Որքանով է համապատասխանում իրականությանն այն տեղեկատվությունը, որ նախորդ տարվա առաջին կիսամյակին Հայաստանից Թուրքիա է արտահանվել 353 կգ ոսկու ձուլակտոր, արդյոք պետական մարմինները վտանգ չե՞ն տեսնում, որ Հայաստանի կամ հայկական կոնկրետ ընկերությունների նկատմամբ ևս Արևմուտքը պատժամիջոցներ կկիրառի՝ հաշվի առնելով լուրերն այն մասին, թե ձուլակտորները հիմնականում ոչ թե Հայաստանում են արտադրվում , այլ Ռուսաստանում, Հայաստանի տնտեսության վրա ինչպիսի՞ ազդեցություն կունենա այս ամենը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն ուղղված Aravot.am-ի այս հարցերը ողջ օրվա ընթացքում անպատասխան մնացին՝ չնայած օրվա ընթացքում հնչող հավաստիացումներին, թե պատասխանը պատրաստվում է, օրվա ընթացքում կներկայացնեն:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած «ՀՀ արտաքին առևտուրն երկիր-ապրանք կտրվածքով (2021-2022թթ. I կիսամյակ)» վիճակագրության համաձայն, նախորդ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից ընդհանուր առմամբ արտահանվել է 2514 կգ 800 գ ոսկի, որի մաքսային արժեքը կազմել է 93 միլն 929 հազար 700 ԱՄՆ դոլար: Նշված ժամանակահատվածում Թուրքիա արտահանվել է 353 կգ 100 գ ոսկի, որի մաքսային արժեքը կազմել է 20 մլն 167 հազար 100 ԱՄՆ դոլար:
ՊԵԿ-ի պաշտոնական տվյալների համաձայն, այս ցուցանիշը՝ 353 կգ-ն առհասարակ վերաբերվում է Թուրքիա արտահանած ոսկու, ոսկու փոշուն, ոսկու պատվածքով իրերին, մինչդեռ տնտեսագետ Սուրեն Պարսյանը «Ազգ»-ում մտահոգություն էր հայտնել, որ խոսքը հենց ձուլակտորների, այլ ոչ թե զարդերի մասին է: Ավելին՝ Հայաստանից Թուրքիա արտահանված ապրանքաշրջանառության 99 տոկոսը հենց այդ ձուլակտորներն են եղել: Տնտեսագետը կարծում է, որ Թուրքիա արտահանումների փաստը կարող է դուր չգալ Արևմուտքին կամ ԱՄՆ-ին: Նրա խոսքով, այդ ձուլակտորները հիմնականում ոչ թե ՀՀ-ում, այլ ՌԴ-ում են արտադրվում, ու մեր երկրի միջոցով հայտվում Թուրքիայում:
Ի պատասխան Aravot.am-ի այն հարցի, թե ո՞ր ընկերություններն են ոսկի արտահանել Թուրքիա՝ ՊԵԿ-ից հայտնեցին, որ Թուրքիա ոսկի արտահանել է մեկ կազմակերպություն, ուստի դրա անվանումը հանդիսանում է առևտրային գաղտնիք և ենթակա չէ տրամադրման:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ օրերս այս խնդիրը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում մտահոգիչ համարեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, որին ընդհատեց քպական Սիսակ Գաբրիելյանը: Ընդդիմադիր պատգամավորի տվյալներով, անկախացումից ի վեր, կես տարվա կտրվածքով նման ցուցանիշ չի գրանցվել:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ