամեն ինչը Հայաստանի PR-ի մասին է, որպեսզի աշխարհը մեզ, մեր իրական տեսակը ճիշտ ճանաչի: Գաղտնիք չէ, որ շատ տեղերում Հայաստանին նայում են որպես երրորդ երկիր, այսպես կոչված՝ արվարձան: Բայց երբ մեր միջոցով, աջակցությամբ եւ օգնությամբ գալիս, տեսնում են, թե իրականում ով ենք մենք, ովքեր են հայերը, հավատացեք, ամբողջովին փոխվում են: Արդեն այստեղ մնալ ցանկացողներն էլ քիչ չեն: Բայց շատ-շատերը դեռեւս մեզ չեն ճանաչում: Այդ բացը լրացնելու համար ահռելի աշխատանք կատարել է անհրաժեշտ, ինչը մենք աշխատում ենք անել: Մենք օտարերկրացիներին ու որ շատ կարեւոր է, դրսում ապրող մեր հայրենակիցներին, ցույց ենք տալիս, որ կարելի է գալ Հայաստան, ապրել, բիզնեսներ վարել:

Այս նախաձեռնությունն էլ դրան է ուղղված: Ռուսաստանից, այլ երկրներից նոր եկող, տեղական բիզնեսի, սփյուռքի մեր հազարավոր հայրենակիցների, որոնք այստեղ ներդրում անելու ցանկություն ունեն, սակայն  չգիտեն ինչպես, նրանց համար ստեղծում ենք հարթակ, ծանոթացնում միմյանց հետ եւ իրենց հետ անցնում մի որոշ ճանապարհ:

Այսինքն, բացում ենք բանկային հաշվեհամարներ, ՍՊԸ-ներ, խնդիրներ լինելու դեպքում եւ ընդհանրապես բիզնեսի հետ կապված ամեն ինչում իրավաբանական եւ այլ ամբողջական ծառայություններ ենք մատուցում, ընդհուպ մինչեւ ռազմավարություն մշակելը, օֆիսներ եւ բնակարաններ գտնելը»:

Լիլիթ Սահակյանն ափսոսանքով նշեց, որ տարածաշրջանում մեր հարեւան պետությունները պետական մակարդակով են զբաղվում բիզնեսներ, հատկապես ՏՏ ոլորտի, իրենց կողմ քաշելու ուղղությամբ: Իսկ Հայաստանն այդ առումով անհամեմատ պասիվ եւ անտարբեր է: Դրա համար իրենք են փորձում մասնավոր միջոցներով հնարավորությունների ներածի չափով փոխարինել պետությանը:

«Մենք սկսում ենք բացատրությունից, թե ինչի ընտրեն Հայաստանը: Սկսած նրանից, որ իրականում ՍՊԸ բացելը 20 րոպեի գործ է, մինչեւ շատ մատչելի գումար վճարելով պրոֆեսիոնալ իրավաբանի կամ հաշվապահի բարձրակարգ սպասարկում ստանալը, ինչը իր հարազատ կամ այլ երկրում բազմապատիկ ավելի արժե: Եվ շատերի համար սա շոկ է լինում»-ասաց Լիլիթ Սահակյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031