Մարտի 14-ին Եվրոպական խորհդարանը բանաձև է ընդունել ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին, որում առանձին ենթաբաժին կա հայ ադրբեջանական կարգավորման վերաբերյալ: Բանաձևի այդ բաժնի ոչ պաշտոնական թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.
Եվրոպական խորհրդարանը […]
1.Գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված հակամարտությունը, որը տարիների ընթացքում հսկայական տառապանքներ և ավերածություններ է պատճառել, էապես խոչընդոտել է ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի զարգացումն ու կայունությունը և ազդեցություն է թողել ավելի լայն` Եվրոպայի կայունության վրա,
համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով և ուժի կիրառման սպառնալիքով, այլ այն պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում՝ համաձայն միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության, 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի, ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009թ. Հիմնարար սկզբունքների՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների, ինչպես նաև կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի,
Կարդացեք նաև
վերահաստատում է, որ արդյունավետ լինելու համար համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է ներառի դրույթներ, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների արագ և անվտանգ վերադարձը իրենց տներ,
կոչ է անում միջազգային հանրությանը շարունակել զբաղվել այս հակամարտությամբ, որն առնչվում է ողջ տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը,
2.Ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության ձեռնարկած բազմաթիվ քայլերը՝ իրենց տարաձայնությունները հաղթահարելու և տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու համար և բարձր է գնահատում նրանց մշտական ներգրավվածությունը ընթացիկ բանակցություններում,
այս կապակցությամբ դատապարտում է Ադրբեջանի ղեկավարների վարքագիծը, որը խաթարում է այդ ջանքերը, մասնավորապես՝ հետագա հարձակումների բացահայտ սպառնալիքների, սահմանների հաճախակի խախտումների, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների կամ հայ բնակչության նկատմամբ հատկապես՝ կրթության ոլորտում ատելության խոսքի տարածման միջոցով,
կոչ է անում Ադրբեջանի ղեկավարությանը վերջ տալ այս պահվածքին և երկու կողմերին՝ չկորցնել թափը, համաձայնության գալ կոնկրետ քայլերի շուրջ և ապահովել անվտանգ, ապահով և բարեկեցիկ միջավայր՝ ի շահ տարածաշրջանի բոլոր էթնիկ ժողովուրդների.
3.Խստորեն դատապարտում է վերջին՝ 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքում բազմաթիվ թիրախների դեմ, ինչը 2020թ. նոյեմբերի հրադադարի հայտարարության լուրջ խախտում է և հակասում է ավելի վաղ, այդ թվում՝ ԵՄ -ի կողմից միջնորդավորված բանակցություններում ստանձնած պարտավորություններին,
դատապարտում է 2021թ. մայիսից ի վեր չսահմանազատված սահմանի երկայնքով իրականացված ռազմական ներխուժումները,
կոչ է անում բոլոր ուժերին վերադարձնել իրենց նախնական դիրքերը,
դատապարտում է խաղաղ գործընթացը խաթարելու ցանկացած փորձ և կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի հետագա կիրառումից,
վերահաստատում է, որ բոլոր կողմերը պետք է հարգեն Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,
ընդգծում է ԵՄ պատրաստակամությունը՝ ավելի ակտիվորեն ներգրավվելու տարածաշրջանի ձգձգվող հակամարտությունների կարգավորման գործում,
լրջորեն անհանգստացած է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ,
կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել այդ միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես սահմանված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ,
ընդգծում է Ադրբեջանի պարտավորությունները ՄՔԴ-ի 2023թ. փետրվարի 22-ի կարգադրությամբ, որը պահանջում է Ադրբեջանից ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար,
կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին լուծել Լաչինի միջանցքի գործունեության հետ կապված մտահոգությունները երկխոսության և բոլոր ներգրավված կողմերի հետ խորհրդակցությունների միջոցով,
ողջունում է Ադրբեջանի պաշտոնական պատվիրակության և Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների վերջին հանդիպումը՝ քննարկելու որոշ, այդ թվում՝ Լաչինի միջանցքի վերաբացման հետ կապված հարցեր,
կոչ է անում Խորհրդին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների դեմ, եթե Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումն անհապաղ չկատարվի,
4.Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ամբողջությամբ կատարել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությունը բոլոր ուղղություններով,
ընդգծում է ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներում առաջ շարժվելու, հակամարտության բուն պատճառներին անդրադառնալու և հետագա էսկալացիայի պատճառ հանդիսացող քայլերից զերծ մնալու անհրաժեշտությունը,
պնդում է հրատապ անհրաժեշտությունը՝ զերծ մնալ ցանկացած թշնամական հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են ընկալվել որպես ատելություն կամ բացահայտ բռնություն հրահրող կամ որպես անպատժելիություն սատարող, կամ այնպիսի գործողություններից, որոնք կարող են խաթարել ջանքերը ստեղծելու և զարգացնելու այնպիսի միջավայր, որը կառուցողական կլինի վստահության, հաշտության, գործակցության և կայուն խաղաղության, այդ թվում մարդկանց միջև շփումների համար,
ընդգծում է վստահության ամրապնդման ուժեղացված և վստահելի միջոցառումների հրատապ անհրաժեշտությունը՝ բևեռացմանը, վստահության պակասին և ատելության խոսքին ու այլ բորբոքիչ հռետորաբանությանը դիմակայելու համար,
այն կարծիքին է, որ այս ռազմական գործողությունների հետևանքները և ռուս խաղաղապահների առկայությունը նույնպես ազդում են տարածաշրջանում քաղաքական զարգացումների վրա,
մտահոգություն է հայտնում այսպես կոչված ռուս խաղաղապահների առկայության և Հարավային Կովկասում քաղաքական զարգացումների և տարածաշրջանի բարեփոխումների օրակարգի ապագայի վրա դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ,
5.Ողջունում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Ադրբեջանի հանձնառությունը, այդ թվում 2022թ. մարտին ներկայացված հինգ սկզբունքների առաջարկը, և կոչ է անում երկու կողմերին գտնել կենսունակ լուծում՝ Նախիջևանի շրջանը Ադրբեջանի մնացած հատվածի հետ կապելու համար,
հիշեցնում է Հայաստանի հանձնառությունը՝ դուրս բերել իր զինված ուժերը և երաշխավորել տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժն ապահովելու նպատակով,
մտահոգությամբ նշում է տրամադրված ականների քարտեզների ճշգրտության ցածր մակարդակը,
կոչ է անում հանձնաժողովին օգնություն մոբիլիզացնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ականազերծման գործողությունների համար,
6.Կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հասնել կայուն խաղաղության և հաշտեցման՝ ստեղծելով անցումային արդարադատության մեխանիզմ՝ որպես վստահության ամրապնդման քայլ՝ ճանաչելու երկու կողմերի տառապանքները և աշխատել հաշտեցման ուղղությամբ՝ հիմնված 1088թ. զինված հակամարտությունից ի վեր տեղի ունեցած իրադարձությունների փաստական գնահատման վրա,
առաջարկում է, որ ԵՄ-ն այլ մարմինների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Եվրոպայի խորհուրդը, ԵԱՀԿ-ն, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) և այլ համապատասխան միջազգային կազմակերպությունները, աջակցի և օգնի հեշտացնել այս աշխատանքը,
7.Հիշեցնում է, որ ԵՄ պասիվ դիրքորոշումը 2020թ. պատերազմի ժամանակ և անմիջապես հետո տարածաշրջանային մյուս դերակատարներին, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, հնարավորություն տվեց շարունակել իրենց ազդեցությունը տարածաշրջանում,
հիշեցնում է, որ եվրոպական ավելի ակտիվ կանխարգելիչ դիվանագիտությունը կարող էր կանխել նման արդյունքը,
8.Ընդգծում է, որ 2022թ. փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր, համատեքստը կովկասյան տարածաշրջանում փոխվում է, քանի որ խաթարվել է Ռուսաստանի վստահությունը և կարողությունը՝ որպես հաշտարար և ազնիվ միջնորդ,
ընդգծում է, որ Ռուսաստանը անազնիվ և վնասակար դեր է խաղում տարածաշրջանում և շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծում գտնելու հարցում, քանի որ դրա երկարաձգումը Մոսկվային տալիս է կարևոր լծակներ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա,
ուստի զգուշացնում է ցանկացած ռազմավարական համաձայնագրի դեմ Ռուսաստանի հետ, որին Ուկրաինա ներխուժումից հետո պետք է վերաբերվել որպես միջազգային վտարյալ,
9.Դատապարտում է Թուրքիայի էքսպանսիոնիստական և ապակայունացնող դերը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ կռվելու համար 2020թ. Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմում սիրիացի վարձկաններ ուղարկելու միջոցով,
կարծում է, որ տարածաշրջանում կառուցողական դեր խաղալու համար Թուրքիան պետք է վերանայի Ադրբեջանին իր անվերապահ աջակցությունը և շոշափելի քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ,
10.Հետևաբար, վճռականորեն աջակցում է Նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությունը՝ հրավիրելու և միջնորդելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկկողմ հանդիպումները և խրախուսում է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի աշխատանքը,
11.Կոչ է անում VP/HR-ին (բարձր ներկայացուցիչ/փոխնախագահ- Առավոտ) և Եվրոպական Արտաքին Գործողությունների Ծառայությանը (EEAS) ուժեղացնել ջանքերը վերակենդանացնելու և արդյունավետորեն նպաստելու այս հակամարտության խաղաղ կարգավորմանը, այդ թվում աջակցելով կայունացմանը, հետպատերազմյան վերականգնմանը, վերակառուցմանը և վստահության ամրապնդման միջոցառումներին,
12.Կոչ է անում երկու երկրների կառավարություններին ամբողջությամբ ներգրավվել համապարփակ և փոխադարձաբար ընդունելի խաղաղության պայմանագրի մշակման գործում, որը պետք է լուծումներ առաջարկի Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը, ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձին և մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պաշտպանությանը,
ողջունում է այս կապակցությամբ երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումները 2022թ. սեպտեմբերի 30-ին Ժնևում և 2022թ. նոյեմբերի 8-ին Վաշինգտոնում,
ընդգծում է, որ պետք է գտնվի կենսունակ իրավական լուծում Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներին և անվտանգությանը՝ ապահովելու համար հակամարտության տևական կարգավորումը,
13.Կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բոլոր փոքրամասնությունների անվտանգությունն ու իրավունքները, քանի որ դա էական նախապայման է հետպատերազմյան վերականգնման և իրական հաշտեցման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար.
14.Ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների սահմանազատման հանձնաժողովի ստեղծումը և ի գիտություն է ընդունում սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը,
ընդգծում է սահմանային հանձնաժողովի նիստերն ավելի կանոնավոր անցկացնելու կարևորությունը՝ սահմանների հետ կապված բոլոր խնդիրները լուծելու, անվտանգության իրավիճակը բարելավելու և սահմանազատման հարցում առաջընթացի հասնելու համար,
կոչ է անում, որպեսզի ԵՄ-ն նպաստի միջազգայնորեն նպաստի սահմանագծման գործընթացին՝ վստահելիություն, արդարություն և կայունություն ապահովելու համար.
15.Ողջունում է Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելության աշխատանքը, որն ավարտեց իր գործունեությունը 2022թ« դեկտեմբերի 19-ին,
ողջունում է անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում 2023թ. փետրվարի 20-ին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմի երկայնքով՝ Հայաստանի սահմանամերձ տարածքներում կայունությանը նպաստելու, վստահության ամրապնդման, վստահության խթանման, կայունության ամրապնդման և երկու կողմերի միջև երկխոսության հաստատման նպատակով,
ողջունում է Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու առաքելությանն իր տարածքում և կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ ԵՄ դիտորդների ներկայությունը նաև սահմանի իր կողմից,
16.Ողջունում է ԵՄ-ի կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը Լեռնային Ղարաբաղում և շրջակայքում հակամարտությունից տուժած բնակչությանը և նրա առաջատար դերը հակամարտությունից տուժած տարածքներում մարդասիրական ականազերծման գործողություններին օգնություն տրամադրելու գործում,
կոչ է անում Հանձնաժողովին ապահովել լրացուցիչ ֆինանսավորում և աջակցություն ականազերծման աշխատանքների համար, այդ թվում սարքավորումներ, վերապատրաստում և ռիսկերի ուսուցում,
կոչ է անում լրացուցիչ ականազերծման համագործակցություն սկսել անդամ պետությունների և ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների) փորձագետների հետ,
կոչ է անում Հայաստանին տրամադրել ականների ճշգրիտ քարտեզներ Ադրբեջանի ապաօկուպացված շրջաններում,
17.Կոչ է անում Հանձնաժողովին ավելացնել ԵՄ օգնությունը կարիքավոր մարդկանց, այդ թվում Լեռնային Ղարաբաղում, նպաստել վստահության ամրապնդման առավել հավակնոտ միջոցառումների իրականացմանը, խթանել միջկրոնական և ազգամիջյան երկխոսությունը, պաշտպանել փոքրամասնությունների իրավունքները և ընդլայնել սահմանի երկու կողմերում գտնվող քաղաքացիների միջև մարդկային շփումները՝ ստեղծելու համար կայուն և խաղաղ համակեցության հիմքեր,
կոչ է անում գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ տեղահանված բնակչության անվտանգ վերադարձի համար,
18.Կոչ է անում Լեռնային Ղարաբաղ մուտքի իրավունքի թույլտվություն տալ միջազգային մարդասիրական կազմակերպություններին, հատկապես՝ Միավորված Ազգերի Կազմակերպությանը,և հիշեցնում է, որ ներկայումս միայն ԿԽՄԿ-ին է թույլատրվում մուտք գործել տարածաշրջան, ինչը բավարար չէ այնտեղ գտնվող բնակչության պայմաններն ու կարիքները ճշգրիտ գնահատելու համար,
19.Շարունակում է մտահոգված լինել հայ բանտարկյալների՝ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց ճակատագրով, որոնք կալանավորվել են Ադրբեջանի կողմից հակամարտության ընթացքում և դրանից հետո և դեռ պահվում են, և ողջունում է նրանցից մի քանիսի ազատ արձակումը,
հիշեցնում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հանդիսանում են Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայի (III) կողմեր, որը սահմանում է, որ ռազմագերիներին պետք է միշտ մարդավայել վերաբերվել և ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո նրանք պետք է անվերապահորեն ազատ արձակվեն և առանց հետաձգման հայրենադարձվեն,
կոչ է անում բոլոր կողմերին ճշտել անհետ կորածների ճակատագրերը և գտնվելու վայրը և արժանապատվորեն վերաբերվել մահացածների մարմիններին,
կոչ է անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել մնացած բոլոր կալանավորներին, ներառյալ վերջին ռազմական առճակատումների ժամանակ գերեվարվածներին, և նրանց հետ վարվել միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն,
20.Սարսափած է այն կադրերից, որոնք պատկերում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ կին զինծառայողի և անզեն հայ ռազմագերիների խոշտանգումները, անդամահատումները և սպանությունները, և դատապարտում է դրանց հրապարակային տարածումը,
կոչ է անում ամբողջական և անկողմնակալ հետաքննել տեսանյութերը՝ բացահայտելու մեղավորներին և պատասխանատվության ենթարկելու իրենց գործողությունների համար,
դատապարտում է խոշտանգումների և բռնի անհետացման բոլոր դեպքերը, այդ թվում զինված ընդհարման ժամանակ, ինչպես նաև դաժան վերաբերմունքը և մարմինների պղծումը,
ընդգծում է, որ այդ գործողությունները հակասում են Ժնևի կոնվենցիաներին, որոնք վավերացվել են Ադրբեջանի կողմից և կարող են հանդիսանալ ռազմական հանցագործություն,
21.Դատապարտում է 2021թ. ապրիլի 12-ին Բաքվում այսպես կոչված «Ռազմավարի պուրակի» բացումը, քանի որ դա խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության կառուցմանը,
ի գիտություն է ընդունումը «Ռազմավարի պուրակից» անմարդկայնացնող մոմե արձանները և սաղավարտները հանելու որոշումը միջազգային բողոքից և Հայաստանի կողմից ՄՔԴ հայցից հետո,
22.Պնդում է, որ երկու պետություններն էլ ունեն միջազգային պարտավորություններ՝ իրականացնելու անկախ, արագ, հրապարակային և արդյունավետ հետաքննություններ և դատական կարգով քննելու Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտումների և միջազգային իրավունքի այլ խախտումների և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ բոլոր վստահելի պնդումները՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և զոհերին փոխհատուցելու համար,
23.Ցավում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից ի վեր հայկական և ադրբեջանական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության ոչնչացման համար,
պահանջում է, որ Ադրբեջանը և Հայաստանը ձեռնպահ մնան ժառանգության հետագա ոչնչացումից և փոփոխությունից և երաշխավորեն, որ քաղաքացիներին չեն խանգարի օգտվել իրենց դավանանքի կամ համոզմունքի ազատությունից,
կոչ է անում երկու երկրներին իրապես հանձնառություն ստանձնել պահպանել, պաշտպանել և խթանել այս հարուստ բազմազանությունը՝ անկախ դրա ծագումից և առանց սխալ յուրացման կամ սխալ դասակարգման,
կոչ է անում պատասխանատվության ենթարկել ոչնչացման և փոփոխության բոլոր հանցագործությունների համար, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և ցուցումներին համապատասխան պահպանել և վերականգնել վնասված վայրերը, ինչպես [կոչ է անում] միջազգային հանրության ավելի մեծ ներգրավվածություն [ապահովել]՝ տարածաշրջանում մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պահպանման գործում,
կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շտապ թույլատվություն տալ և նպաստել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը երկու երկրներում առանց նախապայմանների,
24.Այս առումով ընդգծում է Ադրբեջանի և Հայաստանի պարտավորությունները ՄՔԴ-ի 2021թ. դեկտեմբերի 7-ի` հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմամբ, որը պահանջում է Ադրբեջանից կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության, այդ թվում, բայց ոչ միայն եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտների նկատմամբ վանդալիզմի և պղծման գործողությունները,
պնդում է, որ Ադրբեջանը և Հայաստանը լիովին հետևեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954թ. «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիային, որը հայտնի է 1954թ. Հաագայի կոնվենցիա անունով, և հակամարտող կողմերից պահանջում է ձեռնպահ մնալ մշակութային արժեքների դեմ ուղղված բոլոր թշնամական գործողություններից,
25.Խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական իշխանությունների միջև երկկողմ շփումների աճը, ինչպես նաև երկու երկրների միջև մարդկանց միջև շփումները խթանող նախաձեռնությունները, հատկապես քաղաքացիական հասարակության, համալսարանների, երիտասարդական կազմակերպությունների և ՀԿ-ների մակարդակով,
ընդգծում է քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների պաշտպանների հետ խորհրդակցելու և համագործակցելու անհրաժեշտությունը, մասնավորապես՝ հակամարտությունների կարգավորման, խաղաղության կառուցման, հաշտեցման և մարդասիրական օգնության հարցերի շուրջ, ինչպես նաև կայուն ֆինանսավորման կարևորությունը և նման կազմակերպությունների՝ առանց սահմանափակումների իրենց աշխատանքը կատարելու ազատությունը,
ուստի կոչ է անում Հանձնաժողովին աջակցել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք իրապես նպաստում են հաշտեցմանը,
26.Ընդգծում է կանանց և մարգինալացված խմբերի վրա կոնֆլիկտի առանձնահատուկ ազդեցությունը, ներառյալ վերջին պատերազմի հետևանքով ընտանեկան բռնության աճը, ինչպես նաև խաղաղության պաշտոնական գործընթացից կանանց բացառումը,
կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը, ինչպես նաև միջազգային միջնորդներին, վերացնել բոլոր ոլորտներում կանանց մասնակցության խոչընդոտները և համակարգված կերպով ներգրավել կին փորձագետներին և կին իրավապաշտպաններին բոլոր խորհրդակցություններում,
27.Հիշեցնում է, որ Եվրոպական հարևանության քաղաքականությունն ընդգծում է հարևանների միջև հարաբերություններն ամրապնդելու և տարածաշրջանային համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ