Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյան. Կանգնած ենք Արցախը կորցնելու իրական վտանգի առջեւ: Մենք՝ բոլորս, ամեն ինչ պիտի անենք՝ դա թույլ չտալու համար: Մնացած ամեն ինչ անկարեւոր է թվում. «Հրապարակ»

Մարտ 17,2023 11:04

Հարցազրույց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ

Պետնախարարի պաշտոնից Ձեզ հեռացնելուց անցել է 20 օրից ավելի։ Թվում էր, թե Ձեր հեռացումից հետո Ադրբեջանը գոնե մասնակիորեն կբացի ճանապարհը, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել։ Ինչո՞վ եք դա բացատրում։ Այսօր ի՞նչ գնահատական կտայիք Ձեր հեռացման քայլին։ Արդյո՞ք փետրվարի 23-ին Ձեր ասածն ուժի մեջ է, թե՞ այսօր այլ կերպ կմեկնաբանեք Ձեր հեռացումը։ 

– Ես փետրվարի 23-ին էլ ասացի, որ ինձ պաշտոնից ազատելը ճիշտ քայլ չէ, քանի որ ինձ համար պարզ էր, որ այն չի լուծելու մեր առջեւ ծառացած խնդիրները եւ մարտավարական տեսանկյունից սխալ է: Առավել եւս, որ հանրության զգալի մասի մոտ համոզմունք կար, որ որոշումը նաեւ արտաքին պարտադրանքի արդյունք էր։ Իմ գնահատականն այսօր էլ նույնն է: Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործողություններին, ապա բոլորս շատ լավ հասկանում ենք, որ խնդիրը ճանապարհը բացելը կամ չբացելը չէ: Ադրբեջանի իրական նպատակն Արցախում էթնիկ զտումն է: Ես անգամ չեմ ուզում արտաբերել ադրբեջանական կողմի տերմինը, որը նրանց իրական նպատակի հետ ոչ մի կապ չունի: Դա նրանք հատուկ են օգտագործում՝ նաեւ միջազգային հանրությանը մոլորեցնելու համար: Եվ մեր գլխավոր խնդիրը պետք է լինի այն, թե ինչպես ենք դիմակայելու այդ մարտահրավերներին:

Ի՞նչ շփումներ ունեք այս պահին Արցախի իշխանությունների հետ, Ձեր ներկայությունն Արցախում նշանակում է նաեւ պետական կառավարմանը մասնակցությո՞ւն, թե՞ Դուք միայն հանրային գործունեություն եք ծավալում այս պահին։ 

– Անցած տարի մենք ստեղծեցինք «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» շարժումը՝ Արցախի շուրջ մարդկանց ջանքերը կենտրոնացնելու համար, իսկ հետո հիմնվեց «Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը, որի միջոցով էլ հիմնականում իրականացնում ենք Արցախի աջակցության ծրագրերը: Այս ընթացքում գործակալության նվիրատուների աջակցությամբ ավելի քան 4 մլն դոլարի ծրագրեր են իրականացվել հիմնականում երկու՝ ռազմավարական բնույթի նախաձեռնությունների եւ հանրային նշանակության ծրագրերի ուղղությամբ: Երկրորդ խմբի ծրագրերն ուղղված են եղել ճգնաժամի պայմաններում Արցախի բնակչության առաջնահերթ խնդիրների լուծմանը: Արցախ տեղափոխվելու ժամանակ իմ նպատակներից մեկն այն էր, որ պետական-մասնավոր համագործակցության արդյունավետ մոդելը կյանքի կոչվի: Հիմա գործակալության կողմից պետություն-մասնավոր գործընկերությամբ մի շարք ծրագրեր են իրականացվում, որոնք վերաբերում են թե՛ Արցախի պետական պահուստի համալրմանը, թե՛ հեռահաղորդակցության ոլորտին, թե՛ էներգետիկ անվտանգության առումով նոր հնարավորությունների ստեղծմանն ու բնակարանային խնդիրների լուծմանը: Այս ծրագրերն իրականացնելու գործում մենք, իհարկե, շարունակելու ենք համագործակցել պետության, տարբեր պետական մարմինների հետ, քանի որ մեզ համար ամենակարեւորն Արցախի զարգացումն ու անվտանգությունն է: Փոքր Արցախում մենք լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած: Դրանց դիմակայելը համակարգված աշխատանք ու բոլոր ուժերի կենտրոնացում է պահանջում: Պետք է ընդունենք, որ միայն կառավարությունն ի զորու չէ իրականացնել այդ աշխատանքները. սա հնարավոր է անել բոլոր՝ մասնավոր, հանրային ռեսուրսների համախմբման, հայկական աշխարհի ներուժի ներգրավման միջոցով: Ի դեպ, ուժերի կենտրոնացման լավ օրինակ էր նաեւ Օպերատիվ շտաբը, որտեղ ընդգրկված էին ոչ միայն գործադիրի, այլեւ օրենսդիրի, հանրային ու մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, որոնք իրենց ջանքերը միավորել էին՝ ճգնաժամի ժամանակ արդյունավետ լուծումներ գտնելու համար:

Շատերը սպասում էին, որ Դուք տեղափոխվելու եք Հայաստան եւ այստեղ եք քաղաքական գործունեություն ծավալելու։ Նման մտադրություն չունե՞ք։ 

– Ես Արցախում եմ անցյալ տարվա սեպտեմբերի սկզբից: Նման որոշում կայացրեցի, քանի որ հասկացա, թե որքան մեծ է Արցախը կորցնելու ռիսկը: Մենք պետք է հասկանանք, որ Արցախի խնդիրը միայն արցախահայության խնդիրը չէ, այն ողջ հայկական աշխարհի խնդիրն է, ողջ հայության արժանապատվության հարցը: Պետք է հստակ հասկանալ, որ Արցախը Հայաստանի անվտանգության եւ հետագա զարգացման գրավականը եւ բաղկացուցիչ մասն է։ Այս տեսանկյունից եմ դիտարկում Արցախի նշանակությունը ողջ հայկական աշխարհի համար։ Ինքս ինձ համար որոշեցի, որ իմ ուժերի սահմաններում հնարավոր եւ անհնար ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի Արցախը հայկական մնա, որովհետեւ ես չեմ ուզում լինել այն սերնդի ներկայացուցիչը, որը կորցնում է Արցախը: Իմ գերնպատակը սա է: Իմ բոլոր ուժերը կենտրոնացած են այդ ուղղությամբ:

Առաջիկա խոշոր քաղաքական իրադարձությունը Երեւանի ընտրություններն են։ Կարծիք կա, որ Երեւանում հաղթողի առաջ բացվելու է դեպի իշխանություն տանող ճանապարհը։ Բայց դրա համար հարկավոր է, որ ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացվի եւ Երեւանում հաղթող թեկնածու առաջադրի։ Դուք դրա հնարավորությունը տեսնո՞ւմ եք։ Արդյո՞ք Մանե Թանդիլյանը հաղթող թեկնածու է։ Երեւանում առաջադրվելուն Ձեզ ի՞նչն է խանգարում։

– Մենք կանգնած ենք Արցախը կորցնելու իրական վտանգի առջեւ: Մենք՝ բոլորս, ամեն ինչ պիտի անենք՝ դա թույլ չտալու համար: Մնացած ամեն ինչ այս պահին անկարեւոր է թվում: Միեւնույն ժամանակ ուժեղ, հզոր, լեգիտիմ եւ պրոֆեսիոնալ մարդկանցով համալրված պետական ինստիտուտներն արդյունավետ կերպով կնպաստեն մեր նպատակների իրագործմանը։ Այս առումով Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները, իհարկե, կարեւոր նշանակություն են ունենալու։ Կգա ժամանակը, եւ, համոզված եղեք, կլինեն նաեւ կոնկրետ պատասխաններ եւ լուծումներ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031