Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածի՛ր ապատեղեկատվություն, որպեսզի զոհ երևաս

Մարտ 18,2023 20:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սեպտեմբերին ապատեղեկատվություն տարածելով՝ Բաքուն մեկ գլխավոր նպատակ ուներ. աշխարհին ցուցադրել, թե Հայաստանը ամեն օր խախտում է հրադադարը, իսկ երբ արդեն Ադրբեջանը կսկսեր հարձակումը, կհայտարարեր, որ սա երկար մտածված հայկական հարձակում է Ադրբեջանի դեմ:

Մարտի 6-ից սկսած գրեթե ամենօրյա ռեժիմով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածում, թե իբր Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ մարտի 9-ին և 13-ին հենց ադրբեջանական ստորաբաժանումները կրակ բացեցին հայկական դիրքերի վրա: Հրադադարի խախտումների մասին կեղծ լուրեր Ադրբեջանը տարածում է նաև Արցախի մասով, իսկ պարբերական սադրանքներն ու մտածված հարձակումները նույնպես շարունակական են:

Այս պատկերը ակամայից հիշեցնում է 2022 թվականի սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիային նախորդած ժամանակաշրջանը: Սեպտեմբերի 2-ից՝ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի, Շարլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումից օրեր անց, Ադրբեջանի բանակը սկսեց ոչ միայն հայկական կողմին անհիմն մեղադրել ադրբեջանական տեղակայումների վրա կրակ բացելու մեջ, այլ սկսեց դիմել պարբերական սադրանքների, որի արդյունքում սեպտեմբերի 6-ին զոհվեց ժամկետային զինծառայող: 10 օր անց՝ սեպտեմբերի 13-ին սկսվեց Բաքվի լայնամասշտաբ հարձակումը Հայաստանի նկտմամբ: Հակառակորդն օկուպացրեց ՀՀ ինքնիշխան տարածքներ:

Սեպտեմբերին ապատեղեկատվություն տարածելով Բաքուն մեկ գլխավոր նպատակ ուներ. աշխարհին ցուցադրել, թե Հայաստանը ամեն օր խախտում է հրադադարը, իսկ երբ արդեն Ադրբեջանը կսկսեր հարձակումը, կհայտարարեր, որ սա երկար մտածված հայկական հարձակում է Ադրբեջանի դեմ:

Արդյոք այս օրերին ապատեղեկատվություն տարածելով Ադրբեջանը նո/ւյն նպատակն է հետապնդում: Հստակ պատասխան չկա, բայց հայաստանյան մի շարք պաշտոնական աղբյուրներ հայտնում են, որ հակառակորդը ինչ-որ բանի է նախապատրաստվում:

Մարտի 16-ին Անկարայում Իլհամ Ալիևի՝ «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը կիրառող ելույթը Երևանը համարում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա հարձակում նախապատրաստելու իրեղեն ապացույց: Այսպիսի հայտարարությամբ երեկ հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը և դիմելու լայնածավալ ուժի կիրառման ինչպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ,» – ընդգծվում է ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարությունում:

Մարտի 14-ի մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական նոր ագրեսիայի հավանականությունը բարձր համարեց:

«Ես կարծում եմ, որ այո՝ հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը, և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում,» – շեշտում էր վարչապետ Փաշինյանը:

Փետրվարին առնվազն 2 անգամ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ չի բացառում էսկալացիայի հնարավորությունը:

Խորվաթ գործընկերոջ հետ երևանյան հանդիպմանը հաջորդած մամուլի համար նախատեսված հայտարարության մեջ նախարար Միրզոյանը նշել է. «Ցավով պետք է արձանագրեմ, որ ի հակառակ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ տարածաշրջանում անվտանգային մթնոլորտը շարունակում է մնալ լարված և փխրուն, զգալի է նոր էսկալացիայի հավանականությունը»:

Մարտի 15-ին Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորր, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից փորձեց ճշտել՝ արդյո՞ք Ադրբեջանի զինված ուժերի կուտակումներ են արձանագրվել Ջերմուկում: Թեև նախարարը պատասխանեց ընդդիմադիր պատգամավորի՝ բանակային կահավորման մասին հարցին, նա անպատասխան թողեց կուտակումների հետ կապված հարցը: Բարձրախոսն անջատելուց հետո, երբ նախարարի տեղակալը նախարար Պապիկյանին հիշեցրեց, որ կուտակումների թեմային չի անդրադարձել, նա ասաց. «Էսկալացիային կանդրադառնամ վերջում, (նիստի) փակ հատվածում…»:

 

Սահմանային սպառնալիքների ֆոնին օրեցօր ահագնանում է նաև հումանիտար ճգնաժամն Արցախում: Հայաստանի համար Բաքվի ռեժիմի առավելապաշտությունն ու ցեղասպանական նկրտումները, թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նոր բացահայտում չեն: Հայաստանը, բնականաբար, միշտ խաղաղության է ձգտել: Այստեղ տեղին է հիշել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի խոսքերը. «Ցավալի փաստ է, բայց խաղաղությունը ձեռք է բերվում միայն երբ պատրաստ ես պատերազմելուն»:

Եվրոպական Միության առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում, իհարկե, կարելի է հուսադրող քայլ որակել Հայաստանի անվտանգության համար, բայց պետք չէ մոռանալ նաև այն, որ Բաքուն Եվրոպական Միության համար «հուսալի գործընկեր է»:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031