Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա դուստրերի՝ Անուշ Մինասյանի եւ Սաթենիկ Սարգսյանի դեմ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը: Իրավասու մարմինը դիմել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։
Հիշեցնենք, որ նախորդ նիստում, իրավասու մարմինը հանդես էր եկել հայցի հիմքը եւ առարկան փոփոխելու վերաբերյալ միջնորդությամբ: Այն վերաբերում է «Արարատ բանկում» Սերժ Սարգսյանին եւ Ռիտա Սարգսյանին պատկանող ավանդային հաշիվները, ներդրված ավանդներից կուտակված տոկոսային հաշիվները հստակեցնելուն. իրավասու մարմինը հստակեցրել է կոնկրետ հաշիվները՝ ըստ պայմանագրի համարների: Հայցվորի պահանջներից մեկն էլ «Արարատ բանկում» Սերժ Սարգսյանին եւ Ռիտա Սարգսյանին պատկանող ավանդային հաշիվների բռնագանձումն է՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության։
Այսօր կայացած նիստում պատասխանողի ներկայացուցիչներ Վահագն Գրիգորյանը եւ Ամրամ Մակինյանը միջնորդեցին գործով ինքնուրույն պահանջ չներկայացնող 3-րդ անձ ներգրավել «Արարատ բանկ» ընկերությանը: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանն առարկեց պատասխանողի ներկայացուցիչների միջնորդության դեմ:
Ուշագրավ էր, որ հայցվորի ներկայացուցիչը դեմ է բանկին, որպես 3-րդ անձ ներգրավելուն, սակայն դեմ չէ, եթե դատարանը ծանուցի բանկին։ Պատասխանողի ներկայացուցչի տարակուսանքին՝ ի՞նչ տարբերություն կա՝ բանկը ծանուցվելու է, թե՞ ներգրավվելու է գործով որպես 3-րդ անձ, Տիգրան Ենոքյանը պատասխանեց, որ ինքը բանկի իրավունքներին եւ շահերին առնչվող որեւէ հանգամանք չի տեսնում։ Ծանուցումից հետո, եթե առեւտրային բանկի ներկայացուցիչները դիրքորոշում կներկայացնեն եւ կհիմնավորեն, որ այդպիսով բանկի իրավունքներն ու շահերը եվս շոշափվում են, հայցվորի ներկայացուցիչն արդեն միգուցե դեմ չլինի պատասխանողի միջնորդությանը:
Կարդացեք նաև
Պատասխանողի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը հիշեցրեց, որ հայցի առարկան փոփոխելու վերաբերյալ դատախազության միջնորդության մեջ նշվում է՝ բռնագանձվելու է ոչ թե ավանդի գումարը, այլ հենց ավանդը․ «Եթե ընդունենք, որ դատարանը բավարարում է իրավասու մարմնի պահանջը, Հայաստանի հանրապետության անվամբ է գրանցվում է ավանդը, ապա ՀՀ-ն չի դառնո՞ւմ ավանդային պայմանագրի կողմ․ մյուս կողմում էլ «Արարատ բանկն» է։ Արդյո՞ք այս պայմաններում «Արարատ բանկի» համար իրավունքներ եւ պարտականություններ չեն առաջանում»։
Հայցվորի ներկայացուցիչ Տիգրան Ենոքյանի կարծիքն անփոփոխ էր. իր ներկայացմամբ, իրավունքներ եւ պարտականություններ պետության եւ բանկի միջեւ առաջանալու են, սակայն դա չի ազդելու բանկի՝ նշված ավանդային պայմանագրի շրջանակներում իրականացվող գործունեության վրա: Ուստի, նրա պնդմամբ, հարցի վերաբերյալ հենց բանկը պետք է դիրքորոշում ներկայացնի․ «Միգուցե առեւտրային բանկին ընդհանրապես հետաքրքիր չէ, թե ո՞վ կլինի ավանդի հասցեատերը»։
Պատասխանողի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը հայտարարեց, որ առնվազն երկու օրինակ կարող է բերել, որոնցից ակնհայտ է դառնում, որ հայցվորի ներկայացրած դիրքորոշումը հակասում է այլ գործերով դատարանի կողմից ընդունված դատական ակտերին։ Խոսքը ՀՀ պաշտոնաթող նախագահ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի եւ նրա կնոջ` Արմինե Հարությունյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի եւ դրամական միջոցների բռնագանձման գործի մասին է: Այդ գործերով ՀՀ գլխավոր դատախազության հայցադիմումի քննարկման ժամանակ պատասխանողների ներկայացուցիչները նման միջնորդություն էին ներկայացրել, որը բավարարվել էր:
Պատասխանողի ներկայացուցիչների համար առնվազն անհասկանալի է, թե ինչո՞ւ այլ գործով իրավասու մարմինը գոնե ծանուցելու խնդիր ի սկզբանե չի տեսել, իսկ այս գործով նման դիրքորոշում է որդեգրել: Վահագն Գրիգորյանը հայտարարեց, որ իրավասու մարմինը փաստաբանի կամ քաղաքացու դիրքորոշում իրավունք չունի որդեգրել. «Իրավասու մարմնի դիրքորոշումը պետք է լինի միասնական»: Պատասխանողի ներկայացուցիչների պնդմամբ, առանց եթե ստեղծվի մի իրավիճակ, երբ դատարանը բավարարի հայցը, ապա պետությունը բանկին պահանջ է ներկայացնելու, որից հետո նաեւ պատասխանողը կարող է պահանջ ներկայացնել, քանի որ կա պայմանագիր, որը լուծված չէ: Այս իմաստով, պատասխանողի ներկայացուցիչների գնահատմամբ, բացասական ազդեցություն կարող է լինել: Հայցվորի ներկայացուցչի դիտարկմամբ է, խնդիրը կլուծվի, եթե բանկը ծանուցվի եւ օրինակ, դիրքորոշում հայտնի, որ առարկություն չունի եւ չի ցանկանում ներգրավվել որպես երրորդ անձ: Պատասխանողի ներկայացուցիչը հակադարձեց՝ միայն բանկի ցանկանալով չի, երրորդ անձի ներգրավումը նաեւ պատասխանողի շահերից է բխում:
«Արարատ բանկ» ընկերությանը 3-րդ անձ ներգրավելու պատասխանողների դիմումի վերաբերյալ, դատարանը որոշում կկայացնի առանձին դատական ակտի ձեւով:
Նիստը հետաձգվեց՝ մինչեւ դատարանի որոշումը: Հաջորդ նիստի օրն ու ժամը լրացուցիչ կհստակեցվի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ