Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու տարի է՝ վրեքս գրում եք, գնացեք, հանգիստ աշխատեք էլի»․ Շիրակի փոխմարզպետը՝ Ախուրյանի համայնքի իշխանավորներին

Մարտ 18,2023 21:02

Տեղեկացրել ենք, որ երկու օր առաջ միջադեպ էր տեղի ունեցել Ախուրյանում․ ոստիկաններն ավագանու նիստից՝ 2022 թվականի բյուջեի նախագիծը հաստատելուց առաջ, շրջափակել էին Ախուրյանի համայնքապետարանի շենքը՝ փորձելով բերման ենթարկել ավագանու անդամներից մեկին։

Ախուրյանի փոխհամայնքապետ Վարդան Իկիլիկյանի ասելով, ՔՊ-ականները, մարդ բռնելով, փորձել են իշխանափոխություն անել Ախուրյանում։

Նրա մեկնաբանմամբ, փորձել են մեկուսացնել տալ ավագանու անդամին, որպեսզի քվորում չապահովվի, փաստաթուղթը չհաստատվի և առաջ քաշեն դաշնակցական համայնքապետ Արծրուն Իգիթյանին անվստահություն հայտնելու հարցը։

Ըստ Վարդան Իկիլիկյանի, ՔՊ-ականները իշխանափոխություն փորձել են  կատարել նաև դեկտեմբերի վերջ, երբ քննարկվում էր բյուջեի նախագիծը։

Մեր զրուցակցի պարզաբանմամբ, ավագանու անդամը կարողացել է զարտուղի ճանապարհով հասնել համայնքապետարան՝ մասնակցել նիստի, նրա փաստաբանին են հրավիրել, որը և ահազանգել է ՀՀ մարդու իրավունքների գրասենյակ։ Դրանից հետո նոր միայն, ըստ մեր զրուցակցի, ոստիկանները հեռացել են՝ գիտակցելով, որ իրենք ապօրինություն են կատարում ու մեծ պատմություն է բացվելու։

Aravot.am-ն այս թեմայի շուրջ պարզաբանումներ ստացավ նաև Ախուրյանի ՔՊ խմբակցության ղեկավար, Շիրակի փոխմարզպետ Ալբերտ Այվազյանից։

Ալբերտ Այվազյանն ասաց․ «Ախուրյանում իշխանափոխության փորձ չի արվել, հենց իրենք են կազմակերպել այդ ամենը, դիտավորյալ են սարքել, ոստիկաններին հրավիրել են, որպեսզի ցեխ շպրտեն մեր վրա։  Մենք ոստիկանական համակարգին չենք դիմել, ոչ մի անգամ ոստիկանությանը չենք դիմել մինչև օրս, չենք էլ դիմելու, եթե ուզենք մի բան անել, մենք մեզնով կանենք՝ առանց ոստիկանների օգնության։ Ոստիկանությանը իրենք են կանչել, որպեսզի սխալ-սուտ տեղեկություններ տարածեն։ Իրենք՝ երեքն էլ սովոր են ոստիկանության հետ աշխատելու (ի նկատի ունի Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանին ու նրա երկու տեղակալներին՝ Վարդան Իկիլիկյանին ու Կարեն Արշակյանին հեղ․)։ Ոստիկանության հետ կյանքներիս մեջ ո՛չ աշխատել ենք, ո՛չ էլ ուզում ենք աշխատել կյանքներիս վերջին տարիներին։

Եթե իրենց 14 անդամները միաձայն են, մենք ո՞նց կարող ենք համայնքի ղեկավարին հանել։ Նրանք 14 հոգի են, մենք 13, եթե մենք կարողանայինք հաղթել իրենց, էն ժամանակ իշխանության կգայինք։ Իրենց աշխատանքներին մինչև այսօր ոչ մի անգամ չենք խանգարել, ոչ մի անգամ չենք միջամտել, ոչ մի անգամ չենք միջնորդել, իրենց նկատմամբ ոչ մի բան չենք արել, առավելագույնս ոստիկանական ուժերի միջոցով։

Նման բան մենք չենք փորձել ու հաստատ չենք փորձելու անել։ Իսկ թե ոստիկանական ուժերը ինչպես են այնտեղ հայտնվել, մեր խմբակցությունը դրանից տեղեկություն չունի»։

Մենք փոխանցեցինք Ախուրյանի փոխհամայնքապետ Վարդան Իկիլիկյանի խոսքերը, թե ՔՊ խմբակցությունը որևէ նախագիծ ներկայացրած չկա, փոխարենը միայն փորձում է խանգարել համայնքապետարանի աշխատանքը։

«Նախագծեր ներկայացրել ենք, բայց մեր նախագծերը երբևէ չեն ընդունվել, որովհետև ինչքան նախագիծ տանում ենք, իրենք 14 հոգի են, մենք 13, մերժում են։ Մերը չի անցնում, 100 հատ նախագիծ ենք տարել, 100 հատ հարց ենք ուզել օրակարգ մտցնել, ոչ մի անգամ մեզ չի հաջողվել։ Երբ քվեարկության են դնում, 14 հոգին դեմ են քվեարկում, 13 հոգին՝ կողմ ու չի անցնում։ Մենք մինչև էսօր բողոքե՞լ ենք, որ իրենք են էդպես բողոքում, ինչ են երեքով ընկել մարգերի օլորը, ինչի՞ են խառնվել իրար։ Գնացե՛ք աշխատեք, ո՞վ է ձեզ բռնել։ Մինչև հիմա տեսե՞լ եք, որ մենք ելնենք, մի վատ բան անենք կամ դիմենք ձեզ՝ «Առավոտի» խմբագրությանը կամ օրգանի աշխատակիցներին, թե էսպիսի բան կա, իսկ իրենք այս երկու տարվա ընթացքում մեռան մեր վրա գրելով ու գրելով։

Մի հատ «Լեքսուս» ինձ տվեցին, եղավ 1,5 տարի լրատվամիջոցների էջերից չեմ իջնում, վերջը գցեցի, ասի՝ ձեզ լինի, պրծա, հիմա էլ ուրիշ թեմա են օրակարգ բերել»,-վրդովվեց Ալբերտ Այվազյանը։

Ալբերտ Այվազյանից հետաքրքրվեցինք՝ մի՞թե ՔՊ խմբակցության ցուցակի երկրորդ համարին՝ Զավեն Մանուկյանին պիտի դարձնեք Ախուրյանի համայնքապետ, հենց նրա անունն է շոշափվում։

«Մենք նման բան չենք որոշել, իսկ եթե Զավեն Մանուկյանի մտքին նման բան կա, այդ հարցի պատասխանը խնդրում եմ իրենից իմացեք»,-ասաց մեր զրուցակիցը։

ՔՊ խմբակցության ղեկավարից ճշտեցինք, թե դեկտեմբերին դարձյալ փորձ չե՞ք կատարել իշխանափոխության, երբ բյուջեի նախագիծն է քննարկվել։ Ասացինք՝  դուք, ըստ Վարդան Իկիլիկյանի, դեմ եք քվեարկել՝ հայտարարելով, որ ձեզ վարչական ղեկավարների պաշտոններ չեն տվել։

«Բյուջեի նախագիծը քննարկվել է երկու անգամ, մի անգամ դեկտեմբերի 20-ին, մյուս անգամ դեկտեմբերի 26-ին։ Դեկտեմբերի 20-ին մենք նիստին մասնակցել, դեմ ենք քվեարկել, բյուջեի նախագիծը չի ընդունվել, իրենցից էլ են դեմ քվեարկողներ եղել։ Բյուջեի նախագիծը չի անցել, վեց օր հետո իրենք նորից դրել են նոր քվեարկման, այդ անգամ չենք մասնակցել, որովհետև մենք մեր կարծիքն առաջին քննարկման ժամանակ արտահայտել ենք։ Իմաստը ո՞րն էր նորից երկրորդ անգամ քննարկելու։

Ես երբեք չեմ ասել, թե երկու հատ վարչական ղեկավարի պաշտոն չտվեցիք, դրա համար եմ դեմ քվեարկում։ Մենք ասել ենք՝ թողել ենք ձեզ, որ համայնքն ինքնուրույն ղեկավարեք, մեզ նույնիսկ երկու հատ վարչական էլ մեզ չեք տվել, 49 տոկոս հավաքած քաղաքական ուժին ոչ մի հատ պաշտոն չտվեցիք, նույնիսկ չառաջարկեցիք, մենք էլ չենք խնդրել։

Նման բան չի եղել, իրենց պաշտոնները թող մնա իրենց՝ Իգիթյանին, Իկիլիկյանին, Արշակյանին, թող կշտանան։

Գիտեք ժողովրդական մի ասացվածք կա, չեմ ուզում էթիկան անցնեմ, բայց ստիպված եմ մեջբերել ու խնդրում եմ պարտադիր գրեք՝  բ․-երն ու գողերը գիտեն՝ բոլոր մարդիկ այդպիսին են։

Վարդան Իկիլիկյանը 20 տարի աշխատում է, գիտեմ, չգիտեմ ինքն ու Ազատանի նախկին համայնքապետ Կարուշ Ազատյանը իրա վրա գրել են․ Արշակյան Կարենը ում վրա ասես չի գրում, ով չգիտի, որ նրանք երկուսն էլ  գրող են, բայց մենք գրող չենք։ Լավ Կարուշն էր վատ, Վարդանը Իկիլիկյան գրում էր վրան, հիմի մենք էլ ենք վա՞տ, որ գրում է, ամոթ չէ՞»։

Մենք Ալբերտ Այվազյանին փոխանցեցինք նաև Վարդան Իկիլիկյանի այն խոսքերը, թե գյուղերում, այդ թվում Ալբերտ Այվազյանի կառավարած Առափիում «մեղք» վիճակ է, գյուղերը ծանր սոցիալական խնդիրների մեջ են, մինչդեռ ՔՊ խմբակցությունը զբաղված է սեփական քաղաքական խաղերով։

«Եթե ես վատ աշխատեի, Առափիի ժողովուրդը ինձ չէին ընտրի համայնքապետ, եթե Իկիլիկյան Վարդանը կարող է գնալ ժողովրդից ծնկաչոք ձայն խնդրի, Այվազյան Ալբերտը 7-8 անգամ ընտրվել է Առափիում, ոչ մի անգամ ոչ մի առափեցու չի խնդրել, թե ինձ ձայն տվեք։

Կարող եք մտնել գյուղ, ժողովրդին հարցնել, Այվազյան Ալբերտը եթե վատ մարդ լիներ ու վատ աշխատեր, լավ մի անգամ սխալվեցին առափեցիք, երկու անգամ սխալվեցին, հո մյուս անգամներ էլ չսխալվեցին։ Մյուս անգամ էլ, որ դնեմ թեկնածուն, գյուղացիները կքվեարկեն իմ օգտին, դա Այվազյան Ալբերտի աշխատանքի գնահատականն է։

Իմ գնահատականը դա է, մնացածի գնահատականը ինձ համար երկրորդական է։ Առափեցիներն էլ խոստացել են մի հասարակական զուգարան սարքել 1,3 տարի առաջ, ո՞ւր է զուգարանը։ Իբրև թե առափեցիները զուգարան են ուզել, ես 30 տարվա ընթացքում չեմ սարքել, հիմի իրենք խոստացել են, ո՞ւր է խոստումը։

Ես գտել եմ, որ պետք չէ հասարակական զուգարան սարքել, այդպես եմ հարմար գտել, որովհետև անկառավարելի կլիներ, իրենք հիմա կարող են կառավարել այդ զուգարանի աշխատանքները, թող սարքեն, կառավարեն, ի՞նչ է եղել, ո՞վ է իրենց ձեռքը բռնել, որ չեն սարքում։ Կամ լավ՝ Առափիում ողբերգական վիճակ է, եղավ  1,3 տարի իրենք համայնքի ղեկավար են, Առափի գյուղում մի կոպեկի ներդրում արե՞լ են այդ 1,3 տարվա ընթացքում։

Իսկ Առափիի բնակիչները պարտաճանաչ ժողովուրդ են, տեղական եկամուտները հավաքագրում են, բնակավայրերի մեջ ամենաբարձրն է իրենց հավաքագրածը։

Հպարտ եմ․ դա Այվազյան Ալբերտի նախկին տարիների աշխատանքի արդյունքն է, որ իր ժողովրդին այդպես  է սովորեցրել, որ Հայաստանի քաղաքացին պարտավոր է իր հարկային պարտավորությունները կատարելու, ո՞չ Վարդանի նման եմ եղել, ո՛չ էլ Իգիթյան Արծունի, ոչ էլ Արշակյանի, ասեք, հերիք է՝ մի գրեք, գնացեք, ձեր համար հանգիստ ապրեք»,-եզրափակեց Ալբերտ Այվազյանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031