Լրահոս
Օրվա լրահոսը

Փոլ Գավանը՝ «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող

Մարտ 17,2023 21:12

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովի միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանն օրեր առաջ նշանակվեց  «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող։

Հիշեցնենք՝ Փոլ Գավանը 2022-ի հոկտեմբերին՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում, դատապարտելով ադրբեջանական ագրեսիան, հայտարարել էր․ «Ադրբեջանի կողմից հարձակումը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ»։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽԽՎ Բյուրոն հունվարին որոշեց «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեման ուղարկել ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողով՝ զեկույցի պատրաստման համար։

Aravot.am-ը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանից այս թեմայով որոշ մանրամասների տեղեկացավ։ Նա պարզաբանեց․ «Երբ հունվարին՝ ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում անցկացվեց  Լաչինի միջանցքի շրջափակման թեմայով հրատապ քննարկումը, դրա արդյունքում Բյուրոն իրավունք ուներ քննարկման թեման հանձնաժողով ուղարկել։ Ուղարկվել էր Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողով։ Այժմ եկել էր այն փուլը, որ նշանակվի զեկուցող, և շատ լավ է, որ նշանակվել է Փոլ Գավանը»։

Հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս զեկույցը Ադրբեջանի վարքագծի վրա, եթե այդ երկիրն անգամ ՄԱԿ-ի որոշումը  չի կատարում, որը պարտադիր կատարման է, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Մենք բոլոր մեթոդներով, բոլոր կազմակերպություններով պետք է անընդհատ արձանագրենք Ադրբեջանի պարտավորությունները, ու սա այդ ուղղությամբ ևս մեկ քայլ է»։

Հետաքրքրվեցինք՝ Ստրասբուրգում ապրիլի 24-28-ը կայանալիք գարնանային նստաշրջանի օրակարգում այս զեկույցի հետ կապված հարցեր ներառվա՞ծ են, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Ենթադրաբար դա կլինի հունիսի լիագումար նիստի ընթացքում»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031