Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՄ առաքելությունը որոշակի դեր խաղաց ավելի լայնածավալ սադրանքը կանխելու գործում»․ ԱԳ փոխնախարար

Մարտ 17,2023 14:46

«2022թ-ը շատ դինամիկ տարի էր ՀՀ-ԵՄ հարաբերությունների տեսանկյունից։ Նախ, դա ԵՄ-ի միջնորդային ջանքերն էին մեր տարածաշրջանում, ինչի վառ ապացույցն է 2022թ․-ի հոկտեմբերի 21-ին երկու ամիս ժամկետով ՀՀ-ում մշտադիտարկման առաքելության տեղակայումը, որը հետո վերածվեց ավելի երկարաժամկետ ձեւաչափի»,- ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում այսօր «ՀՀ կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ԵՄ դիտորդական առաքելությունը էական նպաստեց տարածաշրջանում անվտանգային իրավիճակի կայունացմանը եւ ԵՄ անդամ-երկրների կողմից իրավիճակին տեղյակ լինելուն․ «Դա բնակչության մոտ ավելի ապահով զգալու հոգեբանական տարր առաջացրեց նաեւ։ Նաեւ փոխայցելությունների ակտիվացում եղավ»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարցրեց․ «Արեւմուտք-ՌԴ սրացող հարաբերությունների համատեքստում երկու կողմերից գնահատականներ են հնչել ԵՄ դիտորդական առաքելության՝ ՀՀ գալու հետ կապված։ ՌԴ-ն դա ընկալում է որպես իր դեմ արված քայլ։ Իսկ արեւմուտքից գնահատականներ են հնչում, որ դա ինչ-որ կերպ նաեւ զսպող հանգամանք է ՌԴ-ի համար։ Եթե դուք ասում եք, որ դա նպաստել է, ապա ի՞նչ գնահատական ունեք նման գնահատականների մասին։ Մենք ի՞նչ անենք՝ այդ լարվածության մեջ չընկնելու համար։ Նպաստել ասելով ի՞նչ նկատի ունեք»։

Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց, որ ԵՄ առաքելության տեղակայումն, այո, առաջացրեց որոշակի հարցեր․ «Շարունակում ենք բացատրել, թե ինչն էր պատճառը եւ որն է առաքելության նպատակը։ Իրանը եւս զգայուն է տարածաշրջանում նման առաքելությունների հանդեպ եւ դրական արձագանք տվեց։ Սա ցույց է տալիս, որ բացատրական աշխատանքի դեպքում ընկալումն այլ է, եւ մյուս գործընկերների հետ էլ պետք է շարունակենք աշխատել ու ավելի շատ աշխատել»։

Ինչ վերաբերում է «նպաստել» բառին, ապա Պարույր Հովհաննիսյանը նշեց․ «Սահմանին սադրանքների թիվը որոշակիորեն նվազել է։ Կարծում ենք՝ որոշակի դեր խաղաց ավելի լայնածավալ սադրանքը կանխելու գործում։ Թվեր չունեմ, բայց սադրանքների թիվը նվազել է։ Իհարկե, փաստեր չենք կարող ներկայացնել, բայց դա մեր գնահատականն է։ Մյուս կողմից, որեւէ միջազգային կառույցի ներկայությունը բնակիչների մոտ ապահովության զգացում է առաջացնում»։

Ագնեսա Խամոյանը հարցրեց՝ Ռուսաստանի հասկացվածությունն ինչպե՞ս կգնահատի 0-10 բալանոց սանդղակով, քանի որ ՌԴ-ն մինչեւ հիմա գնահատականներ է հնչեցնում ԵՄ առաքելության մասին։ Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց․ «ՌԴ-ի զգայուն վերաբերմունքին տեղյակ ենք, հարցը կքննարկվի առաջիկայում՝ ԱԳ նախարարի Մոսկվա այցի ընթացքում»։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել է, որ ՀՀ-ի եւ Արցախի շուրջ էսկալացիայի մեծ վտանգ կա։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031