Շատ բարի, խեղճ անձնավորություն էր. խելոք, նորմալ ընտանիքի տղա: Համագյուղացիներն այսպես են բնութագրում մարտի 14-ին «կրիստալ» տեսակի թմրանյութ պահելու, օգտագործելու եւ իրացնելու համար ձերբակալված, իսկ երեկ՝ մարտի 16-ին կալանավորված կրտսեր պարեկին՝ Տիգրան Առաքելյանին:
«Սոցիալական վիճակը ոչ բավարար, չարքաշ գյուղացու նման ապրել է, մինչեւ պարեկ դառնալը տրակտոր է վարել, հողագործություն է արել: Իմ հավատալը չի գալիս: Ինչ ասում են իր հասցեին, ճիշտ չէ: Գերազանց երեխա է: Պետք չէ միամիտ երեխու վրա սարքեն: Էդքան տարի համայնքում ապրել է, ոչ մի վատ կամ տարօրինակ բան չենք նկատել: Էսքանը կասեմ, մնացածը իրավապահների գործն է»,- Aravot.am-ին ասաց պարեկին լավ ճանաչող Խաչիկ Խաչատրյանը:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Տ. Առաքելյանը աշխատում էր ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտում՝ որպես կրտսեր պարեկ: Վերջինս ենթարկվել էր անձնական խուզարկության և բաճկոնի գրպանում հայտնաբերվել էր պոլիէթիլենային փաթեթ, որի մեջ առկա էր եղել 2 հատ փայլաթիթեղյա փաթեթ, որում եղել էր սպիտակ գույնի բյուրեղանման զանգված:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ