Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը հաջող է հանդես գալիս: Մեր տղաներից երեքը արդեն բարձրացել է պատվո պատվանդան, եւս չորսը պայքարը շարունակում է մեդալի համար:
Մեկնարկային օրը մրցագորգ մտած մեր ըմբիշներից Հայկ Պապիկյանը արծաթե մեդալ է նվաճել 70 կգ քաշային կարգում: Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել գերծանր քաշային կարգում: Կիսաեզրափակչում Մարտին Սիմոնյանը պարտվել էր ուկրաինացուն եւ վերջինը եզրափակչում գոտեմարտելու է բուլղարացու հետ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, կիսաեզրափակչի մյուս մենամարտի վերջում ադրբեջանցու եւ վրացու միջեւ ծեծկռտուք է սկսվել: Երկուսն էլ որակազրկվել են եւ հայ ըմբիշը անցել է կիսաեզրափակիչ, որտեղ հասկանալի է վրացուն չի թույլատրվել մրցագորգ բարձրանալ: Հետեւաբար, բրոնզե մեդալը բաժին է հասել Մարտին Սիմոնյանին:
Երրորդ մրցանակային տեղի համար սկզբունքային գոտեմարտ է ընթացել 57 կգ քաշային կարգում, որտեղ մեր Էդիկ Հարությունյանի մրցակիցը ադրբեջանցի Նուրադդին Նովրուզովն է եղել: Հայաստանցին ամբողջ գոտեմարտի ընթացքում մեծ առավելություն ուներ ու ամեն ինչ գնում էր նրան, որ գոտեմարտը ժամանակից շուտ է ավարտվելու: Առաջին մրցափուլում, երբ Էդիկն առջեւում էր 7:2 հաշվով, ադրբեջանցին փորձել է չթույլատրվող գործողությամբ վնասել Էդիկի ոտքը, սակայն գորգի եւ կողային մրցավարները հասցրել են կանխել: Բարեբախտաբար, վնասվածք չի եղել եւ հայ ըմբիշը արդեն երկրորդ մրցափուլի առաջին իսկ վայրկյաններին հաշիվը դարձրել է 13:2 եւ ժամանակից շուտ բացահայտ առավելությամբ հաղթանակ է տարել:
Կարդացեք նաև
Այսպիսով, առաջին օրվանից հետո Հայաստանի հավաքականը ունի մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ:
Այսօր 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը եւ 86 կգ՝ Կնյազ Իբոյանը գոտեմարտելու են չեմպիոնական ոսկու համար, իսկ Մենուա Յարիբեկյանը՝ 74 կգ եւ Սերգեյ Սարգսյանը՝ 92 կգ, սփոփիչ գոտեմարտ են անցկացնելու, որը հաղթահարելու դեպքում կպայքարեն արդեն բրոնզե մեդալի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ