Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր գիրք` «Անավարտ մենախոսություն»

Մարտ 18,2023 12:30

ՄԳՄ անդամ Գայանե Աղաքարյանի (ԳայԱ) ստեղծագործություններին ծանոթ եմ համացանցից։ Տպավորվող են, ինքնատիպ։ Որպես անհատականություն, նրա գրական հրապարակ գալը ողջունելի է։ Բանաստեղծուհին ասելիք ունի աշխարհին. վիշտը, մորմոքը կիսելու, իր ապրածը, տեսածը, զգացածը արվեստի լեզվով բարձրաձայնելու անհրաժեշտություն։ Այդ է վկայում ընթերցողին ներկայացվող «Անավարտ մենախոսություն» բանաստեղծությունների ժողովածուն, որը շիտակ, անբռնազբոս զրույց է` մարդու, մարդկայինի, աշխարհի, հայրենասիրության… մասին։

Ժողովածուն մի եզակի հոգեւոր հուշակոթող է` նվիրված Արցախյան քառօրյա պատերազմում թշնամու դեմ մարտնչած, 44-օրյա հերոսամարտում քաջի պես զոհված ազատամարտիկ ամուսնու` ՄԱԹԵՎՈՍ ՂՐԶՈՅԱՆԻ հիշատակին։

«Անավարտ մենախոսություն»-ը մի յուրօրինակ ինքնասփոփանքի աղոթքների գիրք է` խնկարկում, խոնարհում… Ինքնասփոփանքի վառ վկայություններից է «Բացակադ…» հիշատակի նշխարք էքսպրոմտը.

«Եվ ամեն անգամ,
Բացակադ այրող,
Ներկայությունս է
Հուշերի բովում
Թրծվում քեզանով…»։

Մեկ այլ խտածո քառատողի մեջ սիրո, կարոտի խոստովանանք կա.
«…Որ լռությունն էլ տողատակ ունի,
Երբ չի հերիքում անդորրը դժգույն,
Ամենուր թողած քո ներկայությամբ
Գունեղ զրույց է մեր մեջ ծավալվում»։

ԳայԱյի բանաստեղծություններն իրենց բնույթով խոհափիլիսոփայական են, ընդհանրացումները համոզիչ, որոնք հաստատագրված են պատկերամտածողությամբ («Տրամադրություն-1,2», «Այրվող հուշերս», «Վաղուց նամակներ…», «Գա՞ղջն է մեղավոր», «Կորան, կորա՜ն այն օրերը», «Քանդեցի կծիկը հուշերիս»…)։

Հեղինակի ամեն մի խոհ մարդասիրական լիցք է ներառում։ Կորստի ցավ ունի իր սրտում. վերապրում, վերհիշում։ Կնճռոտվել է նրա ծով մտքերի աշխարհը։ Բայցեւայնպես արժեւորում է Աստծո պարգեւած ամեն մի օրը` մի նոր ստեղծահատնությամբ։

«Պատերազմն ինձ համար…» բանաստեղծության մեջ պատկերում է պատերազմի ահասարսուռ դեմքը.
«Եվ եղավ լինելին,
Եղավ կարմիր աշուն,
Ու ես հավաքեցի
Բերքս` կարմիր-կարմիր,
Սառած «Հայր մեր» շուրթիս,
Աչքս թաց երկնքին,
Որ մաղում էր արցունք
Շիրիմներին անթիվ…»։

Բանաստեղծությունն ավարտվում է լավատեսական նոտաներով.
«…Ու ես արցունքներս`
Թափված ցավիս վրա,
Հավաքեցի բուռ-բուռ,
Եվ ծովացավ փեշս.
Քշտեցի ամրացած
Բազուկներս համառ,
Որ լվանամ երկրիս
Երեսն արնավառ»։

«Անավարտ մենախոսություն» ժողովածուի գողտրիկ, բայց խտացված տողերում ԳայԱն շեշտադրում է հայ ընտանիքի բարոյահոգեբանական կերպարը, պահպանումը, հայրենի բնաշխարհի հանդեպ սերն ու միաձույլ լինելը, բռունցքվելը («Զինվո՛ր, դո՛ւ հայրենիքդ ես հիմա…», «Իմ անկախացած…», «Քո ստվերն անգամ…», «Վերնագրից հետո վերջակետ չի դրվում…», «Իմ գիշերները նման չեն ձերին»…)։

Ուշագրավ են նաեւ Աղաքարյանի չափածո, արձակ, հրապարակախոսական ելույթները (երկտողեր, մտքեր, քառյակներ…), որոնք մեր ժամանակի գորշ իրականության, ստով պճնված հեղձուկի, հային անհարիր բարքերի դեմ է։ Ծաղրվում են դիմակավորված պատեհապաշտները, բախտախնդիրները, որոնք խարազանվում են երգիծանքի գրչով` սարկազմով, խղճի մտոք, սրտի թելադրանքով։

Ընդհանրացնելով, ասենք` «Անավարտ մենախոսություն» ժողովածուն տոգորված է լավատեսությամբ, իրատեսությամբ եւ հայրենաշունչ է, որի հասցեատերը մարդն է` իր հոգեկերտվածքով, ներաշխարհով։

Գուրգեն ԼՈՌԵՑԻ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031