Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կանաչ տերևավոր բանջարեղենը՝ հրաշալի ընտրություն «արթնացող» օրգանիզմի համար

Մարտ 17,2023 09:30

Գարնանը ոչ միայն մեր աչքերն են ամենուր կանաչ փնտրում՝ համոզվելու համար, որ ձմռան երկարուձիգ օրերն անցյալում են, այլև ողջ օրգանիզմը, կարծես, կանաչ է պահանջում՝ շատ լավ իմանալով, որ հենց կանաչ գույնն է ամփոփում իր մեջ վիտամինների, հանքանյութերի ու հակաօքսիդանտների այն կարևոր պաշարը, որն այնքան անհրաժեշտ է մեր «արթնացող» օրգանիզմին։

Կանաչ տերևավոր բանջարեղենն, իսկապես, գարնանային (և ոչ միայն) սննդակարգը հարստացնող լավագույն ընտրություն կարող է լինել․ հարուստ լինելով բջջանյութով ու բուսական միացություններով՝ կանաչ տերևավոր բանջարեղենը օգնում է կարգավորել քաշը, կանխարգելել սիրտ-անոթային հիվանդությունները, օստեոպորոզը և անգամ հակաքաղցկեղային ազդեցություն է դրսևորում։ Ընդ որում, տերևավոր բանջարեղենի գույնը որքան մուգ լինի՝ այնքան լավ։

Հազար

Առանց բացառության օգտակար են հազարի (սալաթ) բոլոր տեսակները․ հազարը հարուստ է A, C վիտամիններով, ֆոլաթթվով, կալցիումով։

Այս բանջարեղենը կարգավորում է օրգանիզմի ջրային հավասարակշռությունը՝ իր մեջ պարունակվող կալիումի ու նատրիումի բարենպաստ փոխհարաբերության շնորհիվ։ Այն գործում է թարմացնող, կայտառացնող ազդեցություն։

Կարևոր պայման է, սակայն, օգտագործելուց առաջ հազարը շատ լավ լվանալը, քանի որ անլվա կամ վատ լվացված հազարի թերթիկների վրա կարող են աղիքային ցուպիկներ լինել։

Ռուկոլա

Այս կանաչու տերևները թեև նուրբ ու բարակ են, բայց կարող են զարմացնել իրենց ընդգծված՝ թեթևակի կծու համով և օգտակար սննդանյութերի առատությամբ։

Ռուկոլան կարոտինոիդների, В9 և К վիտամինների լավ աղբյուր է, ինչպես նաև պարունակում է նիտրատներ, որոնք օրգանիզմում ազոտի օքսիդի են վերածվում։ Թեև նիտրատների օգտակար ազդեցությունն օրգանիզմի վրա դեռ քննարկվում է, որոշ հետազոտություններ պարզել են, որ դրանք կարող են բարելավել արյան շրջանառությունն ու նվազեցնել զարկերակային ճնշումը։

Սպանախ

Այս կանաչու կազմում պարունակվող բուսական միացությունները նպաստում են առողջական բազմաթիվ խնդիրների կանխարգելմանը՝ տեսողական խնդիրներից ու սակավարյունությունից մինչև Ալցհայմերի հիվանդություն։ Սպանախը, պարունակելով քիչ քանակությամբ նատրիում ու մեծ քանակությամբ կալիում, կարող է օգնել անգամ զարկերակային ճնշման կարգավորման հարցում։

30 գրամ հում սպանախն ապահովում է վիտամին К-ի օրական նորմայի 181%-ը, վիտամին A-ի 56%-ը և մանգանի 13% -ը։ Սպանախը նաև ֆոլաթթու է պարունակում, որն առանցքային դեր ունի էրիթրոցիտների արտադրության գործում և հղիության ընթացքում նյարդային խողովակի արատների կանխարգելման հարցում․ ահա թե ինչու է սպանախի օգտագործումն այդքան կարևոր հատկապես հղիության ընթացքում։

Սպանախը նաև նպաստում է մարսողությանը, աղիների գալարակծկմանը։ Իզուր չեն ֆրանսիացիները սպանախն անվանում «ստամոքսի ավել»։

Բազուկի տերևներ, ճավ (մանգոլդ)

Բազուկի, ճակնդեղի գունեղ ցողուններն ու տերևներն օգնում են պահպանել ոսկորների ու գլխուղեղի առողջությունը, նվազեցնել զարկերակային ճնշումը, կարգավորել մարսողությունը։
Մանգոլդը նաև երկաթի հարուստ աղբյուր է։

Կալե կաղամբ

Այս տերևավոր բանջարեղենը հարուստ է կալցիումով, կալիումով, A, K, B6 և C վիտամիններով։ Ունենալով մի փոքր դառը համ՝ սալաթներում հետաքրքիր համադրություն է կազմում քաղցրահամ մթերքների, օրինակ՝ խնձորի կամ չրերի հետ։

Թրթնջուկ

Թրթնջուկի մեջ կան մեծ քանակությամբ C վիտամին, կարոտին, կալիումական աղեր, ֆոսֆոր և այլ հանքային նյութեր։ Թրթնջուկի թթվահամը պայմանավորված է բույսի մեջ առկա թրթնջուկաթթվով, որը ենթաստամոքսային գեղձի արտազատուկի ուժեղ հարուցիչ է։ Այդ թթուն նպաստում է նաև աղիների գալարակծկմանը՝ խթանելով մարսողությունը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Ժ․Ի․ Օրլովա, «Ամեն ինչ բանջարեղենի մասին»

Healthline

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031