Մարտի 17-ին տեղի է ունեցել Արցախի գրողների միության վարչության արտահերթ նիստ: Նիստին մասնակցում էին վարչության անդամներ Սոկրատ Խանյանը, Դավիթ Միքայելյանը, Արկադի Թովմասյանը, Նորեկ Գասպարյանը, Սոնա Համբարձումյանը և Կիմ Գաբրիելյանը: Վարչության մյուս անդամների՝ Ռոբերտ Եսայանի, Հրանտ Ալեքսանյանի և Ժաննա Բեգլարյանի բացակայությունը պայմանավորված էր նրանց՝ Արցախի Հանրապետության սահմաններից դուրս գտնվելու հանգամանքով:
Վարչության անդամները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից անժամանակ հեռացած ԳՄ նախկին նախագահ, գրող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանի հիշատակը: Այնուհետև քվորումի առկայության պայմաններում նիստի մասնակիցներն ըստ օրակարգի քննարկեցին Արցախի գրողների միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման, գրողների միության արտահերթ համագումար հրավիրելու և Վարդան Հակոբյանի ծննդյան 75-ամյա հոբելյանը հանդիսավորությամբ նշելու մասին հարցերը:
Վարչության անդամ Դավիթ Միքայելյանը ներկաներին տեղեկացրեց, որ անհրաժեշտություն է առաջացել գրողների միության գույքը, որը ժամանակավորապես գտնվում է Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի պետարտոնագրված համալսարանի շենքում, տեղափոխել այլ վայր: Առաջարկ եղավ պաշտոնապես խնդրել ռեկտորատին՝ մինչև գրողների միության նոր ղեկավար ընտրելը գույքն ի պահ թողնել համալսարանում: Դ. Միքայելյանը առաջարկեց ԳՄ նոր ղեկավարի ընտրությունը կազմակերպել նախկին նախագահ Վ. Հակոբյանի մահվան քառասուն օրը լրանալուց հետո: Իրազեկելով, որ մայիսի 21-ին լրանում է Վարդան Հակոբյանի ծննդյան 75-ամյակը, նա կոչ արեց բարձր մակարդակով նշել հոբելյանը:
Վարչության անդամ Կիմ Գաբրիելյանը նշեց, որ կանոնադրական պահանջ է՝ միության նախագահի պաշտոնը թափուր լինելու դեպքում նախագահի պարտականությունները վարչության ամենատարեց անդամի վրա դնելը, և այս հիմամբ նա առաջակեց վարչության անդամ Սոկրատ Խանյանին՝ ժամանակավորապես ստանձնել այդ պարտականությունը: Իր համաձայնությունը տալով՝ Սոկրատ Խանյանը հույս հայտնեց, որ միության նախագահի պարտականությունները իրականացնելու ընթացքում վարչության անդամներն իրեն կաջակցեն առկա խնդիրների լուծման գործում:
Կարդացեք նաև
Վարչության անդամ Արկադի Թովմասյանը հավանություն տվեց հնչած ելույթներին և պատրաստակամություն հայտնեց աջակցել վարչության առջև դրված խնդիրների լուծմանը:
Վարչության անդամ Նորեկ Գասպարյանը շեշտեց գրողների միության հետագա գործունեության արդյունավետության բարձրացումը՝ նոր մարտահրավերներին ու առաջնահերթություններին համահունչ: Վարդան Հակոբյանի հոբելյանի պատշաճ կազմակերպաման նպատակով նա առաջարկեց պաշտոնապես դիմել ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ղեկավարությանը՝ ակնկալելով գերատեսչության գործուն օժանդակությունը:
Վարչության անդամ Սոնա Համբարձումյանը, հավանություն տալով արված առաջարկներին, միաժամանակ կարևորեց գրքերի հրատարակման գործընթացում միության անդամների նկատմամբ հավասարության սկզբունքի պահպանումը:
Վարչությունը որոշեց ս․թ ապրիլ ամսվա սկզբներին հրավիրել ևս մեկ նիստ և քննարկել ու համաձայնեցնել համագումարի անցկացման հետ կապված կազմակերպչական հարցերը:
ԱՐՑԱԽԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ