Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասկանում եմ ձեր արտաքին քաղաքական ճաշակը»․ Խամոյանը՝ ՔՊ պատգամավորին

Մարտ 17,2023 18:09

«Շնորհակալ եմ Եվրամիությանը՝ ՀՀ առաքելություն ուղարկելու համար։ Սահմանամերձ գյուղերի բնակիչները հատկապես իրենց վերաբերմունքն արտահայտել են Ադրբեջանի կողմից մեր ինքնիշխան տարածքի հարձակումների առիթով ՌԴ զինված ուժերի եւ քաղաքական իշխանության քայլերի մասին։ ՀՀ-ի հանդեպ 3 օկուպացիաների փաստին գնահատական չտված միակ քաղաքական միավորը ՀԱՊԿ-ն է, որի մասն է ՌԴ-ն»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում այսօր «ՀՀ կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։

Հիշեցնենք, որ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ասել էր, թե ԵՄ դիտորդական առաքելության ժամանումը ՀՀ նվազեցրել է սահմանին սադրանքների թիվը, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նրան հարցրել էր՝ այդ առիթով Ռուսաստանի բողոքի նոտաների մասին ի՞նչ դիրքորոշում ունի։

Սոնա Ղազարյանը դիմեց Ագնեսա Խամոյանին․ «Տիկին Խամոյան, զարմացնում է, որ ձեզ ՌԴ-ի վերաբերմունքն է հետաքրքրում։ Ձեզ պետք է հետաքրքրեին ՀՀ-ի բոլոր ջանքերը՝ իր տարածքային ամբողջականության պաշտպանության համար։ ՀՀ-ն չի խորշել դիմել բոլոր քայլերին, որոնք կօգնեն պաշտպանել մեր տարածքային ամբողջականությունը։ ԵՄ-ն բացառիկ արագությամբ որոշում կայացրեց»։

Ագնեսա Խամոյանն արձագանքեց․ «Հիշեցնեմ, որ ես եւ դուք պատգամավորներ ենք եւ անկախ նրանից, թե որ հանձնաժողովում ենք, կաշկանդվածություն չպետք է ունենանք հարցեր բարձրաձայնելիս։ Խնդրում եմ չմանիպուլացնել իմ հարցերը։ Հասկանում եմ ձեր արտաքին քաղաքական ճաշակը, բայց ինձ զարմացնում են ձեր ցուցադրական գնահատականները։ Տարակուսելի է։ Անկախ ամեն ինչից՝ ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է, եւ ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա։ Բոլոր թերություններով հանդերձ՝ ՌԴ խաղաղապահներն են ապահովում արցախցիների անվտանգությունը եւ այդ մասին փաստել է ձեր վարչապետը։ Ուստի տարակուսելի են ձեր գնահատականները»։

Հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը նշեց՝ Սոնա Ղազարյանը համեմատության մեջ է դիտարկում արել, ոչ թե ասել է, թե իրեն որեւէ բան չի հետաքրքրում։

Սոնա Ղազարյանն իր հերթին պատասխանեց, որ արտաքին հարաբերություններում ինքը որեւէ ճաշակ չունի․ «Ի տարբերություն որոշների, որոնք հանրությունում եւ ԱԺ-ում ներկայացնում են այլ պետությունների շահերը, ես ունեմ մի հետաքրքրություն՝ ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ ՀՀ իշխանությունը չի խորշելու տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիմել բոլոր այն սուբյեկտներին, որոնք չեն խորշում արձանագրել, որ ՀՀ-ն երեք անգամ ենթարկվել է ագրեսիայի։ Ձեր համար հարց չի՞ առաջանում՝ ՀԱՊԿ-ն ինչո՞ւ չի ներկայացնում համապատասխան գնահատական ՀՀ-ի օկուպացիայի փաստին։ ՀՀ ընտրված վարչապետն այդ հարցը բարձրաձայնում է»։

Արման Եղոյանը հետո դիմեց Ագնեսա Խամոյանին՝ ասելով, որ ՀՀ-ն չունի այնքան ունակություն, որ ՌԴ-ի նման ինստիտուտներ ունեցող երկիրը եւ նույնքան ուժեղ արեւմտյան երկրներն իրենց շահերը բախեն մեր տարածաշրջանում․ «Մենք չենք որոշում դա։ Արտաշեսյանները չեն արել այնպես, որ Հռոմն ու Պարսկաստանն այստեղ բախվեն իրար։ Խնդրում եմ ՀՀ իշխանությանը համաշխարհային մեղքերի մեջ չմեղադրել, չասել, թե ՀՀ-ն է սադրել ԱՄՆ-ՌԴ բախումը մեր տարածաշրջանում։ Դա ՀՀ-ի մասին մտածող մարդու մեղադրա՞նք է բա»։

Հ․Գ․ ՀՀ տարածքային ամբողջականությամբ մտահոգված Սոնա Ղազարյանին հիշեցնում ենք, որ նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությունից կարճ ժամանակ անց հայկական ուժերի հետքաշումը մինչեւ Շուռնուխ եւ Որոտան տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի բանավոր հրամանով, եւ ինքն է այդ մասին ասել։ Բացի այդ, թշնամու վերահսկողությանն է հանձնել Գորիս-Կապան միջպետական ճանապարհի մի հատված, որի՝ սովետական Ադրբեջանին պատկանելիությունը փաստող որեւէ փաստաթուղթ չկա։ Իսկ նույն Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Սեւ լճի 30%-ի համար կռիվ չեն անելու։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031