Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե պետք է խոսեր մեր՝ դատապարտված լինելու, այլ բանակի վերականգնման, անվտանգային մեխանիզմներ ստեղծելու մասին. Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Փաստ»

Մարտ 18,2023 11:03

Վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանական կողմից թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետությունների սահմանների ուղղությամբ հրադադարի խախտումները, սպառնալիքները: Արցախի ուղղությամբ նման իրավիճ էր ստեղծվել դեռ մարտի 5-ի դիվերսիայից առաջ, երբ Ադրբեջանը կրկին պարբերաբար թիրախավորում էր նաև խաղաղ բնակչությանը: ՀՀ-ի ուղղությամբ էլ գրեթե ամենօրյա կտրվածքով կրակ են բացում Վերջին Շորժայի դիրքերի ուղղությամբ: Ու թեպետ այս ֆոնին ՀՀ իշխանությունները բարձրաձայնում են էթնիկ զտման, ցեղասպանության ու էսկալացիայի վտանգի մասին, այդուամենայնիվ, նորից ցույց են տալիս, թե շարունակում են բանակցել «խաղաղություն» անունը կրող պայմանագրի շուրջ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի դիտարկմամբ, բանակցություններ, ըստ էության, չկան:

«Կա Ադրբեջանի կողմից տարբեր խնդիրների պարտադրանք, որը Հայաստանի իշխանությունները, որպես կանոն, ընդունում են և փորձում ադրբեջանական կողմի առաջարկն այնպես փաթեթավորել, որ դա մեր հանրության կողմից որպես հայկական կողմի առաջարկ ընկալվի: Այսինքն, ըստ էության, հանրությանը խաբելով՝ իրողությունները կեղծելու քաղաքականություն են իրականացնում Հայաստանի իշխանությունները: Վերջիններս նպատակաուղղված են բացառապես մեկ խնդրի լուծմանը, այն է՝ վախեցնել մեր ժողովրդին, ցույց տալ, որ եթե չենթարկվեն Ադրբեջանի պահանջներին կամ եթե բավարար չափով զիջողական չլինեն, կլինի նոր պատերազմ, նոր կոտորած և այլն: Սա էլ ագրեսիայի երկրորդ ուղղությունն է՝ հոգեբանականը, որն ուղղված է մեր ժողովրդի դեմ: Հենց տեսնում են, որ ժողովրդի մեջ ինչ-որ ընդվզում, ինչոր դիմադրողականության էլեմենտներ են ի հայտ գալիս, սկսում են վախեցնել պատերազմով»,– «Փաստի» հետ զրույցում նշել է քաղաքագետը՝ ընդգծելով, որ նաև հայտարարում են, թե Հայաստանն ի վճակի չէ պաշտպանել իրեն, պաշտպանել Արցախը, ու, հետևաբար, ամեն ինչ պետք է հանձնել Ադրբեջանին:

«Նիկոլ Փաշինյանը դա անում է լեզվով՝ քարոզչությամբ, Ադրբեջանի իշխանությունները՝ նաև զենքի միջոցով: Փաշինյանի կողմից էթնիկ զտման, ցեղասպանության, նաև էսկալացիայի վտանգի մասին անընդհատ խոսելը հենց այս համատեքստում է պետք դիտարկել, որովհետև հակառակ պարագայում նա ոչ թե պետք է խոսեր մեր՝ դատապարտված լինելու, այլ բանակի վերականգնման, անվտանգային մեխանիզմներ ստեղծելու, նաև մեր գործընկերների հետ համագործակցության և այլնի մասին: Այս պարագայում հայտարարում է, որ Հայաստանը պարտված պետություն է, ու հիմա արդեն Արցախի անվտանգության պատասխանատուներն ուրիշներն են»,– ասաց մեր զրուցակիցը: Նրա կարծիքով, հենց ՀՀ իշխանությունների վարքագիծն է առիթ հանդիսացել, որ Ադրբեջանը առաջ տանի Արցախի՝ Ադրբեջանին «ինտեգրվելու օրակարգը»:

«Ինտեգրման քարոզն սկսել է Ադրբեջանը, որի հնարավորությունն ադրբեջանական կողմն ստացել է այն բանից հետո, երբ հասկացել ու տեսել է, որ Հայաստանը չի կարողանում ադեկվատ քայլեր իրականացնել, օրինակ՝ Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ: Ադրբեջանը, մեծ հաշվով, հնարավորություն է տեսել: Տեսել է, որ դիմացիններն անգործունյա են, ու գնացել է հաջորդ քայլին՝ առաջ բերելով ինտեգրման օրակարգը, որը սպասարկվում է նաև Փաշինյանի կողմից, ինչում համոզվեցինք վերջին ասուլիսի ժամանակ: Հստակ հարց են տալիս՝ արդյոք կո՞ղմ եք, որ Արցախի ներկայացուցիչները գնան Բաքու: Ասում է՝ դե, ամեն դեպքում, պետք է խոսեն՝ չհերքելով Բաքու գնալու անհրաժեշտությունը: Ընդհանուր առմամբ, այն, ինչի մասին մենք անընդհատ խոսում ենք, գալիս ենք այն եզրահանգմանը, որ Ալիևի և Փաշինյանի կողմից պայմանավորված, միմյանց հետ համադրված քաղաքականություն կա: Պայմանավորված աշխատում են, արդյունքն էլ այն է, ինչ տեսնում ենք, և արդեն իսկապես դժվար է ասել, թե ինչ զարգացումներ կլինեն»,-շեշտեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաև արևմտյան շրջանակների ակտիվությանը, մասնավորապես՝ Հայաստան կատարվող տարատեսակ այցերին: Վերջին օրինակներից մեկը ԵՄ տարբեր ներկայացուցիչների, ինչպես նաև ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի այցն էր, որոնց զուգահեռ ՀՀ-ից ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին ուղղված քննադատական հայտարարություններ են արվում: Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, ՀՀ իշխանությունները ցանկանում են քաղաքականության վեկտոր փոխել:

«Այս իրավիճակում քաղաքականության վեկտորի փոփոխությունը կարող է կենսական սպառնալիք պարունակել մեր երկրի համար, որովհետև Հայաստանը գտնվում է իրական պատերազմի վտանգի առջև, իսկ Հայաստանի համար շատ թե քիչ, բայց իրական անվտանգությունն ապահովող երկրներն այս փուլում Ռուսաստանն ու Իրանն են: Երբ Հայաստանը գնում է դեպի Արևմուտք և ՀԱՊԿ-ի փոխարեն եվրոպական դիտորդներ է տեղակայում, երբ Իրանի հետ ռազմական համագործակցությունը զարգացնելու փոխարեն դեպի Արևմուտք է գնում և նորից եվրոպացիներին է բերում այստեղ, այդ ամենը լուրջ խնդիրներ է առաջացնում: Այսինքն, այդ կերպ Հայաստանը զրկվում է անվտանգության ևս մի քանի բաղադրիչներից»,-ընդգծեց քաղաքագետը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031