Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ չենք խոսում, որ Ադրբեջանում, բուն Բաքվում՝ ապրում էր միլիոնից ավելի հայություն». Նարինե Դիլբարյան

Մարտ 17,2023 16:54

«Բացարձակ չեմ զարմանում Ալիեւի վերջին հայտարարություններից … Մի բանում մեր երդվյալ թշնամուն գոնե կարելի է չմեղադրել, դա նպատակասլաց ուղղամտությունն է, ինքը հետեւողականորեն իրականացնում է ոչ միայն Արցախի թուրքականացման իր նախագիծը: Գոյություն ունի Թյուրքիայի ազգային ուխտ, այդ ուխտի գաղափարներով է իրենց քաղաքական ընտրանին գործում, այնտեղ չկա Հայաստան, այլ կա Արեւմտյան Ադրբեջան, իսկ ավելի խորը՝ Թուրանական տարածք:

Իրենք հետեւողականորեն գնում են այդ ճանապարհով ու ոչ մի դիմադրության չեն արժանանում: Բնականաբար, այս պարագայում վայրագ ցեղերը, չստանալով անգամ դիվանագիտական հակահարված Հայաստանի կողմից, շարունակում են իրենց ցնորական գաղափարները իրական դարձնել»,-«Հայելի» ակումբում ասաց Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը:

«Ես ուզում եմ հարց տալ՝ Հայաստանի Հանրապետությունը երբեւէ խոսե՞լ է, օրինակ, Բաքվի, Գանձակի, Սումգայիթի եւ մնացած այլ տարածքներից մեր տեղահանվածների մասին: Ինչո՞ւ չենք բարձրաձայնում, որ Ադրբեջանի տարածքում, բուն Բաքվում ապրում էր միլիոնից ավելի հայկական բնակչություն, եւ նրանք պատահական մարդիկ չէին, այնտեղ մասնագիտական վերնախավ էր՝ կրթված, գիտական, ունեւոր, ցենզով: Նրանց սեփականությունը, որ այսօր մնացել է ադրբեջանցիներին, վիթխարի նյութական միջոցներ էին:

Ո՞վ պետք է խոսի Բաքվի հայերի, Գանձակի մասին, որը պատմական տարածք է, եւ այնտեղ ստեղծվել էր հայկական նյութական եւ մշակութային մեծ հարստություն, որտեղից մարդկանց տեղահանեցին, սպանեցին, հաշմեցին, բարոյական եւ նյութական սարսափելի վնասներ պատճառեցին: Մենք այսքան տարիների ընթացքում գույքագրում կատարե՞լ ենք, չէ՞ որ այդ մարդկանց երեխաները եւ թոռներն այստեղ են»,-հավելեց նա:

Նարինե Դիլբարյանն ընդգծում է. «Եթե ունենայինք իշխանություն, որի նպատակը հայկական ուխտն էր, ոչ թե թուրք-ադրբեջանական ազգային ուխտը ճանաչելը, ապա կգույքագրեինք մեր վնասներն Ադրբեջան կոչվող, բայց պատմականորեն երբեք Ադրբեջան չհանդիսացող տարածքներից հայերի տեղահանության վնասները: Կամ ինչո՞ւ չենք խոսում նախիջեւանահայության շահերի մասին, որտեղ հայկական կոթողները ոչնչացվել են, չենք խոսում Շահումյանի ու Գետաշենի մասին: Ստացվում է՝ իր ասած հինգերորդ շարասյունը Փաշինյանը հենց ինքն է ղեկավարել» :

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031