Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը փորձում է մեծացնել իր «մեծ երազանքի»՝ «Թյուրքական աշխարհի» դերը` ևս մեկ «հենման կետ» ունենալու նպատակով. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 17,2023 11:55

Թյուրքական պետությունների կազմակերպության երկրների ղեկավարները մասնակցել են Անկարայում հրավիրված արտահերթ գագաթնաժողովին։ Կազմակերպության երկրների ղեկավարներն իրենց համերաշխությունն են հայտնել Թուրքիային՝ կապված երկրի հարավ-արեւելքում փետրվարին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժների հետ, ինչպես նաեւ քննարկել են բնական աղետներից քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի ստեղծման հարցը: Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է Թյուրքական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը, որը նախատեսված է կյանքի կոչել այս տարվա ընթացքում։ Այն պետք է դառնա թյուրքական պետությունների կողմից ստեղծված առաջին եւ հիմնական համատեղ ֆինանսական հաստատությունը՝ անդամ երկրների տնտեսական ներուժը մոբիլիզացնելու, «առեւտրատնտեսական համագործակցությունն ամրապնդելու եւ համատեղ նախագծեր իրականացնելու համար»։ Ուշագրավ է այն, որ արտահերթ հանդիպման առաջարկն արվել է Ադրբեջանի կողմից, թերեւս «ավագ եղբորը» շնորհակալ լինելու ձգտումով։

Թեեւ արտահերթ գագաթնաժողովի հրավիրման առիթը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժն է, սակայն սրանով Էրդողանը փորձում է մի շարք հարցեր լուծել իր եւ երկրի համար։ Թուրքիան ներկայումս բավականին բարդ իրավիճակում է. ավերիչ երկրաշարժի հետեւանքով հանրային վստահության ճգնաժամը, ինչպես նաեւ լրջագույն սոցիալ-տնտեսական վիճակը խնդիրներ են առաջացրել երկրի ներսում։ Արտաքին ուղղությամբ եւս Թուրքիան մարտահրավերների առջեւ է կանգնած, երբ փորձում է մանեւրել եւ օգուտ ստանալ Արեւմուտք-Ռուսաստան առճակատումից։ Լինելով ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան այդպես էլ բացահայտ չմիացավ հակառուսական պատժամիջոցներին, ինչպես դա արեցին Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս անդամները, սակայն դաշնակիցների կողմից ճնշումները ստիպում են, այնուամենայնիվ, որոշակի շտկումներ մտցնել «անկախ» քաղաքականության մեջ։ Բանն այն է, որ Թուրքիան Եվրամիության հետ ընդհանուր մաքսային տարածքի մաս է, եւ թուրքական իշխանությունները չեն կարող վտանգի ենթարկել եվրոպական երկրների հետ տնտեսական կապերը։

Դրան զուգահեռ Թուրքիան տնտեսական, էներգետիկ ոլորտներում, նաեւ հացահատիկի հետ կապված հաջողությամբ համագործակցում է Ռուսաստանի հետ, ինչը նույնպես դժգոհություն է առաջացնում ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի մոտ։ Եւս մեկ «հենման կետ» եւ ազդեցության լծակ ունենալու ու սեփական օրակարգը պաշտպանելու նպատակով Էրդողանը փորձում է մեծացնել իր «մեծ երազանքի»՝ «Թյուրքական աշխարհի» աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական դերը։ «Թյուրքական աշխարհ» նախագծի իրականացումը թույլ կտա ամրապնդել Էրդողանի հեղինակությունը երկրի ներսում, ինչպես նաեւ միջազգային գործընկերների մոտ։ Կազմակերպության անդամ երկրների տնտեսական, ֆինանսական, քաղաքական, էներգետիկ եւ լոգիստիկ ներուժի մոբիլիզացումն ի վերջո կծառայի «ուժեղ օղակին», ինչպիսին իրեն համարում է Թուրքիան։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-Թուրքիա եւ ՆԱՏՕ-Թուրքիա գործընկերությամբ պայմանավորված, կան բազմաթիվ գործիքներ, որոնք թույլ չեն տա Թուրքիային չեզոք մնալ եւ խուսափել Արեւմուտքի կողմից գլոբալ առճակատմանը մասնակցելուց։ Մասնավորապես, Թուրքիային հարակից տարածաշրջաններում տեղի են ունենում գործընթացներ, որոնք ինչ-որ պահի ներքաշելու են այդ երկրին Արեւմուտքի շահերը պաշտպանող ճամբար։ Խոսքը վերաբերում է օրինակ՝ Իրանի հետ ռազմական հավանական բախմանը։ Մյուս կողմից, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ոլորտը սերտորեն կապված է ԱՄՆ-ի հետ, ինչը նույնպես Թուրքիայի բացարձակ ինքնուրույնությունը սահմանափակող գործոն է։ Ի դեպ, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, անդրադառնալով Թուրքիայի կողմից F-16 գնելու խնդրանքին, երեկվա ասուլիսի ժամանակ նշել էր, որ Թուրքիան շատ արժեքավոր գործընկեր է, եւ ամեն ինչ կանեն հարաբերություններն ամրապնդելու համար։ Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության գերատեսչության ղեկավարը եւս մեկնաբանել էր F-16 կործանիչների ձեռքբերման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ տարվող բանակցությունները՝ նշելով, որ Պենտագոնի հետ բանակցությունները շարունակվում են դրական հունով. «Մենք գիտենք նաեւ Սպիտակ տան աջակցության մասին։ Անկարան ակնկալում է, որ Կոնգրեսը ողջամիտ որոշում կկայացնի»:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031