Մարտից 16-ից մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը, որի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն է ունի ունկնդրելու, ինչպես նաև ճանաչելու հայ կոմպոզիտորներին և նրանց ստեղծագործությունները։ Այս տարվա փառատոնը առանձնանում է մյուսներից, քանի որ համերգների ընթացքում ունկնդիրների դատին կներկայացվեն նաև հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նշենք նաև, որ 2022-ից սկսած Սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը փառատոնը անցկացնում են համատեղ։
Մարտի 16-ին նվագախմբի հետ ելույթ ունեցավ դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը, իսկ համերգը ղեկավարեց դիրիժոր Ռեմի Դյուրուն։ Համերգի ծրագրում տեղ էին գտել Ժիրայր Շահրիմանյանի թիվ 1 սիմֆոնիան ՝ նվիրված Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, Նորայր Հարությունյանի Կոնցերտինոն դաշնամուրի և նվագախմբի համար Հարություն Դելալյանի «Մահ» սիմֆոնիկ պոեմը։
Փառատոնի մյուս համերգը կկայանա ապրիլի 17-ին, որի ընթացքում նվագախմբի հետ հանդես կգան թավջութակահար Դավիթ Եժեվը և դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։ Ծրագրում կհնչեն Դավիթ Սաքոյանի Պասկալիա և ֆուգա թիվ 2 սիմֆոնիկ նվագախմբի համար, Արամ Սաթյանի Թավջութակի կոնցերտը, ինչպես նաև Ջիվան Տեր-Թադևոսյանի Սիմֆոնիա թիվ 5 «Պագանինի» (Սիմֆոնիան նվիրված է Դմիտրի Շոստակովիչին)։
Իսկ ապրիլի 20-ին՝ փառատոնի փակման համերգի ժամանակ կհնչեն Տիգրան Մանսուրյանի Թավջութակի կոնցերտ թիվ 1 (Կոնցերտը նվիրված է Դմիտրի Շոստակովիչի հիշատակին), Սուրեն Զաքարյանի «Monograph» թավջութակի և կամերային նվագախմբի համար և Գրիգոր Եղիազարյանի Հատվածներ «Սևան» բալետից։ Երեկոյի ընթացքում ելույթ կունենա թավջութակահար Լևոն Մուրադյանը, իսկ համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Կարդացեք նաև
Անահիտ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ