Վերջին տարիների մարտահրավերները՝ համավարակը, 44-օրյա պատերազմը, Արցախի շրջափակումը, Ադրբեջանի կողմից պարբերական ագրեսիայի դրսևորումներն ու դրանց բացասական հետևանքներն օրեցօր ավելի են խորացնում կրթական համակարգի ճգնաժամը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակում կրթության իրավունքի պաշտպանության կարևորությունը՝ Հայաստանում մի շարք հեղինակավոր կրթական կազմակերպություններ, որոնք, միավորվելով մեկ հարթակում, հանդես են գալիս Կրթական իրավունքի քաղաքացիական նախաձեռնություն (ԿԻՔՆ) անվամբ, մարտի 16-ին համատեղ նախաձեռնել էին ճգնաժամային իրավիճակներում կրթության իրավունքին նվիրված պանելային քննարկում՝ միջազգային և տեղական շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ:
Միայն ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Հայաստանի սահմանամերձ շրջաններում և հատկապես Արցախում կրթական իրավունքի իրացումը դարձել է խիստ խոցելի: Քննարկման ժամանակ ներկայացված զեկույցը դրա առանցքային հիմնավորումն էր. փաստահավաք խումբն այս ամիսների ընթացքում ուսումնասիրել, քննարկել և համագործակցությամբ դուրս էր բերել հնարավոր բոլոր խախտումներն ու իրական պատմությունները:
Ըստ զեկույցի՝ ավելի քան 20.000 երեխա տևական ժամանակ զրկված է կրթության իրավունքից. հանրակրթական դպրոցների 65%-ը փակվել են գազի խափանման պատճառով՝ արդյունքում թողնելով Արցախի դպրոցականների 60%-ին առանց կրթության, խաթարվել է գրեթե բոլոր միջին մասնագիտական հաստատությունների, արվեստի և բժշկական քոլեջների աշխատանքը, դադարել են գործել բոլոր համալսարանները: 50 երիտասարդ չի կարողացել մասնակցել բուհերի ընդունելության միասնական քննություններին: «Համաշխարհային առումով գուցե թվերը փոքր են թվում ու մեզ էլ հաճախ դրա մասին ասում են, բայց մեզ համար, մեր համայնքի ներսում սրանք սարսափելի թվեր են. հարյուրավոր մարդիկ զրկված են աշխատանքից, կրթության իրավունքից, տարրական հաղորդակցման ու լոգիստիկ պայմաններից, և այս թվերն օրեցօր աճում են»,- ասաց ՀԲԸՄ ղեկավար Մարինա Մխիթարյանը:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում կրթական կազմակերպությունների, դպրոցների, հիմնադրամների ներկայացուցիչները ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության համատեքստում ներկայացրին այն հիմնական խնդիրները, որոնց բախվել են այս ընթացքում Արցախի հետ կամ Արցախում իրականացվող ծրագրերի և նախատեսվող նախագծերի շրջանակում:
Մեծապես կարևորելով միջազգային և տեղական կառույցների դերն ու ներգրավվածությունը կրթության իրավունքի պաշտպանության համատեքստում՝ հանդիպմանը հրավիրված էին բոլոր պատասխանատու կառույցները, բայց քննարկմանը մասնակցեցին միայն ՅՈՒՆԻՍԵՖ-իԻ և Հայկական Կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչները՝ ներկայացնելով այն հիմնական ծրագրերն ու անելիքները, որոնք արվել են շրջափակման ընթացքում:
Բարձրաձայնելով խնդիրների մասին և ահազանգելով այն օրհասական իրավիճակի մասին, որում կարող է հայտնվել կրթության ոլորտն ընդհանուր առմամբ և Արցախի կրթական համակարգը, մասնավորապես, ԿԻՔՆ-ը առաջնային և անհրաժեշտ է համարում վերականգնել Արցախը Հայաստանին և ողջ աշխարհին կապող ցամաքային միակ ճանապարհով անվտանգ հաղորդակցությունը, կանխել կրթական իրավունքի խախտման դեպքերը՝ այս համատեքստում ներգրավելով համապատասխան մանդատ ունեցող կառույցներին, մշակել վերահսկողության գործիքներ, որպեսզի Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում բնակվող երեխաները դուրս չմնան կրթական գործընթացից և կարողանան լիարժեք իրացնել իրենց կրթության և զարգացման իրավունքը:
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն