Այսօր Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» բացվեց «Լրատուն․Հակամարտության լրագրության դրվագներ» վերնագրով ցուցահանդեսը, որը արցախյան բոլոր պատերազմների վավերագրությունն է՝ հայ լրագրողների ու լուսանկարիչների աչքերով։
«Լրատուն․ մեդիա թանգարան» նախագիծը , որը իրականացվում է «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» կողմից լուսանկարների, վավերագրական ֆիլմերի, արխիվային տեսանյութերի, տպագիր մամուլի հրապարակումների հավաքածու է․ ցուցահանդեսը հայկական մեդիայի 30 տարվա աշխատանքն է՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում։
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» տնօրեն Նունե Սարգսյանը պարզաբանեց` «Լրատունը» շրջիկ ցուցահանդես է, որը ներկայացնում է Հայաստանի համար կարևոր իրադարձությունների լուսաբանման պատմությունը, լրատվամիջոցների աշխատանքը։
Կարդացեք նաև
Ցուցահանդեսը Գյումրու սրտում կգործի 10 օր։
«Մեր ցուցահանդեսը էկրանների մեջ է, այնտեղ տեսանյութեր են, ձայնագրություններ են, հիմնականում մուլտիմեդիա է»,- ասաց Նունե Սարգսյանը։
Ծրագրի ղեկավար Մանե Գրիգորյանն էլ հայտնեց, որ այն 3 տարի է՝ իրագործում են։
«Ծրագրի միջոցով մենք փորձում ենք հզորացնել լրագրողների հմտությունները, գիտելիքները, թե ինչպես պետք է լուսաբանել հակամարտությունները, ինչպես պետք է նուրբ ու զգայուն թեմաները տեղ գտնեն մեդիայում»,-ասաց բանախոսը։
Նա տեղեկացրեց, որ Գյումրիի ցուցահանդեսով եզրափակում են ծրագիրը։
«Լրատուն» Գյումրիի ծրագրի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանն էլ պատմեց, որ ցուցահանդեսն առաջին անգամ բացվել է Երևանում, բայց քաղաքից քաղաք շրջագայելիս՝ ավելացրել են նյութերը։
«Թեման, որը մենք հիմա այստեղ ներկայացնում ենք, փորձ է, առաջարկ է, տեղ է, տարածություն է, գուցե և ժամանակ է, որպեսզի մենք հետհայացք ունենանք, գուցե ուրիշ կողմից նայենք մեր կայացրած որոշումներին, մեր աշխատանքն ավելի որակով անենք և օգնենք մարդկանց ավելի ճիշտ որոշումներ կայացնել, որոնք կարող են ազդել իրենց կյանքի վրա»,-ասաց Գեղամ Վարդանյանը։
Ցուցահանդեսին լուսանկարների հեղինակներից միայն ներկա էր լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը։
Ցուցահանդեսում նրա մյուս լուսանկարների կողքին կախված էր նաև արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1993 թվականի ապրիլին Քելբաջարում արված «Սարգիս Հացպանյանը և Շեյխա Խանումը» վերնագիրը կրող լուսանկարը, որն ամենահայտնի, խոսուն ու ամենաքննարկվածն է բոլոր պատերազմների վավերագրություններից։
Հեղինակն ասաց, որ այն համարում է մեր հաղթանակի լուսանկարը։
«Այս նկարում ոչ մի թատրոն չկա, ավտոմատները վեր բարձրացած վիճակը չէ մեր հաղթանակը։ Մեր զինվորն է՝ իր հաղթած կերպարով, պատերազմի զոհի՝ տարեց կնոջ հետ։
Բարդ բան եմ ասում, դու հաղթել ես, մարդը հայտնվել է գերության մեջ, ձեռքդ գցել ես ուսին։ Դա հաղթողի զգացողությունն է, կարծում եմ՝ մենք հետո ո՛չ կարողացանք ձևակերպել մեր հաղթանակները, ո՛չ կերպավորել»։
Նա ասաց, որ այս նկարի մեջ սարքովի ոչինչ չկա, թեև ինքն է խնդրել Սարգիս Հացպանյանին գալ ու օգնել հասկանալու Շեյխա Խանումին, բայց չի ասել, թե ձեռքդ գցի նրա ուսին։
«Գուցե մի մասը մտածեն՝ սարքել ես, որ պրոպագանդա անես, ես սարքել-չսարքելու հմտությունները շատ լավ գիտեմ՝ ոնց է արվում։
1996 թվականին Երևանում այս նկարը պլակատով ցույց տրվեց, ու դրանից հետո Սարգիսը՝ որպես հաղթանակի կերպար, սիրվեց ու դարձավ սիմվոլ։ Մենք պրոպագանդայով հերոսներ չենք սարքում, ես ո՞վ եմ, որ Սարգիսին՝ Սարգիս սարքեմ, պարզապես դու էդ պահին այնտեղ ես, պատմական պահի ներկա ես, գրանցում ես, նկարի կենսագրությունն ինքն է որոշում ՝ ոնց պիտի լիներ։
Երբ որ ժապավենով նայում եք այդ պրոցեսը՝ ոնց եմ անցել, երևում է՝ ես ոնց եմ կառուցել էս կադրը, բայց ես չէի կարող Սարգիսին ասել՝ մի հատ ժպտա, պրոպագանդա արա։ Սա զուտ մեր հաղթած վիճակն է, իսկ մեր պարտված վիճակը մեր մշակույթում է երևում, մեր երգերում՝ «Գնա մեռի, արի սիրեմ», «Մեռի, մամ ջան», դա մեր սխալ գաղափարախոսության արդյունքն է, մենք սխալ ենք ապրել։ Լուսանկարը ինքը հետկրակոցի նման է, քեզ ստիպում է հետ նայելու»,-ասաց հեղինակը։
Այս լուսանկարն ադրբեջանցիները ևս օգտագործել են որպես խորհրդանիշ․ Ադրբեջանում շատերը, տեսնելով զինվորի ջերմ վերաբերմունքը տարեց կնոջ նկատմամբ ու չիմանալով, որ լուսանկարում հաղթանակած հայ զինվորի կերպարը մարմնավորող Սարգիս Հացպանյանն է, այն մեկնաբանում էին որպես որդուն ռազմի դաշտ ուղարկող մոր նկար։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ