Լրահոս
Օրվա լրահոսը

Նուբարաշենում քրեակատարողականների փոխարեն՝ կառավարական թաղամաս են կառուցելու. «Գրեթե բոլոր պետական մարմինները, դատական սեկտորը տեղափոխելու են Նուբարաշեն»

Մարտ 17,2023 16:40

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրեց կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը:

Նա, խոսելով քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների մասին, ասաց. «Վերջերս քրեակատարողական ծառայությունում մեր հաշվետվության ընթացքում վարչապետը հաստատեց, որ առնվազն 300 մլն դրամի շինարարություն ենք կարողանալու իրականացնել: Ամպագոռգոռ չհնչի, բայց կարծում եմ, «Աբովյան» ՔԿՀ-ն ամբողջությամբ կավարտենք: Այսինքն, կոնցեպտը գնացել էր ամենակրիզիսային մասերի վերանորոգում, դրանք զուգարաններն են, բաղնիքներն են, որոնք տեսել ենք, ամբողջությամբ ավարտել ենք, բայց այդ հատվածային էր: Տեսնում էինք կատարյալ վերանորոգված բաղնիք, բայց դրա կողքը խուց, որը շատ վատ վիճակում էր: Հիմա դրա համար օպտիմալացնելու ենք: Կան շենքեր, որտեղ կիսատ վերանորոգումներ են, կան շենքեր, որոնք փակելու ենք ու 5 շենքը դառնա 3 շենք, բայց այդ երեքը՝ կատարյալ, նորմալ վիճակում կդառնան կառույցներ»:

Արթուր Հովհաննիսյան

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հարցրեց՝ ՔԿՀ-ների շենքերը բավականին մեծ ենթակառուցվածքներ են, ասացիք՝ փակելու ենք, չօգտագործենք, ինչ-որ պլաններ կա՞ն այդ շենքերի հետ կապված, ի՞նչ ենք անելու այդ շենք-շինությունների հետ, այդպես մնալու են, հնանա՞ն:

Գրիգոր Մինասյանը պատասխանեց, որ հիմա քննարկումներ են ընթանում Նուբարաշեն վարչական շրջանում քրեակատարողականների 4 շենք-շինությունների հետ կապված. «Նախատեսվում է, որ ի վերջո փակվելու են ու հենց այդ թաղամասում, որտեղ շուրջ 200 հեկտարից ավելի հող կա, կա ծրագիր ու վարչապետն էլ շատ կարեւորել է, քննարկում է եղել, որ կառավարական թաղամաս կառուցվի եւ մեր գրեթե բոլոր պետական հաստատությունները, հատկապես իրավապահ եւ դատական սեկտորը տեղափոխվի Նուբարաշեն: Լինի մի հատ մեծ թաղամաս կառավարական, կենտրոնը կբեռնաթափվի ու շատ հեշտ կլինի ինստիտուցիոնալ առումով այդ մարմինների շփումը»:

Թագուհի Թովմասյան

Թագուհի Թովմասյանն ասաց, որ ՔԿՀ-ներում դատապարտյալները դժգոհում են, որ մարմնի որ մասը ցավում է, միայն ցավազրկողներ են տալիս, ինչո՞ւ չկա համակարգային լուծում, մարդու գլուխն էլ ցավա՝ ցավազրկող են տալիս, լյարդն էլ ցավում է՝ ցավազրկող են տալիս, դա անբարեխղճություն է:

Գրիգոր Մինասյան

Դժգոհություն կար ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված: Նախարարն ասաց, որ հետընթաց չկա եւ միջազգային կառույցների հետ հանդիպումներում նման դժգոհություն չեն լսել:

Կնյազ Հասանով

Իսկ ՔՊ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը, փորձելով պաշտպանել կառավարությանը, ասաց. «Բոլոր իշխանությունների, բոլոր կառավարությունների ժամանակ ազգային փոքրամասնությունների համար ստեղծվել են բոլոր պայմանները: Այսօր մեր ազգը, մեր երեխաները սովորում են Հայաստանում, չի բացառվել նաեւ ասորական համայնքը, իրենց լեզվով սովորում են դպրոցում, կա դասագրքերի տպագրում: Դա այսօր չի ստեղծվել, մեր ազգային փոքրամասնությունների համար կառավարություններն արել են ամեն ինչ: Սահմանադրությամբ ամրագրվեց, որ ազգային փոքրամասնությունները պետք է լինեն ԱԺ-ում, այսօր 4 ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ ԱԺ-ում են՝ քրդեր, եզդիներ, հայեր…»: Հայերին՝ որպես ազգային փոքրամասնություն դիտարկելը սկսեց ծիծաղ առաջացնել հանձնաժողովում: Հասանովը տակից դուրս եկավ. «Դուք էլ եք էլի ինչ-որ տեղ փոքրամասնություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031