Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը

Մարտ 17,2023 18:21

Մարտի 16-ին մեկնարկեց Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնը։ Համերգային ծրագրում ընդգրկված բոլոր 3 ստեղծագործություններն էլ պրեմիերաներ էին։ Հարություն Դելլալյանի «Մահ» սիմֆոնիկ պոեմը Հայաստանում հնչում էր առաջին անգամ։ Առաջին անգամ էին կատարվում Ժիրայր Շահրիմանյանի Թիվ 1 սիմֆոնիան՝ նվիրված Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, և Նորայր Հարությունյանի Կոնցերտինոն՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։

Համերգը ղեկավարում էր ֆրանսիացի դիրիժոր Ռեմի Դյուրուն։ Վերջինս, խոսելով ներկայացված ստեղծագործությունների մասին, նշել է, որ սովորաբար դիրիժորը հյուրախաղերի մեկնում է իր ծրագրով, իսկ Երևանում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակում հակառակն էր. նվագախումբն է առաջարկել երկացանկը։ Դիրիժորը նկատում է նաև, որ առաջին անգամ է ներկայացնում հայ հեղինակների ստեղծագործությունները, թեև նրանցից շատերի (և՜ դասական, և՜ ժամանակակից) արվեստին ծանոթ է։ «Ինձ համար շատ հետաքրքիր էր բացահայտել հայ կոմպոզիտորներին։ Նախևառաջ ես բացահայտեցի շատ ինքնատիպ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանին, որի ստեղծագործությունն ունի բացառիկ հնչողություն, գուցե ոչ սովորական, բայց անչափ հետաքրքիր։ Գեղեցիկ գույներով ու էներգիայով էին լի նաև երիտասարդ կոմպոզիտորներ Ժիրայր Շահրիմանյանի և Նորայր Հարությունյանի գործերը»։ Անդրադառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությանը, մաեստրո Դյուրուն նկատում է, որ հիանալի, ոգեղեն, արագ կոնտակտի մեջ մտնող նվագախումբ է՝ շատ լավ լարային ու փողային կազմերով։

Նորայր Հարությունյանի Կոնցերտինոն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը, ով 2021 թվականից ղեկավարում է Հայաստանի կոմպոզիտորների միության երիտասարդական ֆորումի աշխատանքները։ Ֆորումը համագործակցում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի հետ, որտեղ ներկայացվում են նաև երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Դաշնակահարը նկատում է, որ Նորայր Հարությունյանի ստեղծագործության կատարումը մեծ խթան կհանդիսանա, որպեսզի նա է՜լ ավելի մեծ բարձունքներ գրավի։ «Նորայր Հարությունյանը 12 սիմֆոնիաների հեղինակ է։ Կոնցերտինոն նա գրել է վաղ շրջանում՝ դեռևս 16 տարեկանում, և այս ստեղծագործության մեջ արտացոլված են պատանու կենսուրախ տրամադրությունները։ Շատ հետաքրքիր, դրական ստեղծագործություն է»,- ասաց Լիլիթ Արտեմյանը։

Կոմպոզիտոր Ժիրայր Շահրիմանյանը նշեց, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցում է 2016 թվականից, նվագախումբը կատարել է իր սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններից։ Ժիրայր Շահրիմանյանն ընդգծում է, որ փառատոները կոմպոզիտորների համար ունկնդրին ներկայանալու հարթակ են, նաև խթան ու ոգեշնչում, որպեսզի կոմպոզիտորը նոր ստեղծագործություններ գրի։

Հայ կոմպոզիտորական արվեստի 14-րդ փառատոնի շրջանակում կանցկացվի ևս երկու համերգ՝ ապրիլի 17-ին և 20-ին։ Փառատոնը հնարավորություն է ստեղծում մեծանուն կոմպոզիտորների երաժշտական ժառանգության կողքին ներկայացնելու նաև երիտասարդ հեղինակների ստեղծագործություններ:

Փառատոնի կարևորագույն բաղադրիչներից է հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, պարտիտուրների և նվագաբաժինների թվայնացումն ու պահպանումը: Փառատոնի գոյության ընթացքում թվայնացվել են հայ կոմպոզիտորների 100-ից ավելի մեծակտավ ստեղծագործություններ, ձայնագրվել են 250-ից ավելի երաժշտական երկեր, իրականացվել են 180-ից ավելի պրեմիերաներ։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031