Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Ավելին՝ անգամ քրեական գործ է հարուցված եղել, որը հետագայում կարճվել է:
«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 14-ին դիմել էր ՀՀ ներքին գործերի նախարարության լրատվության վարչություն եւ հարց ուղղել, թե վերոնշյալ գործը ինչ հանգուցալուծում է ստացել, եւ արդյոք մեղադրանք առաջադրված է եղել Արթուր Հովհաննիսյանին, թե ոչ:
Փետրվարի 20-ին Ներքին գործերի նախարարությունից ստացել ենք պատասխան, որում ասվում է. «հարուցվել է քրեական գործ, եւ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին»:
Այս նույն հարցով դիմեցինք նաեւ Քննչական կոմիտե, որից էլ ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Քրեական գործով որեւէ անձ քրեական պատասխանատվության չի ենթարկվել, իսկ իրականացված բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության արդյունքում 2018 թվականի հունվարի 31-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ կետի՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործով վարույթը կարճելու մասին»: Գերատեսչությունների պատասխաններից անհայտ է մնում, թե ինչու է որոշվել գործը կարճել, սակայն փաստ է մեկ բան, որ նա բերման է ենթարկվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով (իրացում, վաճառք, օգտագործում):
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։