«Ես չեմ նշել, որ այդ հարցը օրակարգում է։ Կարծիք եմ հայտնել, որ հնարավոր է՝ այն քննարկվի Մոսկվայում, որտեղ հարցերի ամենալայն շրջանակն է քննարկվելու։ Ամեն հարց պետք է մանրամասն ներկայացվի, ինչին մենք միշտ պատրաստ ենք։ Չեմ բացառում, որ այդ հարցը կքննարկվի»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ առաջիկայում Մոսկվա կատարելիք այցի ընթացքում քննարկվելո՞ւ է ԵՄ դիտորդական առաքելության առնչությամբ ՌԴ-ի դժգոհության հարցը՝ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Նա հայտնեց, որ այցը նախատեսվում է մարտի 20-ին, օրակարգային հարցերից տեղյակ չէ։ Նկատառմանն ի պատասխան, որ դեկտեմբերին Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառաբանությամբ Արարատ Միրզոյանը չմասնակցեց Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը, փոխնախարարը նշեց, որ ամսի 20-ին սպասվելիք հանդիպումը երկկողմ է, ոչ թե եռակողմ։
ՌԴ խաղաղապահ առաքելության հետ կապված Փաշինյանի հայտարարությունների մասին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի պնդումներին անդրադառնալով՝ Պարույր Հովհանիսյանը նշեց․ «Նախարարի այցը Մոսկվա վկայում է, որ պատրաստ ենք աշխատանքային մթնոլորտում քննարկել կողմերին հուզող հարցերը»։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է հարցին, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովի ժամանումը ՀՀ այս պահին ինչո՞վ է պայմանավորված, Պարուր Հովհաննիսյանն ասաց․ «Նա նոր գլխավոր քարտուղարն է, որի այցը նախատեսված էր»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ