Մի կողմից, բանակի «հինգերորդ շարասյունն» են բացահայտում, մյուս կողմից՝ կոռուպցիայի դեմ են պայքարում։ Եվ այդ բոլորը՝ խրոխտ տեսքով․ ի՞նչ է, ուզում եք կոռուպցիան նորի՞ց ծաղկի, մենք անողոք ենք կոռուպցիայի դեմ, ուստի մեզ համար միեւնույն է՝ նախկին կոռուպցիոներ է, թե՝ նոր, բոլորին բռնելու ենք, բերդերն ենք լցնելու։ Զինվորականնե՞ր ենք բռնում․ այո, իսկ, ինչ է, ուզում եք պատերազմում պարտության պատճառները չբացահայտվե՞ն, Շուշիի անկումը չիմանա՞նք, թե ում մեղքով եղավ։ Իհարկե, բացահայտեք, իհարկե, պարզեք՝ հնչում է պատասխանը։ Եվ ոչ մեկը չի ասում՝ իսկ, ինչ է՝ բացահայտման համար պարտադի՞ր է, որ մարդկանց ամիսներով, անգամ տարիներով բանտում պահեք, չապացուցված ու կասկածելի մեղադրանքներով մեկուսացնեք հասարակությունից։ Քննեք, եթե, իհարկե, ի վիճակի եք որեւէ բան քննելու։ Պարզեք, եթե, իհարկե, ինչ-որ բան կարող եք պարզել։ Բացահայտեք, եթե դեռ չբացահայտված բան կա։
Բայց ինչո՞ւ եք մարդկանց բանտարկում։
Եթե կարելի էր 2018 թվականին՝ մարդ սպանած «Սասնա ծռերին» ազատ արձակել, որ նրանք ազատության մեջ սպասեն իրենց դատավճիռներին, ինչո՞ւ հնարավոր չէ Դավիթ Տոնոյանին ու Միքայել Արզումանյանին ազատ արձակել։ Ի վերջո, ինչո՞ւ է մի անհեթեթ տնտեսական մեղադրանքով կալանավորվում Գրիգորի Խաչատուրովը։
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: