Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնաբովանդակ ուղերձներ Ադրբեջանին՝ ՌԴ-ից եւ Արեւմուտքից. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 18,2023 11:29

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոնգ Ռասմուսենի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի հաջորդ օրը Երեւան ժամանեց ՀԱՊԿ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը: Վերջինս շրջայց եւ դիտարկումներ կատարեց հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածներում, որտեղ 2021 թ. մարտի եւ 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների հետեւանքով ներխուժել են ադրբեջանական ստորաբաժանումները: Վերոնշյալ այցերը փաստում են Հայաստանի եւ Արցախի շուրջ լարված իրավիճակի մասին, որի հեղինակը պաշտոնական Բաքուն է՝ իր սադրիչ գործողություններով եւ կեղծ տեղեկատվության տարածմամբ:

Նման լարված իրավիճակի պայմաններում լիովին օրինաչափ է, որ Հայաստանն օգտագործում է իր անվտանգային համակարգի ներքին եւ արտաքին ողջ գործիքակազմը: Այդ ընթացքում Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցնում ռազմական սադրանքի հիմք դարձած կեղծ տեղեկատվության տարածումը, այլեւ դա արդեն իր առաջին դեմքի մակարդակով է հնչեցնում: Անկարայում անցկացված Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ Բաքվի բռնապետը զարգացրեց ադրբեջանական քարոզչամեքենայի՝ պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունը՝ պնդելով, թե Հայաստանը խախտել է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ընդ որում՝ այն հիմնավորելով իրականությանը չհամապատասխանող տեղեկությամբ, թե, իբր, Արցախում Հայաստանը զինված ուժեր ունի:

Ադրբեջանի ղեկավարը նաեւ հայտարարեց, թե Հայաստանը չի կատարում եռակողմ հայտարարությամբ ամրագրված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը: Այստեղ պետք է արձանագրել, որ Ալիեւը կեղծիքի տարածման լաբիրինթոսում այնպես է խճճվել, որ արդեն հակասում է ինքն իրեն: Նույն Ալիեւն էր նախկինում հայտարարել, թե եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպում չկա, եւ ինքն է այդ ձեւակերպումը հետագայում շրջանառել:

Նախկին նման իրավիճակներից այսօրվա վիճակը տարբերվում է նրանով, որ իր ղեկավարի բերանով Ադրբեջանը մեղադրանքներն ուղղում է ՌԴ-ի ուղղությամբ՝ նախ տարածելով կեղծ տեսագրություն եւ լուր, թե ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ռազմական շարասյուն է Հայաստանից մտել Արցախ, այնուհետեւ դրա հիման վրա պնդելով, թե խախտվում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Բոլորի համար պարզ էր, որ դրանք Ռուսաստանի «բանջարանոցը նետված քարեր էին», իսկ եթե սրան գումարվեն ադրբեջանական սոցիալական ցանցերի տիրույթներում տարածվող տեսագրություններն այն մասին, որ Արցախի հետ շփման գծի տարածք, ասել է թե՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի ադրբեջանական զինուժի ստորաբաժանումներ են տեղափոխվել, ապա պատկերն ամբողջական կլինի:

Արցախի ուղղությամբ ադրբեջանական ռազմական սադրանքը Ռուսաստանին բացահայտ ճակատային հարված կնշանակի՝ վերջինիս չթողնելով այլընտրանքային ճանապարհ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ Հայաստան կատարած քայլը, թերեւս, այդ մասին ուղերձ է Ալիեւին: Նույնաբովանդակ ուղերձ է հղվել նաեւ մյուս բեւեռից՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի այցով:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031