Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի ուսանողների եւ քաղաքի արվեստագետների պատրաստած փայտե, ապակե, կաշվե, կերամիկական, ասեղնագործական արտադրանքի շատ նմուշներ այս օրերին ցուցադրվում են Կապանի մշակույթի կենտրոնում։
Ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը կազմակերպվել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսարանի, Հայաստանում Իրանի դեսպանատան, Թավրիզի արվեստի համալսարանի ու Կապանի համայնքապետարանի ջանքերով։
Կարդացեք նաև
«Կապանում Իրանի հյուպատոս պարոն Աբեդինը հավատացած է, որ երկու երկրների միջեւ մշակութային կապի ամրապնդումը առիթ է տնտեսական եւ քաղաքական զարգացման համար։ Ուստի մշակութային բնագավառում՝ ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը կազմակերպվեց այս գեղեցիկ քաղաքում»,-իր խոսքում նշեց Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսի տեղակալ Թուրաջ Խոսրավին։
Անցած տարի հոկտեմբերին Կապանում բացված Իրանի առաջին գլխավոր հյուպատոսությունը նպաստել է Հայաստան-Իրան հազարամյակների պատմություն ունեցող հարաբերություններին, որոնք անհրաժեշտ է խորացնել եւ ավելի ամրապնդել։ Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադեւոսյանը կարեւորում է նմանօրինակ միջոցառումների շարունակալիությունը, քանի որ այն լավ հնարավորություն է տեղի արվեստագետների եւ երիտասարդների համար ծանոթանալու հարեւան երկրի մշակույթին։
Ցուցահանդեսի կազմակերպիչ Հաբիբ Դիդարն անկեղծանում է՝ չէր սպասում, որ Կապանը այսպես կընդունի իրենց մշակույթը ու կարծում է՝ որ ցուցահանդեսի կազմակերպումը ուշացրել են։
«Որոշել եմ մյուս ծրագրերում կազմակերպել նաեւ մեր ու ձեր արվեստագետների հանդիպումներ, քննարկումներ ինչու չէ՝ նման ցուցահանդես Իրանում էլ նախաձեռնել։ Կարծում եմ՝ մենք իրարից սովորելու շատ բաներ ունենք»,-ասաց Հաբիբ Դիդարը։
Ցուցահանդեսին ներկայացված է թավրիզցի 35 ուսանողի եւ արվեստագետի աշխատանք։ Մինչեւ մարտի 21-ը, կապանցիները կարող են ծանոթանալ իրանական մշակույթի նմուշներին։
Լուսանկարները՝ Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից
Արմեն ԴԱՎԹՅԱՆ