Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այսպիսի ծիծաղելի գործերի վրա է հիմնվում՝ հայտարարելով, թե բանակում մի քանի տասնյակ դավաճաններ կային. «Հրապարակ»

Մարտ 18,2023 10:25

Մարդը, ում մի ամբողջ ժողովուրդ մեղադրում է դավաճանության համար, համոզված է, որ բանակում դավաճաններ են վխտում։ «50-ից ավելի զինծառայողներ մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ։ Եթե մտածողներ կան, որ այդ մարդկանց գլխին գործ են սարքում, շատ վատ ա»,- ասում է վարչապետը։ Գիտի երեւի եւ գիտակցաբար էր ուղղորդում նախաքննությունը։ Իսկ այդ ուղղորդումների կարիքը, հավանաբար, կա, քանի որ դավաճանության մեջ մեղադրվողները մեկը մյուսի հետեւից ազատվում են, իսկ գործերը՝ դատարանում կարճվում։

Անցյալ տարի, օրինակ, ԱԱԾ-ն աղմկեց, թե դավաճանության գործով 20 մեղադրյալ կա, 14-ը՝ կալանավորված։ Նրանց թվում էր գումարտակի հրամանատար Գարիկ Էլոյանը, որին 5 ամիս անիմաստ պահեցին կալանքի տակ։ Հետագայում նա պատմեց, թե ինչն է ԱԱԾ-ն լրտեսություն համարել։ Պարզվում է՝ մի կին է զանգահարել հրամանատարին, խնդրել՝ իր ծառայող որդուն փոխանցել, որ կապվի մոր հետ։ Էլոյանն էլ ճշտել է, որ այդպիսի զինվոր իր գումարտակում չի ծառայում։ ԱԱԾ-ն որոշել է, որ այդ կինը թշնամու հատուկ ծառայություններից է, ու 5 ամիս գործ էր քննում։ Էլոյանին ազատ արձակելուց կարճ ժամանակ անց կալանքից ազատվել էր նաեւ երկրորդ «պետական դավաճանը»՝ 42-ամյա պայմանագրային զինծառայող Դ․ Թովմասովը։ Նա ծառայում էր Արարատում, փորձառու զինվորական էր, փետրվարից մինչեւ հունիս կալանավորված է եղել, որից հետո ազատ է արձակվել՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Սրանից հետո զինծառայողը վիրավորվել է եւ թողել բանակային ծառայությունը։

ԱԱԾ-ի հայտնաբերած սխեմաներից մեկը ֆեյք կանանց հետ սոցցանցերում ծանոթանալու ու նրանց միջոցով ռազմական գաղտնիքներ պարունակող տեղեկություններ հաղորդելու դրվագն է։ Այսպիսի մի «լրտես» էր նաեւ անցյալ տարի բացահայտված կապիտան Տարոն Ամիրխանյանը։ Նրան էլ մի քանի ամիս պահեցին մեկուսարանում, հետո բաց թողեցին, ապա՝ կարճ ժամանակ անց, կարճեցին գործը։ 44-օրյա պատերազմի մասնակից է Ամիրխանյանը, Ջեբրայիլում մարտերի ժամանակ 30 հոգանոց խումբ է հանել շրջափակումից, ինքը վիրավորվել է, բուժվել է հոսպիտալում, ապա կրկին մեկնել ռազմաճակատ։ Նրան մի սիրուն աղջիկ էր նամակ գրել՝ ներկայանալով որպես Վրաստանի բնակիչ, եւ այնպես էր գերել, որ վերջինս մոր հետ նույնիսկ ոսկե մատանի էր գնել ու պատրաստվում էր գնալ աղջկան ուզելու, սակայն այն բանից հետո, երբ ապագա սկեսուրը հարսի նկարը տեսել էր՝ նարգիլե ծխելիս, ու որդուն ասել էր՝ դրան տուն չբերես, կապիտանը հրաժարվել էր ամուսնանալու մտքից։ Տարոն Ամիրխանյանն ընդամենը սիրային նամակագրություն է ունեցել այդ անհայտ աղջկա հետ, որին տեսել է «վայբեր» կապով: Նամակները նա, զորամասի ղեկավարության պահանջով, ցույց է տվել վերադասին: Ըստ վերջինիս, այդ նամակներում պատերազմի մասին ոչ մի բառ չկա, ո՛չ քարտեզ, ո՛չ այլ գաղտնի տվյալ, սակայն կար մի երկու լուսանկար՝ աշխատասենյակից եւ ինչ-որ բենզալցակայանի առաջ նկարված: Հենց սա էլ ԱԱԾ-ն համարել է ռազմական գաղտնիք, տվյալներ «հայկական զորամասերի տեղակայման, զինտեխնիկայի քանակի եւ տեսակի, անձնակազմի եւ այլնի վերաբերյալ»։

Ահա՝ այսպիսի ծիծաղելի գործերի վրա է հիմնվում Փաշինյանը՝ հայտարարելով, թե հայոց բանակում մի քանի տասնյակ դավաճան սպաներ ու զինվորականներ կային, որոնց ինքը «հինգերորդ շարասյուն» է անվանում եւ որոնց էլ մեղադրում է 2020-ի պատերազմում պարտության մեջ։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031