Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի նախագահը կամա-ակամա նպաստում է առնվազն մարդկանց խոսույթի մեջ հանձնվողական թեզերի գեներացմանը․ «Հայացք Երևանից»

Մարտ 19,2023 14:24

«Հայացք Երևանից»-Արցախի, հետեւապես եւ նրա ղեկավարների նկատմամբ հայ լրագրողական միտքը միշտ առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել եւ ունի՝ սեր, գորովանք, ուշադրություն, ինչպես սովորաբար լինում է ընտանիքի ամենակրտսերի հանդեպ: Նախորդ երեք նախագահները, հուրախություն հայության, ազգային ու պետական մտածողությամբ օժտված գործիչներ էին եւ, չհաշված տարակերպ սայթաքումներն ու բացթողումները, Արցախի հարցում մնացին ձիգ ու անդրդվելի՝ խորապես գիտակցելով, որ Արցախը մեր ազգի «կարմիր գիծն» է եւ նրա պատմական ժառանգության անսակարկելի մասունքը:

Գործող նախագահի՝ Արայիկ Հարությունյանի պարագան մի փոքր տարբեր է: Նրա բախտը, կարելի է ասել, չբերեց. կառավարման մեկնարկային շրջանը` 2020-ը, զուգադիպեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետ, որն աղետաբեր եղավ ոչ միայն ԼՂՀ-ի, այլեւ Հայաստանի համար, որտեղ 2018-ին՝ չարաշահելով ժողովրդի վստահությունը, իշխանության էին եկել ապազգային տարրեր: Նրանց գլխավոր առաքելությունը, ինչպես պարզվեց հետո, Արցախը թշնամուն հանձնելն էր, իսկ ՀՀ-ի շուրջ թուրք-ադրբեջանական օղակը հնարավորինս ամուր սեղմելը: Այդ երկու ուղղությամբ էլ Փաշինյանի ազգադավ իշխանությունը հասարակության լուռ ու անտարբեր հայացքի ներքո «փայլուն» արդյունքներ գրանցեց եւ դեռ շարունակում է գրանցել:

Հետպատերազմական մոտ երկուսուկես տարին Հայաստանի եւ, հատկապես, Արցախի համար ծանրագույն շրջան էր՝ ընդհուպ մինչեւ 2022թ. դեկտեմբերի 12-ից այսկողմ Բերձորի միջանցքի՝ Արցախի «կյանքի ճանապարհի» լիակատար շրջափակումը ադրբեջանցի «բնապահպանների» կողմից: Այս ամբողջ ընթացքում Արցախի, ինչպես ասում են, «մազից կախված» առաջնորդի համար դժվար է ձերբազատվել Փաշինյանի ստվերից, այսինքն՝ չենթարկվել նրա կամքին կամ ինքնագլուխ որոշումներ կայացնել: Մյուս կողմից էլ՝ նա չի կարող անտեսել իրեն ընտրող քաղաքացիների խնդիրներն ու մտահոգությունները, հույզերն ու ակնկալիքները: Մանավանդ՝ պաշարման այս դաժան օրերին:

Անապահով ներկա եւ անորոշ ապագա ունեցող, հուսաբեկ արցախցին ուզում է, որ իր ղեկավարը կանգնի ժողովրդի կողքին, դառնա Արցախի անկախության ճանաչման՝ միջազգային հարթակներում արդեն կազմավորված գաղափարի պահանջատերը: ՀՀ գործող իշխանությունն, ընդհակառակն, Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում եւ ԼՂՀ իշխանություններին եւս ստիպում է այդ շրջանակից դուրս ինքնագործունեությամբ չզբաղվել: Եվ Արայիկ Հարությունյանը՝ լինելով էությամբ թուլակամ անձնավորություն, հայտնվում է երկու «կրակի» արանքում: Սեփական աթոռի պահպանման սիրույն՝ նա չի կարող գժտվել հայաստանյան իշխանությունների հետ, բայցեւ չի կարող «նեղացնել» իր ներունակ ընտրողին, ընկնել նրա աչքից:

Ի՞նչ անել: Մնում է մի պարզ, բայց անպատվաբեր ճանապարհ՝ որդեգրել կողմերի միջեւ խուսանավելու, այլ կերպ ասած՝ երկդիմի խաղականոն բանեցնելու գործելակերպը, որը բնորոշ է թույլ, հաստատուն սկզբունքներից զուրկ անձանց: Երկդիմության թելադրանքով գործող մարդը հանդես է գալիս միաժամանակ երկու կերպարանքի տակ եւ երկու ուղղությամբ էլ «հաջողելու» համար շատ հաճախ ստիպված է լինում դիմել ստերի, մանիպուլյատիվ միջոցների ու խարդավանքների: Նման գործելաոճը, ի դեպ, հատուկ է նաեւ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձին, որը չի խորշում նույն թեմայի շրջանակում Բրյուսելում ասել մեկ բան, Մոսկվայում՝ մեկ այլ, իսկ Վաշինգտոնում կամ Պրահայում՝ բոլորովին նորը:

Արցախի նախագահի երկդիմության տեխնոլոգիաներն այնքան կատարելագործված չեն միջազգային ասպարեզ արտահանելու համար, սակայն տեղային մակարդակում կարող են բավականաչափ արդյունավետ աշխատել: Եվ Արայիկ Հարությունյանը որոշում է օգտվել այդ գործիքակազմից: Առաջին փորձը, միգուցեեւ, տարիների վաղեմություն ունի, բայց տողերիս հեղինակն այն բոլորովին նորերս է նկատել եւ, առանց որեւէ դիտավորության, ցանկանում է այդ մասին բարձրաձայնել, քանի որ Արցախը բոլորիս կյանքում առանձնահատուկ տեղ ունի (տես՝ հոդվածի առաջին պարբերությունը-Գ.Բ.): Այն անանց արժեք է, եւ վեր է ամեն ինչից, առավել եւս՝ եկող-գնացող կառավարողներից:

Երեսպաշտության մասով վերն արված նկարագրությունը հիմնավորելու համար պետք չէ հեռու գնալ: Բավական է աչքի անցկացնել Արցախի անվտանգության խորհրդի մարտի 6-ի ընդլայնված նիստում Հարությունյանի ելույթը, որտեղ խոսվում է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտին փոխանցված առաջարկության մասին, որն ավելի շուտ վերջնագիր է հիշեցնում: Դրանում ասված է. «…Կամ ընդունում եք ինտեգրման քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որեւէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ ու կտրուկ քայլեր»: Բայց ամենահետաքրքիրը Արցախի ղեկավարի արձագանքն է ադրբեջանական կողմի, ըստ էության, վերջնագրին:

«Մենք ընտրում ենք՝ կամ շարունակել պայքարը, որն ընտրել ենք, կամ, եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել եւ ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձեւավորել այդ տրամադրությունները, երկրում ձեւավորել նոր իշխանություն»,- ԱԽ նիստում հայտարարել է Արցախի նախագահը՝ հորդորելով առաջին հերթին հարգել պայքարի ճանապարհն ընտրած մեծամասնության որոշումը, քանի որ նրանք իրենց ընտրությունն արդեն կատարել են:

Քաղաքական եւ փորձագիտական տարբեր շրջանակների գնահատմամբ՝ Հարությունյանի այս հայտարարությունը խիստ վտանգավոր է: Բանն այն է, որ սրանով Արցախի նախագահը կամա-ակամա նպաստում է առնվազն մարդկանց խոսույթի մեջ հանձնվողական թեզերի գեներացմանը: Ձեւակերպումն ակնհայտորեն լղոզված է: Եթե ասվում է. «Մենք ընտրում ենք՝ կամ շարունակել պայքարը, կամ…», այս «կամ»-ից հետո եկող միտքը թուլացնում, ջլատում է պայքարի ոգին, մանավանդ որ «պայքարին» որպես այլընտրանք՝ բերվում է «հանրության մեջ» ենթագիտակցորեն սերմանվող պարտվողական տրամադրությունների առկայությունը: Ձեւակերպման հեղինակը, որ շարքային մեկը չէ, նույնիսկ հանրության մեջ առկա ադրբեջանանպաստ տրամադրությունները ձեւավորելու քայլ է հուշում:

Բերված օրինակում, անշուշտ, կան երկդիմության տարրեր. մեծամասնություն կազմող քաղաքացիներին Հարությունյանը վստահեցնում է, թե «մենք ընտրում ենք պայքարի ճանապարհը», «մենք ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու» եւ այլն, իսկ որպես ՀՀ բարձրագույն իշխանության ականջին հաճո լսելիք՝ առանձնացնում է «հանրության մեջ առկա» այն տրամադրությունների գեներացումը, որոնք համահունչ են ինտեգրման վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկությանը: Հայտարարության՝ «Մենք ընտրում ենք…» խոսքում անորոշ է, թե ովքեր են այդ «մենքը», իսկ «հանրության մեջ» Ադրբեջանի առաջարկության ենթադրյալ կողմնակիցներին ուղղված հորդորը, թե առաջին հերթին պետք է հարգել պայքարի ճանապարհն ընտրածների որոշումը, կեղծ է հնչում:

Երկդիմի խաղերի դասական օրինակ կարող է ծառայել հայտնի գործարար եւ հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարար նշանակելու եւ մի քանի ամիս անց նրան պաշտոնից ազատելու հետ կապված ողջ գործընթացը: Հիմքեր չկան չհավատալու մոսկվայաբնակ հայ մեծահարուստի անկեղծությանը, որը դուրս էր եկել Ռուսաստանի քաղաքացիությունից եւ վերադարձել Արցախ՝ ազգանպաստ մի շարք ծրագրերով օգտակար լինելու ծանր վիճակում գտնվող հայրենակիցներին: Հարությունյանը բազմիցս խոստովանել է, որ Ռուբեն Վարդանյանն իր ամենամտերիմ ընկերներից է, ազնիվ ու անկաշառ մարդ, բարեգործ ու ազգի նվիրյալ: Բայց Ալիեւի միջնորդավորված պահանջից հաշվված օրեր անց նրան ազատեց պետնախարարի պաշտոնից:

Հանրության մեջ խորքային համոզմունք կա, որ Արցախի նախագահը 44-օրյա պատերազմի հանգամանքներին առնչվող շատ գաղտնիքների, մութ պատմությունների է տիրապետում, սակայն լռում է: Նա լավ գիտի, որ պատերազմի ընթացքում դավադրություններ են տեղի ունեցել, գիտի՝ ովքեր են պարտության գլխավոր մեղավորները եւ այլն: Այդ մասին մամուլը՝ ի մասնավորի 168.am-ը, բազմիցս գրել է, ինչը ոչ մի անգամ չի հերքվել: Շատերը համոզված են, որ Արցախի նախագահը «պորտալարով» կապված է Նիկոլ Փաշինյանի հետ, որի գործուն աջակցությամբ նա 2020-ի մայիսին եկել էր իշխանության, իսկ արցախյան վերջին պատերազմի տխրահամբավ ելքը միասին էին որոշել:

Արցախի նախագահի պաշտոնում գործունեության առաջին օրվանից Հարությունյանն իրեն պարտավորված է զգացել ՀՀ վարչապետի հանդեպ: Դեռեւս 2019թ. նոյեմբերի 10-ին՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարի օրը, իր ղեկավարած քաղաքական ուժի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում մեծ դրվատանքով էր փոխհատուցել Փաշինյանի քաղաքական հովանավորչության դիմաց: «Բոլոր այն ուժերը, որոնք ապակողմնորոշում են հանրությանը, թե ՀՀ իշխանությունները, մանավանդ վարչապետը, ծախում են կամ հանձնում են [Արցախը], դավադիր ուժեր են»,- ասել է նա:

Շատ կուզենայի այսօր՝ գրեթե երեքեւկես տարի անց, կանգնել Արցախի նախագահի դեմ-դիմաց, ուղիղ նայել նրա աչքերի մեջ ու հարցնել. «Հիմա ո՞վ է դավադիր ուժը, հարգելի պարոն Հարությունյան»: Համոզված եմ՝ նա չի կարմրի: Թերեւս՝ այսպիսի դեպքերի համար է հայոց պատմության խորքերից մեզ հասած իմաստնությունը. «Նման զնմանն գտանէ»:

 

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031