Լրահոս
Օրվա լրահոսը

Մտածեցի՝ ինչ որ բան չգցեն գրպանս, դրա համար սկսեցի տեսաձայնագրել. պատմում է պարեկների կողմից խուզարկված կինը

Մարտ 17,2023 17:45

Նոր Նորքի այգում պարեկների կողմից խուզարկված կինը Նինա Ղանդիլյանն է` Ազգային ժողովրդավարական բեւեռ շարժման անդամ:

Նա գիտական 56 աշխատության հեղինակ է, այժմ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող (արվեստի ամբիոն): Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ հիմա աշխատում է իր երկրորդ ատենախոսության վրա, դեպքի օրը հոգնած էր, որոշել էր աշխատանքը շարունակել մաքուր օդում:

«Չեմ բացառում, ինչո՞ւ ոչ, որովհետեւ շատերին են հետապնդում»,- մեր հարցին՝ միգուցե Ազգային ժողովրդավարական բեւեռի անդամ լինելու պատճառո՞վ էին պարեկները ձեզ խուզարկում, այսպես արձագանքեց Նինա Ղանդիլյանը:

Նրա պատմելով՝ այն, ինչ տեսանք իր տարածած հայտնի տեսանյութում, ավելի մեղմ էր. «Ավելի վատ էին իրենց պահում մինչեւ տեսաձայնագրությունը: Մինչ այս՝ որեւէ տեսագրություն համացանց չեմ գցել: Երբ պահանջեցին՝ բացեմ պայուսակս, գրպաններս ցույց տամ, մտածեցի՝ ինչ որ բան չգցեն գրպանս, դրա համար սկսեցի տեսաձայնագրել: Հետո որոշեցի հրապարակել, որ նման երեւույթը համատարած չլինի»:

Անդրադառնալով իր տեսանյութին համացանցում հաջորդած  մեկնաբանություններին, որոնք հիմնականում պարեկներին ուղղված քննադատություն էր, մեր զրուցակիցը շարունակեց. «Հիմնականում դատապարտում են ոստիկանների պահվածքը, բայց ցանկանում եմ ասել, որ ես իրենց ավելի շատ որպես երեխեքի եմ վերաբերվում: Ո՞վ է իրենց սովորեցրել: Ո՞վ է այդքան շատ ոստիկան մեր հարկերով պահում ու կարգին էլ չեն սովորեցնում, ուղարկում են գործի: Ավելի շատ իմ վրդովմունքը իրենց ղեկավարությանն է ուղղված եղել: Չարժե վատ խոսքերով վիրավորել այդ երեխեքին, այդ ջահել աղջիկներին: Ինչ կատարվում է՝ ընդհանուր երկրում է կատարվում, ընդհանուր համակարգում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ. Գ. Այգում գիրք կարդացող կնոջն անօրինական հիմքով, առանց ընթերակաների մասնակցության, անձնական խուզարկության ենթարկած ոստիկանության ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ հենց տեսանյութի տարածման օրը ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի հանձնարարականով՝ ծառայողական քննություն է նշանակվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031