Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրու հիմնանորոգված մանկապարտեզը բացեց դռները, բայց շինարարության ձգձգման գործը իրավապահների վարույթում է (ֆոտոշարք, տեսանյութ)

Մարտ 17,2023 23:20

4 տարի առաջ՝ 2019թ-ին սկսված Մեղրիի մանկապարտեզի հիմնանորոգումը վերջապես ավարտվեց եւ դռները բացեց 200 սաների առաջ։ Մանկապարտեզի շինարարության համար 2 փուլով սուբվենցիոն հատկացումներ են եղել: Ըստ Մեղրու համայնքապետարանի տեղեկանքի՝ շինարարության պայմանագիրը կազմել է 323.855.970 դրամ։ Կառավարության ներդրումը կազմել է 65 տոկոս կամ 210.506.380 դրամ, իսկ համայնքի ներդրումը կազմել է 35 տոկոս, որն ամբողջությամբ տրամադրել է «Իմ քայլը» հիմնադրամը՝ 113.349.590 դրամ։

Ուրբաթ՝ մարտի 17-ին Մեղրիում էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ դստեր հետ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Համբարձումյանը եւ շատ այլ հյուրեր։ Բոլորը հրավիրված էին մասնակցելու Մեղրու միակ մանկապարտեզի հիմնանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությանը։

Մանկապարտեզի փոքրիկ սաները հյուրերին դիմավորեցին աղ ու հացով, Մեղրու ավանդական քաղցրեղենով ու գինիով։ Նախ օրհնության խոսք ասաց Մեղրու հոգեւոր հովիվ Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանը։ «Սիրելի փոքրիկներ, շնորհավորում եմ, այսօրվանից սկսած ձեր կյանքում մի նոր լուսավոր էջ է բացվելու։ Մաղթում եմ, որ Աստծու օրհնությունը լինի ձեզ հետ եւ խաղաղ երկնքի տակ՝ այս հարկից ներս մտնելով լինենք հայրենասեր եւ մեծանանք որպես մեր հզոր հայրենիքի պահապաններ»,-մասնավորապես ասաց Տեր Ռաֆայելը։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը վերջին ամիսներին համարյա ամեն շաբաթ Մեղրիում էր․ անձամբ էր հետեւում շինարարական աշխատանքներին։ Հիմա արդեն կարող է շնորհավորել բոլորին՝ համայնքի համար կարեւոր օրվա կապակցությամբ։ ․ «Ներողություն եմ խնդրում, որ այս հիմնանորոգումը տարիներ շարունակ ձգձգվել է, բայց այսօր բոլորս ուրախ ենք, որովհետեւ վերջապես Մեղրու մեր փոքրիկները կարող են հաճախել այս հրաշալի մանկապարտեզը»,-ասաց Ռոբերտ Ղուկասյանը։

Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի խոսքը մանկապարտեզը «կաթվածահար էր արել Մեղրին»։ Շնորհակալ է բոլորին, որոնց ջանքերով իրականության դարձավ նախակրթարանի նորոգումը։

«Աշխարհի խոշորացույցներն այսօր ուղղված են սահմանամերձ Մեղրիի շրջանին, շնորհակալ եմ կառավարությանը՝ վարչապետի ղեկավարությամբ՝ Մեղրիի խնդիրները օրակարգում պահելու համար։ Շնորհակալ եմ Սյունիքի մարզպետին իր ամենօրյա, ամենաժամյա անտրտունջ աշխատանքի համար։ Շնորհակալություն տիկին Հակոբյան՝ այս ծրագիրը ուշադրության կենտրոնում պահելու համար»,-ասաց Բագրատ Զաքարյանը։ Մանկապարտեզի տնօրեն Սյուզան Սարգսյանը 4 տարի շարունակ հետեւել է մանկապարտեզի նորոգմանը՝ քանդելուն, կառուցելուն, դետալներ փոխելուն։ Իսկ հիմա ուրախ է՝ որ վերջապես սաները գեղեցիկ ու նորոգ մանկապարտեզ են հաճախելու։

Մուտքն երիզող կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանին։ Պաշտոնյաներն ու հյուրերը շրջում են նոր տեսք ստացած նախակրթարանում։ Պետական բյուջեից եւս 36 մլն 700 հազար դրամ հատկացվել է գույքի ձեռքբերման, կահավորման համար։ Գույքի մի մասը տրամադրել է «Ֆոքըս օն չիլդրեն նաու» կազմակերպությունը։ Հայաստանում՝ Ճապոնիայի դեսպանատունը արեւային էներգիայի վահանակներ է տրամադրել։

2022թ-ի հուլիսին կառավարության նիստերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Մեղրու մանկապարտեզներին։ Վերջինս դեռ 2018թ.-ին Մեղրիում խոստացել էր մանկապարտեզը նորոգել եւ շահագործման հանձնել։ Նրան նույնիսկ լուսանկարներ էին ուղարկել, որոնք ըստ Փաշինյանի՝ «խայտառակ պատկերներ» էին։

«Դեռ 2018թ․ ես Մեղրիում խոստացել եմ մանկապարտեզի շինարարություն, որ շահագործման կհանձնվի։ Ընդ որում՝ դրանից հետո «Իմ քայլը» հիմնադրամը միջոցներ է հատկացրել որպես համաֆինանսավորող։ Ինձ համար շատ տհաճ անակնկալ է՝ արձանագրել, որ մինչեւ հիմա Մեղրիի մանկապարտեզը չի գործում։ Ընդ որում, այստեղ գործողություններ կան անելու, պարզելու, թե ինչու ֆինանսավորման առկայության դեպքում մանկապարտեզը չի նորոգվել»,-ասել էր վարչապետը։

Ի՞նչ գործողություններ է արվել մինչեւ օրս։ Արդյո՞ք գործը իրավապահ մարմինների օրակարգում է՝ հարցրեցինք Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։

«Իմ տեղեկություններով, պետական վերահսկողական ծառայությունն արդեն գործը ուղարկել է դատախազություն, եւ քննչական կոմիտեն արդեն իրականացնում է համապատասխան գործողություններ։ Կոնկրետ մանկապարտեզը կապալառուի կողմից սեղմ ժամկետում ամբողջապես նորոգվել է, անկախ նրանից՝ մանկապարտեզը այսօր գործում է ու ամեն ինչ լավ է, բայց բոլոր այն մարդիկ, որոնք կապ են ունեցել այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել շինարարության ընթացքում՝ օրենքի առաջ պատասխան են տալու»,-մեզ հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետը։

Քանի որ օրվա խորհուրդը հանդիսավոր ու տոնական էր, մանկապարտեզի մանկավարժներ Նունե Քալանթարյանը, Արմինե Ներսիսյանը, Նունուֆար Պողոսյանը եւ մանկապարտեզի երկարամյա այլ աշխատակիցներ արժանացան համայնքապետի շնորհակալագրերին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031