«Նման բան մեզ քաղաքապետը պետք է ասի, որպեսզի մենք էլ տարածենք տեղեկատվությունը։ Այս պահի դրությամբ որեւէ տեղեկատվություն չունենք։ Եթե նման բան լինի՝ անպայման կտեղեկացնենք»,-Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից այսպես արձագանքեցին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հնարավոր հրաժարականի մասին հարցմանը: Երեկվանից մամուլը գրում է, որ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր հայտարարելու է իր հրաժարականի մասին։ Գրում էին, որ այսօր մինչեւ ժամը 15:00-ն պետք է հրաժարական տա։
Shamshyan.com-ն էլ գրել է, որ այսօր ժամը 17։00-ին, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրավերով՝ Երեւանի քաղաքապետարան են ժամանելու վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետարանի վարչությունների ու բաժինների պետերը, եւ քաղաքապետը ներկայացնելու է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքները, ապա Սարգսյանը հրաժարական է ներկայացնելու։ Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։
Հրաչյա Սարգսյանի հրաժարականի երեկվանից տարածվող լուրերը քաղաքապետարանը, համենայնդեպս, չի հերքել։
Կարդացեք նաև
Նշենք, որ Երեւանի ավագանու հերթական ընտրությունները կայանալու են 2023 թվականի սեպտեմբերին՝ եթե այս հրաժարականից հետո արտահերթ ընտրություններ չնշանակվեն։
Իշխող ուժի քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է, որն իր թեկնածության մասին լուրը հայտնել էր անցյալ տարի, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական հրդեհից հետո այցի ժամանակ։
Ընդհանրապես, Ավինյանի՝ որպես փոխքաղաքապետի գործունեությունը՝ վարչական տարածքներ այցերը, լավ լուսաբանվում են, որով, ըստ էության չհայտարարված նախընտրական քարոզչություն է արվում։
Երեւանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու են մի շարք ուժեր։
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու եւ որպես քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին հայտարարել է «Ուժը Հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը։ Նա որոշել է քաղաքապետի պաշտոնին առաջադրել իր կնոջը` Նատալյա Ռոտենբերգին։
«Լուսավոր Հայաստանն» էլ քաղաքապետի թեկնածուն Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն է, նա լրատվամիջոցներին ասել է, որ ավագանու նախընտրական ցուցակն ինքն է ղեկավարելու։ Նա նաեւ չի բացառել, որ Երեւանի ավագանու ընտրություններին կուսակցությունը մասնակցի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի հետ դաշինքով:
Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի թեկնածուն ամերիկաբնակ փաստաբան Հայկ Գրիգորյանն է։
«Եվրոպական կուսակցության» թեկնածուն էլ երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանն է։
Ըստ մամուլի, քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը:
«Ապրելու երկիր» կուսակցությունը նույնպես մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին։ Ըստ մամուլի հրապարակումների, այս կուսակցության՝ քաղաքապետի ամենահավանական թեկնածուն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանն է։ Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը առայժմ հստակ չի նշում, թե ով է գլխավորելու ավագանու թեկնածուների ցուցակը։
«Մանե Թանդիլյանը կուսակցության նախագահն է, իսկ Վիկտոր Մնացականյանը մեր համախոհ գործընկերն է ու նաեւ տարբեր համայնքներում տարբեր աշխատանքներում ներգրավված է, հետեւաբար, թիմում քննարկումները շարունակվում են, եւ մենք նաեւ ՏԻՄ-երում բավականին մեծ աշխատանքներից հետո Երեւանում հաջողության հասնելը ե՛ւ օրինաչափ ենք համարում, ե՛ւ շատ կարեւոր»,- Hraparak.am-ին տված հարցազրույցում ասել է Առաքելյանը։ Նույն լրատվամիջոցին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր անդրադառնալով Մանե Թանդիլյանի թեկնածությանն՝ ասել է․ «Մենք կանգնած ենք Արցախը կորցնելու իրական վտանգի առջեւ: Մենք՝ բոլորս, ամեն ինչ պիտի անենք՝ դա թույլ չտալու համար: Մնացած ամեն ինչ այս պահին անկարեւոր է թվում: Միեւնույն ժամանակ ուժեղ, հզոր, լեգիտիմ եւ պրոֆեսիոնալ մարդկանցով համալրված պետական ինստիտուտներն արդյունավետ կերպով կնպաստեն մեր նպատակների իրագործմանը։ Այս առումով Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները, իհարկե, կարեւոր նշանակություն են ունենալու։ Կգա ժամանակը, եւ, համոզված եղեք, կլինեն նաեւ կոնկրետ պատասխաններ եւ լուծումներ»։
Երեւանի Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը անցած տարվա հոկտեմբերին ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտարարել էր՝ որպես քաղաքապետի թեկնածու կառաջադրվի Երեւանի ավագանու ընտրություններում։ Նա հայտնել էր, որ որպես «Երեւան 2805» նախաձեռնության հիմնադիր է նման որոշում կայացրել եւ առաջադրվելու է «Դոգի»` Վարդան Ղուկասյանի ձեւավորած «Հանրային ձայն» կուսակցության ցուցակով: Hraparak.am-ի հետ զրույցում Շահինյանն այս տարվա փետրվարին ասել էր, որ հնարավոր է թեկնածուների ցուցակի առաջին համարը ինքը չլինի, այլ՝ Արտակ Գալստյանին առաջադրեն. «․․․հստակ չի որոշվել, կոնֆիգուրացիաներից կերեւա, թե ինչ ձեւաչափով կառաջադրվեն մրցակից ուժերը: Որ համարն ինձ կուսակցությունն առաջարկի, այդ համարն էլ կընտրեմ: Առաջին համարը հնարավոր է՝ ես լինեմ, հնարավոր է՝ ես չլինեմ»
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաեւ «Միացյալ Հայաստան» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն կուսակցության նախագահն է՝ Երվանդ Թարվերդյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ