Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախում ավելի քան 20.000 երեխա տևական ժամանակ զրկված է կրթության իրավունքից. Կրթության իրավունքը ճգնաժամային իրավիճակում

Մարտ 17,2023 18:17

Վերջին տարիների մարտահրավերները՝ համավարակը, 44-օրյա պատերազմը, Արցախի շրջափակումը, Ադրբեջանի կողմից պարբերական ագրեսիայի դրսևորումներն ու դրանց բացասական հետևանքներն օրեցօր ավելի են խորացնում կրթական համակարգի ճգնաժամը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակում կրթության իրավունքի պաշտպանության կարևորությունը՝ Հայաստանում մի շարք հեղինակավոր կրթական կազմակերպություններ, որոնք հանդես են գալիս Կրթական իրավունքի քաղաքացիական նախաձեռնություն (ԿԻՔՆ) անվամբ, մարտի 16-ին համատեղ նախաձեռնել էին ճգնաժամային իրավիճակներում կրթության իրավունքին նվիրված պանելային քննարկում՝ միջազգային և տեղական շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ:
Միայն ադրբեջական ագրեսիայի արդյունքում Հայաստանի սահմանամերձ շրջաններում և հատկապես Արցախում կրթական իրավունքի իրացումը դարձել է խիստ խոցելի: Քննարկման ժամանակ ներկայացված զեկույցը դրա առանցքային հիմնավորումն էր. փաստահավաք խումբը այս ամիսների ընթացքում ուսումնասիրել, քննարկել և համագործակցությամբ դուրս էր բերել հնարավոր բոլոր խախտումներն ու իրական պատմությունները:

Ըստ զեկույցի՝ ավելի քան 20.000 երեխա տևական ժամանակ զրկված է կրթության իրավունքից. Հանրակրթական դպրոցների 65%-ը փակվել են գազի խափանման պատճառով՝ արդյունքում թողնելով Արցախի դպրոցականների 60%-ին առանց կրթության, խաթարվել է գրեթե բոլոր միջին մասնագիտական հաստատությունների, արվեստի և բժշկական քոլեջների աշխատանքը, դադարել են գործել բոլոր համալսարանները: 50 հոգի չի կարողացել մասնակցել բուհերի ընդունելության միասնական քննություններին:

«Համաշխարհային առումով գուցե թվերը փոքր են թվում ու մեզ էլ հաճախ դրա մասին ասում են, բայց մեզ համար, մեր համայնքի ներսում սրանք սարսափելի թվեր են. հարյուրավոր մարդիկ զրկված են աշխատանքից, կրթության իրավունքից, տարրական հաղորդակցման ու լոգիստիկ պայմաններից, և այս թվերը օրեցօր աճում են»,- ասաց ՀԲԸՄ ղեկավար Մարինա Մխիթարյանը:

Հանդիպման ընթացքում կրթական կազմակերպությունների, դպրոցների, հիմնադրամների ներկայացուցիչները ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության համատեքստում ներկայացրին այն հիմնական խնդիրները, որոնց բախվել են այս ընթացքում Արցախի հետ կամ Արցախում իրականացվող ծրագրերի և նախատեսվող նախագծերի շրջանակում:

Վերջիններս համոզմունք հայտնեցին, որ ինչպես նախորդ ճգնաժամերի ընթացքում հնարավոր եղավ կարծարատիպերից դուրս մտածելով, նորարար ու արդյունավետ լուծումներ գտնել, այնպես էլ այսօր համատեղ ուժերով և համագործակցությամբ հնարավոր կլինի աշխատել ու հաղթահարել մարտահրավերները:

Մեծապես կարևորելով միջազգային կառույցների դերն ու ներգրավվածությունը կրթության իրավունքի պաշտպանության համատեքստում՝ հանդիպմանը հրավիրված էին բոլոր պատասխանատու կառույցները, բայց քննարկմանը մասնակցեցին միայն ՅՈՒՆԻՍԵՖԻ կրթության ներկայացուցիչ և Հայկական Կարմիր Խաչի լրատվության և լուսաբանման բաժնի ղեկավարը՝ ներկայացնելով այն հիմնական ծրագրերն ու անելիքները, որոնք արվել են շրջափակման ընթացքում:

Բարձրաձայնելով խնդիրների մասին և ահազանգելով այն օրհասական իրավիճակի մասին, որում կարող է հայտնվել կրթության ոլորտը ընդհանուր առմամբ և Արցախի կրթական համակարգը մասնավորապես, ԿԻՔՆ-ը առաջնային և անհրաժեշտ է համարում վերականգնել Արցախը Հայաստանին կապող ցամաքային միակ ճանապարհով անվտանգ հաղորդակցությունը, կանխել կրթական իրավունքի խախտման դեպքերը, այս համատեքստում կարևորելով համապատասխան մանդատ ունեցող կառույցների դերը, մշակել վերահսկողության գործիքներ, որի արդյունքում Արցախում և Հայաստանի սահամանամերձ շրջաններում բնակվող երեխաները ստիպված չեն լինի պարբերաբար դուրս մնալ կրթական գործընթացներից:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031