Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյաների ստացած 60 հազար դրամից թանկ նվերները աճուրդի կհանվեն ու կվաճառվեն. կառավարությունը որոշել է, որ օրինակ թանկ ժամացույցը չպետք է մնա փոշոտ պահեստում

Մարտ 17,2023 16:14

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրեց կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը: Նա զեկույցում որպես առաջընթաց, ասաց, որ պաշտոնյաների նվերները հաշվառելու գործընթաց են իրականացնում: Թագուհի Թովմասյանը հարցրեց. «Վերահսկողական ի՞նչ մեխանիզմներ են կիրառվում, որ բացահայտվի նվեր ստանալու գործընթացը, որովհետեւ ստացվում է, որ դուք թողնում եք պաշտոնյայի խղճին, որ հայտարարագրի, բայց մարդիկ չեն հայտարարագրի: Պետք է վերահսկողություն, որ հայտարարագրի՝ ով է տվել այդ նվերը, ինչի համար է տվել եւ ինչ ծառայությունների համար է տվել»:

Նախարարը պատասխանեց, որ նվերների կառուցակարգը նոր բարդ համակարգ է. «Պաշտոնյան պետք է հասկանա, որ ամեն անգամ, երբ իր ընկերը, բարեկամը նույնիսկ իրեն փողկապ է նվիրում, դա արդեն տրամադրում է ինչ-որ գործողություններ իրականացնել: Ամրագրում ենք, թե ինչ գործողություններ են դրանք, բայց նաեւ յուրաքանչյուր գերատեսչությունում բարեվարքության մարդ պաշտոնյա ենք նախատեսում ունենալ, որ խորհրդատվություն տա, որ եթե, ասենք, միջազգային գործընկերը կոնյակ է նվիրում, հասկանան ոնց գրանցեն՝ ինչ կոնյակ է դա, գինը որքան է եւ այլն: Նախատեսվում է, թե ինչ անել, երբ նվերը պաշտոնական արարողության ժամանակ է տրվում, փչացող է, թանկ է: Օրինակ, եթե թանկ նվեր են տալիս, ժամացույց, տանում դնում են պահեստում, ոչ մի պիտանելիություն չկա, ոչ պետությունն է կարողանում կիրառել: Գաղափարն այն է, որ այդ նվերները կարողանանք աճուրդով վաճառել ու գումարը բարեգործական ծրագրերին ուղղել, որ այդ նվեր տվողը տեսնի ու հասկանա, որ իր նվերը տրանսֆորմացվում է եւ փոշոտ պահեստներում չի դրվում»:

Թովմասյանը հիշեց ԱՄՆ կոնգրեսի անդամների նվերների կարգավորումը, նրանք չեն կարող ստանալ 20$-ից ավելի արժողությամբ նվեր ու եթե հանկարծ որեւէ մեկը դրանից թանկ նվեր է տալիս, պետք է այն հատուկ պահման վայր ուղարկել ու հետո կոնգրեսը որոշում է ինչ անել այդ նվերի հետ: Բայց տվյալ դեպքում խոսքը ոչ թե Հայաստանում պաշտոնյաների ստացած նվերները ծախելու մասին է, այլ այն նվերների, որոնք չեն գրանցվում ու հնարավոր չէ վերահսկել: Ի՞նչ է անում նախարարությունը, որ ստացած նվերները բացահայտի, որ հնարավոր չլինի դրանց դիմաց ծառայություն մատուցել:

Գրիգոր Մինասյանը պատասխանեց. «Մենք ֆիքսում ենք նվերներ, որոնք հայտարարագրման ենթակա չեն, դա մինչեւ 40 հազար դրամն է: 40-60 հազար դրամանոց նվերները նրանք են, որոնք ընդունում ես, բայց հայտարարագրում ես, 60 հազարից վերեւ չես ընդունում, եթե արարողակարգային նվեր չի: Դա միանգամից փոխանցում ես պետությանը: Օրինակ, մեկը ինձ նվիրեց փողկապ, ինտերնետային հավելվածով կարողանում ես հասկանալ գինը ու եթե թանկ է, տալիս ես պետությանը, լինում է պետական գույք, որը տնօրինում է: Այն նվերները, որոնք մենք չենք տեսնում, պաշտոնյան չի ասում անկեղծ, դա մտնում է արդեն կոռուպցիայի դաշտ՝ լինի ԱՄՆ, ՀՀ, թե Ղազախստան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031