Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեկն ասաց՝ ես երբ փողոցում քայլում էի, մեկը կնոջը գցել էր ոտքի տակ, ծեծում, սպանում էր, ասաց՝ դուք ո՞վ եք, իմ կինն է, ինչ ուզում՝ անում եմ». Հասանով

Մարտ 17,2023 15:19

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում քննարկվեց «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է էլեկտրոնային հսկողության միջոցի կիրառման հնարավորություն տալ ոստիկանությանը՝ բռնության զոհին պաշտպանելու եւ նոր դեպքեր բացահայտելու համար:

Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը մտավախություն հայտնեց, որ կարող է չարաշահվի գործիքը եւ մարդու անձնական կյանքին միջամտություն լինի: Բացի այդ, նա առաջարկեց, որ օրենքում հստակ ամրագրվի՝ ինչ գործիքներ են դրանք, որովհետեւ կարող է ստացվել, որ հեռադիտակն էլ գործիք:


ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, որը հիմնական զեկուցողն էր, առաջարկն ընդունեց: Ինչ վերաբերվում է անձնական կյանքի միջամտությանը, նա վստահեցրեց, որ բավարար երաշխիքներ են սահմանում, որ այդպիսի չարաշահում չլինի:

Հարակից զեկուցող, ՔՊ պատգամավոր Մարինա Ղազարյանն ասաց, որ նախագիծն ընդունվելու դեպքում հնարավորություն կընձեռվի բռնություն գործադրած անձի նկատմամբ կիրառել համաչափ սահմանափակումներ եւ բռնության զոհի համար ստեղծել ապահով միջավայր. «Ես 20 տարի առաջ եմ տեսել, թե ինչպես են օգտագործվում այդ էլեկտրոնային հսկողության միջոցները Լոնդոնում: Սուպերմարկետի կողքին կանգնած էր մի տղամարդ, ում ոտքին կար շղթա եւ նրան արգելվում էր մուտք գործել այդ սուպերմարկետ: Մենք ուշացրել ենք այդ միջոցները կիրառելու հարցում ու եթե կարելի է կանխարգելել ընտանիքում բռնությունը, անպայման այդ հարցը պետք է լուծենք»:

Կնյազ Հասանովը հիշեցրեց, որ այս օրենքը, երբ ընդունվում էր, շատերը դեմ էին, կարծում էին, թե ընտանիքում բաժանություններ կլինեն, բայց հիմա տեսնում են, որ այդ քննադատությունները սին են. «Այն ժամանակ ես հիշում եմ, մեկն ասաց՝ ես երբ փողոցում քայլում էի, մեկը կնոջը գցել էր ոտքի տակ, ծեծում, սպանում էր, երբ մոտիկացանք, ասաց՝ դուք ո՞վ եք, իմ կինն է, ինչ ուզում՝ անում եմ: Ուզում եմ ասել, որ այս օրենքը պետք էր, ժամանակին էր: Ինչքան օրենքը կատարելագործվի էլեկտրոնային սիստեմով եւ նորաձեւություններով, այսպիսի երեւույթներ քիչ կլինեն: Գիտեմ, որ գումարի հարց կա, բայց դա չի խանգարում, դա ժողովրդի համար է, ընտանիքի փրկության համար է»:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ երկրորդ ընթերցմամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031