Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան․ Հայաստանը երբևիցե չպետք է ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս. սրանով մենք ոչ միայն Արցախի մահվան դատավճիռը կստորագրենք, այլև մեր ինքնասպանության․ «Ա1+»

Մարտ 19,2023 18:21

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ներկայացրել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի Բաքվի պայմանը, ըստ որի Հայաստանը Ղարաբաղը պաշտոնապես պետք է ճանաչի Ադրբեջանի մաս․ որոշ քաղաքագիտական շրջանակներ նշեցին, որ այսպիսով Ադրբեջանը հող է նախապատրաստում Արցախում նոր էսկալյացիայի համար։

Թեմայի շուրջ Ա1+ը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ։

-Պարոն Բաբայան, Երեկ Ալիևը հայտարարել էր, որ եթե Հայաստանը ցանկանում է հանգիստ ապրել 29․000 քառակուսի կմ տարածքում, ապա պետք է ճանաչի ԼՂ-ն Ադրբեջանի մաս։ Որոշ քաղաքագետական շրջանակներ նշում են, որ Ալիևը հող է նախապատրաստում Արցախում նոր էսկալացիայի համար։ Ինչքանո՞վ եք նոր էսկալյացիան հնարավոր համարում և արդյո՞ք զինտեխնիկայի և զորքերի կուտակումներ կան։

-Ալիևը երբեք չի հրաժարվել կարգավորման ուժային տարբերակից։ Խնդիրը նրա մեջ է, որ մենք էլ պետք է այնպիսի աշխատանք կատարենք, որ դա հնարավոր չլինի։ Այս պահի դրությամբ պետք է ճիշտ աշխարհաքաղաքականություն վարել։ Այդ հնարավորությունները կան։

Մնացածը ժամանակը ցույց կտա։ Կուտակումների պահով ՀՀ պաշտպանության նախարարությունը և մեր պաշտպանության նախարարությունը համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը։ Այնուամենայնիվ Ադրբեջանը չի հրաժարվում իր ցեղասպան քաղաքականությունից, ինչը փաստ է։

-Ըստ Ձեզ, խաղաղության պայմանագրի մեջ Արցախի մասին կետ պե՞տք է լինի, թե ոչ։ Եվ ինչպիսի՞ բովանդակությամբ եք այդ կետը պատկերացնում։

-Այդ երկու հարցերը փոխկապակցված են, բայց, այնուամենայնիվ առանձին խնդիրներ են։ Հայաստանը երբևիցե չպետք է ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս։ Դա կլինի ազգային ողբերգություն։ Դա կլինի խայտառակություն։ Սրանով մենք ոչ միայն Արցախի մահվան դատավճիռը կստորագրենք, այլև մեր ինքնասպանության։ Մենք այդպես կարդարացնենք նաև Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները, օկուպացիան և կլեգիտիմացնենք նրա ցեղասպան քաղաքականությունը։ Չպետք է նման բան լինի։

-Ռուս խաղաղապահները մի քանի անգամ թերացել են իրենց պարտականությունների մեջ և դրանց արդյունքում մարդիկ են զոհվել, իսկ հակառակորդը չի պատժվել։ Ինչպե՞ս եք պատկերացնում խաղաղապահների մեխանիզմն ավելի արդյունավետ դարձնելը։

-Խնդիրը այստեղ ռուս խաղաղապահները չեն։ Եթե ռուս խաղաղապահների տեղը լինեին ֆինլանդացիները, արդյո՞ք Ադրբեջանը իրեն լավ կպահեր, իսկ միգուցե ավելի ագրեսիվ կպահեր։ Որպեսզի մենք չընկնենք այդ հարցերի շուրջ և Արցախը փորձադաշտ չդարձնենք, մենք պետք է հասկանանք, որ ռուս խաղաղապահները իրականացնում են մեծ աշխատանք։ Եթե ռուս խաղաղապահները չլինեին, ապա վաղուց պատերազմ կլիներ և վաղուց Արցախը չէր լինի։

Խնդիրը այլ հարթությունում պետք է դիտարկել։ Աշխարհը պետք է ճնշումներ գործադրի Ադրբեջանի վրա։ Սա միայն ռուս խաղաղապահների խնդիրը չէ, որովհետև ի դեմս Ադրբեջանի մենք ունենք ահաբեկչական երկիր, որտեղ ցեղասպանությունը պետական ամենաբարձր մակարդակով է իրականացվում։ Հետևաբար նաև աշխարհը պետք է ճնշում գործադրի։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031