Լրահոս
Օրվա լրահոսը

Թումանյանի թանգարան-ինստիտուտ ունենալն անհրաժեշտություն է

Մարտ 18,2023 13:30

Հայաստանում Թումանյանի թանգարան-ինստիտուտ չկա։ 1923թ. մարտի 23-ի՝ իր մահվան օրից մինչ օրս, ճիշտ հարյուր տարի, Թումանյանի ծննդյան յուրաքանչյուր ամյակ, մանավանդ «կլորամյակ», մեր երկրում այս կամ այն կերպ նշվում է. 100-ից հետո էլ ամեն գումարվող հինգ կամ տասնամյակի մասին մեծ շուքով ասվում-խոսվում է եւ մի հերթական հոբելյանական հանդիսություն կայանում։ Իհարկե, հրատարակվում են գրքեր, գիտական նյութեր… Իհարկե, արվում են… տարբեր ժամանակներում 100 եւ 150-ամյակներ են նշվել։ Բայց արդեն ճիշտ 100 տարի է, որ իշխանությունների համար Ամենայն հայոց բանաստեղծին նվիրված արարողությունները կարծես, այսպես կոչված՝ «գալոչկայի» համար են արվում, այն դեպքում, որ դեռեւս իր ապրած կյանքի օրոք ու առավել եւս՝ մահվանից հետո, Թումանյանը ամենամեծ հեղինակությունն է վայելում ժողովրդի կողմից։ Չի գտնվի ոչ մի հայ, որ չկիսի կարծիքը, թե Թումանյանը մեր այն մեծություններից է, որով ոչ միայն հպարտանալ է պետք, այլեւ ասելիքը լսելի դարձնել, կյանքի կոչել հատկապես մեր բարդ ժամանակներում։ Լուսահոգի ճանաչված թումանյանագետներից մեկը ժամանակին «Առավոտին» նման միտք էր հայտնել. «Ճիշտն ասած՝ մենք մի կարգին հարգել-պատվել չգիտենք, թեեւ դա երբեք չի խանգարում ոչ միայն մեր մեծ-մեծ խոսելուն, այլեւ ավելին՝ մեծախոսության մեջ թերեւս դժվար լինի որեւէ ազգի մրցել հայի հետ, քանի որ այդ հարցում ոչ մի երկիր ու ազգ մեզ մրցակից լինել չի կարող»։

Թումանյան ընտանիքի միակ լուսանկարը, Թիֆլիս, 1915թ.

Հիշենք իրականացված թումանյանական մեկ-երկու հոբելյանները. 100-ամյակը եղել է խորհրդային «մասսայական», 120-ը՝ քարուքանդ եղած երկրում, 130-ամյակը՝ մոլորված, 140-ը՝ ինչ-որ կերպ անցկացված, 150-ը՝ շփոթահար իրավիճակում, մոտեցող մահվան 100-րդ տարելիցի մասին էլ, գոնե մինչ օրս՝ ոչ մի խոսք։ Պարզ է, իշխանությունները քաղաքական նշանակության չափազանց կարեւոր շատ գործեր ունեն եւ հոբելյանների ժամանակ չկա, թեեւ Թումանյանն իր անսահման խորաթափանցությամբ դեռ 20-րդ դարի սկզբից է բազում ձեւերով գրել հայ քաղաքական մտքի բոլոր ժամանակների տկարության ու տկարամտության մասին…

Ինչպես ասում են՝ հիմա խոսենք լավ բաներից։ Այսօրվա մեր բուն ասելիքը Հովհաննես Թումանյանի բազմաբնույթ գործունեությունն ամբողջականացնող կառույցի ստեղծման մասին է, որը, բարեբախտաբար, հաջողվեց իրականացնել՝ 2015թ. բացելով Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, որի նպատակն է համակողմանիորեն ներկայացնելու Վարդապետի կյանքի ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակելու նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը։ Ավելորդ է նշել Կոմիտասի եւ Թումանյանի գործունեության անփոխարինելի ազդեցությունն ու նշանակությունը մեր ժողովրդի կյանքի եւ մեր մշակույթի վրա։

Ունենք 70 տարի առաջ հիմնված Թումանյանի թանգարան, որի առաջին տնօրենն է եղել բանաստեղծի դուստրը՝ Աշխեն Թումանյանը, նրան հաջորդել է քույրը՝ Թամարը, հետո արդեն տնօրենի գործառույթը ստանձնել են Ֆրիդա Հակոբյանը, Արմեն Շեկոյանը, Վերժինե Մովսիսյանը, Նարինե Խաչատուրյանը, այսօր՝ թումանյանագետ Անի Եղիազարյանը։ Նշենք, որ այդ թանգարանում մշտապես, այսօր էլ բազում աշխատանքներ են տարվում՝ լեցուն տարբեր նախաձեռնություններով։ Սակայն միայն մասնագիտացված թանգարան-ինստիտուտն է ի վիճակի գիտականորեն հիմնավորված մոտեցումներով առավել արդյունավետ ներկայացնելու թումանյանական հանճարի լայն ու մշտազդեցիկ գործունեությունը։ Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ թանգարանում Թումանյանի շատ ցանկություններ ու երազանքներ են իրականացվել ու շարունակում իրականություն դառնալ։ Վստահ ենք, որ թանգարանը՝ մասնագիտացված գիտական մոտեցման պարագայում, այդ ամենի արդյունավետությունը կարող է տասնապատկել, նույնիսկ հարյուրապատկել, ինչի արդյունքում էլ, ի վերջո, կներկայացվի Թումանյան գրողը՝ որպես ազգային գործիչ։

Այս պահին մտաբերեցինք գրողի 140-ամյակին Երեւանի օպերային թատրոնում կայացած միջոցառումը, որի ընթացքում 800 դպրոցական միասին ու միաձայն կարդում էին Թումանյանի բանաստեղծությունները, ընդ որում՝ դա գրողի երազանքներից մեկն էր, որ բոլորն անգիր իմանան, ասենք՝ «Շունն ու կատուն» եւ այլ գործեր։ Ի դեպ, երեխաների հետ միաժամանակ դահլիճն էր արտասանում։

Բառացիորեն վերջերս հրատարակվեց թումանյանագետ Անի Եղիազարյանի «Թումանյանի զավակները. Նվարդ Թումանյան. Նամականի» հերթական աշխատությունը։ Գրքում ներկայացված է գրողի ու դստեր, նաեւ ընտանիքի մյուս անդամների միջեւ նամակագրությունը։ Նամակների ու լուսանկարների զգալի մասը հրատարակված է առաջին անգամ։ Դրանք բացառիկ հետաքրքիր սկզբնաղբյուրներ են ոչ միայն Թումանյան ընտանիքի, այլեւ ժամանակի դեմքերի ու իրադարձությունների մասին։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031