«Այս տարի ունենք տարբեր, շատ կարեւոր ու բազմաբովանդակ ծրագրեր: Մարտի վերջին Լուվրի մեր գործընկերների հետ համատեղ նախատեսում ենք Էրեբունի թանգարանի նոր սցենոգրաֆիայի մրցույթը: Դա չափազանց կարեւոր է, Ֆրանսիայի կառավարության, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի եւ Լուվրի՝ Մերձավոր Արեւելքի դեպարտամենտի աջակցությամբ Էրեբունին ունենալու է բոլորովին նոր ցուցադրություն»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը՝ ներկայացնելով արգելոց-թանգարանի 2023 թվականի ծրագրերը:
Նրա խոսքով, դեկտեմբերին նախատեսում են փակել Էրեբունի թանգարանի ցուցադրությունը՝ բաց թողնելով ընդամենը մի փոքր հատվածը, իսկ մյուս տարի ապրիլին Էրեբունիում կլինի ժամանակակից, ինտերակտիվ հատվածներով հագեցած ցուցադրություն:
Միքայել Բադալյանն ընդգծեց, որ 1984թ.-ից այս կողմ Էրեբունի թանգարանի ցուցադրությունը գրեթե չի փոխվել. «Եթե 1984թ.-ի համար ցուցադրությունը շատ լավն էր, այժմ այն հնացել է, եւ մենք պետք է աշխարհին, ժամանակին համընթաց քայլենք: Վերջերս Ստեփան Գիշյան հիմնադրամի աջակցությամբ Էրեբունի թանգարանում բացվեց վիրտուալ իրականության փորձառության անկյուն: Նաեւ ունենք վիրտուալ ակնոցներ, որոնք մեծ պահանջարկ են վայելում այցելուների շրջանում: Այցելուները դնում են այդ ակնոցները ուղեւորվում Էրեբունի ամրոց, Արգիշտի թագավորին են տեսնում, ամրոց են մտնում, ծեսերի են մասնակցում: Եվ դա վիրտուալ իրականությունում: Սա հավելյալ ֆինանսական միջոցներ է բերում թանգարանին»:
Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը հույս հայտնեց, որ մեկ ամսից Երեւանի քաղաքապետարանի տրամադրած դրամաշնորհով կունենան հատված, որտեղ հենց այցելուները հեռախոսները Երեւանի ծննդյան վկայականին պահեն, հավելվածով Արգիշտի թագավորը դուրս կգա ու կսկսի պատմել Էրեբունու մասին:
Կարդացեք նաև
Նա նաեւ փաստեց, որ թանգարանային սցենոգրաֆիան առանձնապես զարգացած չէ Հայաստանում, եւ այդ ծրագրի շրջանակում Էրեբունին աշխատում է Լուվրի գործընկերների հետ՝ թանգարանի նոր հայեցակարգի ուղղությամբ, որն արդեն ավարտին է հասցվել: Ապրիլին Ֆրանսիայում լինելով՝ Էրեբունու տնօրենը ֆրանսիական կողմի հետ կքննարկի համագործակցության նոր հեռանկարները:
«Վերջերս Էրեբունիում բացեցինք Երեւանի Բիայնական դամբարանին նվիրված ցուցադրություն, հայտնի մոլերից մեկի մոտ կա ուրարտական դամբարան, որի մասին քչերը գիտեն: Շատ գեղեցիկ, հագեցած ցուցադրություն է ստացվել: Պատրաստվում ենք նաեւ Ազգային գեղագիտական կենտրոնի հետ համատեղ ցուցադրել նրանց սաների նկարները: Ընդհանրապես այս տարի մի քանի այլ ցուցադրություններ են նախատեսվում, այդ թվում՝ սափորների վերաբերյալ ցուցադրություն, որոնք վերաբերվում են Երվանդունիների, Մարական եւ Աքեմենյան ժամանակներին: Աշնանն էլ նախատեսված է փոխել Շենգավիթի ցուցադրությունը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ