Նախօրեին գրել էինք, որ իշխանությունը որոշել է քանդել բոլոր միջպետական եւ համայնքային ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշակոթողները։ Որոշման մասին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն արդեն տեղեկացրել է մարզպետարաններին, վերջիններս էլ՝ համայնքապետարաններին: «ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին ինքնակամ կառուցված (տեղադրված) հուշաքարերի, խաչերի եւ խաչքարերի քանդման (ապամոնտաժման) աշխատանքների կատարման համար խնդրում եմ՝ յուրաքանչյուրն իր մասով համագործակցի մարզային տեսչական ստորաբաժանումների հետ»,- նշված է նախարարի գրության մեջ, սակայն այս որոշման հիմնավորումների մասին բառ անգամ չկա։
Տեղական իշխանության մարմինները մասնավոր զրույցներում կարծիք էին հայտնում, որ համապետական եւ միջպետական ճանապարհները քրիստոնեական խորհրդանիշներից «մաքրելու» որոշումը կայացվել է հանուն թուրքերի եւ ադրբեջանցիների հետ քիրվայության, ճանապարհների ապաշրջափակման պարտավորության համատեքստում։ Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, իր յոլդաշներին խոստացել է, որ երբ ազատորեն գան-գնան Հայաստան, ճանապարհներին իրենց անցանկալի հայկական քրիստոնեական խորհրդանիշների չեն հանդիպի։
Մենք պարզեցինք նաեւ, որ կառավարության այս տարվա մարտի 2-ի նիստում, ըստ էության, այս որոշումն «անոնսվել» է՝ հավանություն է տրվել կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին որոշմանը, որը վերաբերում է փոքր ճարտարապետական ձեւերի կառուցման, տեղադրման հետ կապված հարցերին:
Նախագիծը ներկայացնելիս Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը մանրամասնել է, որ «ՀՀ տարածքում կանոնակարգված չէ նման օբյեկտների տեղադրման գործընթացը, իսկ թույլտվությունների տրամադրման կարգը սահմանող 596-Ն որոշման մեջ հստակեցված չեն այդ օբյեկտների շինարարության կամ տեղադրման համար անհրաժեշտ թույլտվությունների ընթացակարգն ու դրանց ներկայացվող պահանջները»։ Դրա հետեւանքով հանրապետության ողջ տարածքով, առանց որեւէ ընթացակարգերի եւ լիազոր մարմինների համաձայնությունների, իրականացվում են հուշաքարերի, խաչքարերի, խաչերի եւ ճարտարապետական փոքր այլ ձեւերի տեղադրման աշխատանքներ: Արդյունքում, ըստ Ղուլարյանի, խախտվում են ինչպես հատուկ պահպանվող եւ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման գոտիների պահպանման կարգերը, այնպես էլ քաղաքաշինական, գեղագիտական ու անվտանգային կանոնները:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ այս փոփոխությունը կատարելով՝ հուշաքարերի, հուշաղբյուրների, խաչերի, խաչքարերի շինարարության, տեղադրման իրականացման նպատակով սահմանվում է ռիսկայնության աստիճան, այդ օբյեկտները դասակարգվում են որպես միջին ռիսկայնության օբյեկտներ (2-րդ կատեգորիա), որոնց համար փորձաքննության փոխարեն անհրաժեշտ է ունենալ նախագծողի երաշխավորագիրը: «Ռիսկայնության աստիճանի սահմանման դեպքում այդ օբյեկտների նկատմամբ կիրառելի են դառնում քաղաքաշինության բնագավառի օրենսդրությամբ սահմանվող պահանջները եւ ընթացակարգերը: Կգործեն նաեւ քաղաքաշինական գործունեության հատուկ օբյեկտների տարածքներում, այդ թվում՝ միջպետական, հանրապետական ճանապարհների համար՝ համապատասխանաբար 70 եւ 50 մետր գոտիներում, տեղական նշանակության ավտոճանապարհների համար՝ 30 մետր գոտիներում, հատուկ նշանակության եւ հատուկ պահպանման հողերում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ կառուցվող, տեղադրվող օբյեկտի բարձրությունը գերազանցում է 2.4 մետրը: Անհրաժեշտ է նախագծային փաստաթղթերի մշակման փուլում առաջարկվող լուծումները նախապես համաձայնեցնել քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի հետ, որն էլ իր հերթին կհամաձայնեցնի հատուկ գոտիների համար պաշտպանական, ազգային անվտանգության, ոստիկանության, ճանապարհային մշակույթի շրջակա ոլորտի լիազոր մարմինների հետ»,- նշել է Ղուլարյանը:
Ինչ վերաբերում է արդեն գոյություն ունեցող օբյեկտներին, ապա նրանք, որոնք չեն անցել համապատասխան ընթացակարգեր,Ղուլարյանի խոսքով, հանդիսանալու են ինքնակամ կառույցներ՝ դրանից բխող հետեւանքներով:
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: