Ապրիլի 15-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ այսօր Թումանյան փողոցի եւ Հյուսիսային պողոտայի հատման վայրում գործի դրվեց առաջնության հետհաշվարկի ժամացույցը:
ԵԱ կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց. «Այսօր մեր ծրագրի կարեւոր օրերից մեկն է: Սեղմելու ենք այն կոճակը, որ տալու է ծանրամարտի Եվրոպայի առաջնության հետհաշվարկը: Գիտեք, որ հիմնական մրցումները սկսվելու են ապրիլի 15-ին, իսկ բացման արարողությունը լինելու է ապրիլի 14-ին: Ես ուզում եմ, որ ուշադիր լինեք այս ժամկետներին եւ երբ սկսվի տոմսերի վաճառքը, անմիջապես ձեռք բերեք, որովհետեւ ես գիտեմ, որ բացման արարողության հետ կապված հետաքրքրությունը շատ մեծ է: Այնպես որ, այդ ժամկետը բաց թողնելուց հետո կարող է այլեւս շատ քիչ հնարավորություն լինի տոմս ձեռք բերելու համար:
Ես վստահ եմ, որ այս ժամացույցը առաջիկա մեկուկես ամսվա ընթացքում կդառնա երեւանցիների, մեր երեխաների ամենասիրած վայրերից մեկը, որովհետեւ մոր լեռնաշխարհի ամենագեղեցիկ կենդանիներից մեկը՝ հայկական մուֆլոնը, դարձել է առաջնության խորհրդանիշը: Այստեղ նա ներկայացվում է որպես ծանրամարտիկ եւ երեխաները կարող են այցելել այստեղ, նկարվել: Նաեւ ուզում եմ ասել, որ առաջնության մեկնարկին ընդառաջ հենց այստեղ՝ Կարապի լճի մոտ, ունենալու ենք ֆան գոտի եւ այս տարածքն, ըստ էության, դառնալու է նաեւ ծանրամարտի Եվրոպայի առաջնության կարեւորագույն վայրերից մեկը»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջույնի իր խոսքում նշեց. «Այսօր անում ենք այն, ինչ պիտի կատարվեր 40 տարի առաջ: Երեւանը կընդունի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը նաեւ օլիմպիական վարկանիշային է: Այսօր գործի ենք դնելու հետհաշվարկի ժամացույցը: Շատ կարեւոր, ուրախալի պահ է, որ մեր երկրի մայրաքաղաք Երեւանը դառնում է այսպիսի խոշոր միջոցառման մայրաքաղաք: Եվ դա պատվաբեր է յուրաքանչյուր հայի համար: Վստահ եմ, որ այստեղ մեզանից շատ-շատերը հպարտ են, որ մենք կարողանում ենք քայլել հզորների հետ, հզորներին հավասար եւ այսպիսի միջոցառում կազմակերպել»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ