«Ո՛չ օգտագործել է, ո՛չ էլ առքուվաճառքի մեջ է եղել, աշխարհն է ճանաչում իրեն: Աշխատանքի տեղից էլ հետաքրքրվեք, բնակչությունից, հարազատներից: Նույնիսկ ծխախոտ չի ծխում, որպես վատ սովորություն, գարեջուր խմած չկա կյանքում: Հանգամանքները հետո կպարզվեն»,- Aravot.am-ի հետ զրույցում որդուն վերագրվող արարքներին՝ թմրանյութ պահելուն, օգտագործելուն ու իրացնելուն այսպես արձագանքեց մարտի 16-ին կալանավորված կրտսեր պարեկ Տիգրան Առաքելյանի մայրը՝ Աննա Առաքելյանը:
Նրա խոսքով, իրենք սովորական գյուղացի մարդիկ են, քրտինքով ապրող. «Տղաս օրենսգիրքը լավ գիտի, ամեն օր գրում ու կարդում է: Ֆիզկուլտ ինստիտուտն է սովորել, ավարտել: Կին ունի, մեկ տարեկան երեխա: Ինքը մեղավոր չէ 100 տոկոս: Հետո կպարզվի, կիմանաք: Եթե գրպանում էլ եղել է, ինքը մեղավոր չէ, կպարզվի իր անմեղությունը: Հազար մարդու հետ է շփվել աշխատանքի բերումով: Գրպանները ամեն ինչ կարող է հայտնվել, մարդ ես ինչ կա որ»:
Տիգրան Առաքելյանը երկու տարի էր, ինչ պարեկային ծառայությունում էր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ