Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Ես տվել եմ ինձ ՄԻՊ թեկնածու առաջադրելու համաձայնությունը»

Մարտ 18,2023 17:47

Երեկ Aravot.am-ը հրապարակել էր, որ իր տեղեկություններով «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը դիմել է ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններին, որպեսզի վերջինները քննարկեն եւ ՀՀ ՄԻՊ պաշտոնում առաջադրեն հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանորդ եւ լիազոր դեսպան, տ.գ.թ., դոցենտ Էդգար Ղազարյանի թեկնածությունը:

Էդգար Ղազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկության իսկությունը, ապա պատասխանեց մեր հարցերին:

-«Միասին» շարժումը հարցը ձեզ հետ քննարկել եւ ձեր համաձայնությունը ստացե՞լ է:

-Նախ ասեմ, որ օրենքով սահմանված ժամկետներն անցնելուց հետո ԱԺ ոչ մի խմբակցություն չի առաջադրել ՄԻՊ թեկնածու: Այդ հարցին անդրադարձ եղել է եւ այն քննարկվել է «Միասին» նախաձեռնության խորհրդի քննարկումներից մեկի ժամանակ: Գաղափար է եղել, որ դիմեն ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքներին, որովհետեւ ըստ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի, միայն ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն պաշտոնապես թեկնածուներ առաջադրելու: Եվ կայացվել է որոշում՝ դիմել ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններին, որպեսզի քննարկեն իմ թեկնածությունը կոնկրետ այդ կարգավիճակով առաջադրելու հարցը:

Ես բնականաբար, տվել եմ իմ համաձայնությունը: Իսկ թե ինչ որոշում կկայացնեն ԱԺ խմբակցությունները, որեւէ մեկը չի կարող ասել իրենցից  բացի:

-Իսկ դուք ձեզ պատրաստ համարո՞ւմ եք այդ գործառույթներն իրականացնելու:

-Բնականաբար, եթե մարդը համաձայնություն տալիս է, ուրեմն իրեն պատրաստ է զգում այդ ֆունկցիաներին: Բայց վարկած կա չէ՞, որ իշխանությունը չի ընտրում ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուներին: Եթե անգամ ԱԺ-ն պիտի չընտրի ինձ, ինձ հետաքրքիր է այս փուլում բարձրաձայնել այդ կարգավիճակում մարդու իրավունքների խախտումների այն աղետալի վիճակը, որը ստեղծված է մեր երկրում: Թեկնածուի առաջադրումը կարող է լինել մի շատ լավ առիթ այդ խնդիրներն այսօր ԱԺ-ում քննարկելու համար: Եվ ես պատրաստ եմ դա ներկայացնել խորությամբ եւ ծավալով:

-Քանի որ ՄԻՊ առաջադրման ժամկետները վաղուց անցել են, ձեր թեկնածության առաջադրման քննարկումների գործընթացը որքա՞ն կարող է ձգձգվել:

-ԱԺ կանոնակարգը խմբակցություններին առաջադրելու համար տալիս է 10-օրյա ժամկետ: Եթե այդ ժամկետը լրանում է, եւս 10 օր է տրվում ու այդպես շարունակ: Այսինքն, մենք հիմա գործ ունենք մի իրողության հետ, որ ՄԻՊ-ի հրաժարականից հետո 10-օրյակներ են պտտվում եւ ոչ մի խմբակցություն թեկնածու չի առաջադրում: Եվ դա այն ժամանակաշրջանում, երբ որ 120 հազար մարդու՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, իրավունքներ է ոտնահարվում, որովհետեւ Արցախի բնակչությունը ՀՀ անձնագիր է կրում եւ Հայաստանի Հանրապետությունը սահմանադրական պարտավորություններ ունի իր քաղաքացիների նկատմամբ: Եվ հիմա Հայաստանի Հանրապետությունը չունի իր սահմանադրությամբ սահմանված Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտ՝ իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու համար: Էլ չեմ ասում իրավապահ մարմինների ապօրինությունները, լրատվամիջոցների նկատմամբ կատարվող ոտնձգությունները:

Կոտրվել է «Առավոտի» յութուբյան ալիքը՝ Aravot.am-ի լրագրողի՝ վարչապետին հարց տալու օրը: Հիմա սա մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտման ակնհայտ փա՞ստ է, թե՞ չէ, որի հանգամանքները պետք է պարզվեն: Եվ ո՞վ պետք է զբաղվի դրանով, եթե ոչ ՄԻՊ-ը, որը պետք է երաշխավորի մարդկանց տեղեկացված լինելու իրավունքի իրացումը: Տպավորություն կա, ասես, ուզում են այդ ինստիտուտն ընդհանրապես վերացնել մեր երկրում: Քրիստինե Գրիգորյանը երբ հրաժարական տվեց այդ պաշտոնին, պատճառաբանություն այն էր, որ նա անցնում է այլ աշխատանքի: Մեկ ամսից ավելի ժամանակ է անցել, ու նա ոչ մի այլ աշխատանքի չի անցել: Հիմա հարց. եթե այլ աշխատանքի պետք է անցներ, որ պահին անցնելու լիներ, թող այդ պահին հրաժարական տար: Իսկ եթե դուրս է եկել, ինչի՞ ՄԻՊ նոր  թեկնածություն չեն առաջադրում: ՄԻՊ-ի համար պահանջվում է միայն բարձրագույն կրթություն ունեցող եւ հանրության մեջ հեղինակություն վայելող գործիչ: Ինչ է, մեր հասարակության մեջ այդպիսի մեկ մարդ չկա՞:

-Իսկ եթե «Միասին» շարժումը ձեր պահով դիմեր նաեւ ԱԺ իշխող մեծամասնությա՞նը:

-Ես դրան համաձայնություն չեմ տա: Իմ տրամաբանությամբ ՄԻՊ թեկնածու պիտի առաջադրի ընդդիմությունը, ոչ թե իշխանությունը: Որովհետեւ ՄԻՊ մասին սահմանադրական օրենքով Պաշտպանը մարդու իրավունքները պաշտպանում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման, ասել է՝  իշխանության մարմինների գործողություններից: Հետեւաբար, նա չի կարող լինել իշխանության հովանավորությունը վայելող թեկնածու:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Թշվառ մարդու իրավունքներ… ում ձեռքն ասես չեն գցում։ Էդգար Ղազարյանը ինչ ՄԻՊ ամոթ է

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031