Լրահոս
Օրվա լրահոսը

Գարիկ Գեւորգյան. «Մենք հանդիպեցնում ենք տեղի եւ դրսի բրենդներին»

Մարտ 18,2023 23:43

Մեկ տարի առաջ Ռուբեն Վարդանյանի անմիջական աջակցությամբ Հայաստանում հիմնադրված Move2Armenia կազմակերպությունը Մաշտոցի պողոտայի միջնահատվածում գտնվող Դիանա Աբգար զբոսայգում հերթական նախաձեռնությունն է հանդես բերել, որը տեւելու է երկու օր՝ մարտի 18-ին եւ 19-ին:

Կազմակերպությունը օգնում է ադապտացվել այն մարդկանց, որոնք տեղափոխվել են Հայաստան կամ պատրաստվում են դա անել: Move2Armenia կազմակերպության համահիմնադիր Գարիկ Գեւորգյանն Aravot.am-ին ասաց, որ այս անգամ նախաձեռնությունը կոչվում է Move2Armenia Market: «Բայց սա ավելի շատ տոնավաճառ է, որտեղ ներկայացված են տարբեր տեղային եւ դրսից եկած բրենդներ, որոնք այստեղ հնարավորություն են ստանում ներկայանալ եւ մեծ շրջանակներում ճանաչում ստանալ: Այս նախաձեռնության երկու օրում վստահ եմ, որ մի քանի հազար մարդ կայցելի:

Մենք ունենք մի քանի նոր նախաձեռնություններ: Մասնավորապես, տարածքի աջ հատվածում, կարող եք ինքներդ նայել,  ֆուդ կորտ կա այն մարդկանց համար, որոնք ուզում են սննդի կազմակերպման ոլորտում քայլ անել՝ սրճարան, ռեստորան բացել, սակայն հնարավորություն չունեն, կամ ցանկանում են տեսնել, թե դա ոնց կաշխատի: Այս հարթակն իրենց այդպիսի հնարավորություն տալիս է: Տեսեք՝ ինչ աշխուժություն է: Մեր նպատակն էլ ոչ թե նրանց իրենց արտադրանքը մեկ-երկու օր վաճառելու հնարավորություն տալն է, այլ այդպիսի անհատներին աջակցելը PR-ով, մարքեթինգով, նրանց միմյանց հետ ծանոթացնելը, նաեւ խորհրդատվական, իրավաբանական եւ այլ ծառայություններ մատուցելը:

Այսօր ներկայացված են տեղային եւ դրսի հարյուրից ավելի բրենդներ: Բայց ցանկացողների քանակն ավելի շատ է: Այսօր ինձ մոտենում էին անձինք, որոնք չէին հասցրել ժամանակին կողմնորոշվել, գրանցվել եւ խնդրում էին, որպեսզի ընթացքում միանալու հնարավորություն ընձեռենք: Բայց քանի որ տարածքը հատկացրել է քաղաքապետարանը եւ բոլոր մանրամասները ճշտված ու պայմանավորված են նախապես, ստիպված էինք մերժել: Ընդ որում, խոսքը ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչների մասին է»:

Գարիկ Գեւորգյանը մեզ պատմեց նաեւ  իրենց նոր նախաձեռնությունների մասին: « Անցած տարի կազմակերպել էինք Move2Gyumri-ն, որը հաջողություն ունեցավ: Այս տարի ծրագրել ենք այն տանել նաեւ այլ քաղաքներ: Իսկ ամռանը գործարկելու ենք մի հավելված, որը նման է լինելու Հայաստանի մասին օնլայն գիդի: Այն մի յուրատեսակ կատալոգ է, որը պարունակելու է բրենդների վերաբերյալ համապարփակ տեղեկություններ: Այն նաեւ տալու է Հայաստանի եւ նրա հետ առնչվող բազմաթիվ հարցերի պատասխաններ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031