Aravot.am-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց անփույթ աշխատանքի պատճառով «Ինժգարանտ» ՍՊԸ-ն ֆինանսական վնասներ է կրել։ Այս ընկերության կազմած ակտը 2022 թվականի հուլիսի 6-ին քաղաքապետարան մուտքագրվելուց հետո, քաղաքապետարանի պաշտոնյաները մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 16-ն այն չեն ներկայացրել քաղաքապետի հաստատմանը, մինչդեռ պարտավոր էին 5 օրյա ժամկետում տրամադրել հաստատված ավարտական ակտ։ Ակտը քաղաքապետի հաստատմանը պատշաճ ժամկետում չներկայացնելու հետեւանքով՝ «Ինժգարանտ» ընկերությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: Մեր տեղեկություններով՝ այս խնդրով զբաղվում են իրավապահ մարմինները, նախաքննություն է կատարվում:
«Ինժգարանտ» ՍՊԸ-ն մշտապես մասնակցում է Երեւանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներին, վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցնելու սոցիալական ծրագրով նոր շենքերի կառուցապատում է իրականացնում։
Նշենք, որ այսօր «Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սեյրան Մեջլումյանը ազատման դիմում է ներկայացրել: Չի բացառվում, որ նրա՝ աշխատանքից ազատվելը կապ ունի «Ինժգարանտ» ՍՊԸ-ի հետ առաջացած խնդրի հետ։