Լրահոս
Օրվա լրահոսը

Ագենտը ճշտել է հայ անվանի օպերային երգչի երաշխավորյալի՝ «Բոլշոյում» ունեցած հաջողության փաստը

Մարտ 17,2023 13:00

Ինչպես տարբեր են արտիստների բեմական ճակատագրերը, այնպես էլ տարբեր է բեմական «հանդերձանք» ստացած ստեղծագործությունների կյանքը։ Օրինակ՝ համաշխարհային օպերային գրականության տիրույթում կա ոչ մեծաթիվ, բայց մեկ-երկու ստեղծագործություն, որոնց, եթե նույնիսկ անդրադառնում են որոշ թատրոններ, այդ թվում՝ հեղինակավոր, ապա այդ բեմադրությունները սահմանափակվում են միայն պրեմիերային ներկայացումներով։ Խոսքը Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս»-ի մասին է, որն առաջին պրեմիերային չորս ներկայացումներից հետո այլեւս չի ցուցադրվել եւ միայն 100 տարի անց՝ 1984թ., Պեզարոյի Ռոսինիի փառատոնում, վերականգնված պարտիտուրի շնորհիվ, կրկին բեմ դուրս եկավ։ Հիշյալ օպերան մի առանձնահատկություն էլ ունի. այն պահանջում է գրեթե անհնարինը՝ 18 մեներգիչ, այն էլ բելկանտոյի վարպետ-մեկնաբաններ։

Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2019թ. կայացավ «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս»-ի պրեմիերան՝ բեմականացված ձեւաչափով, որը դարձյալ կարճ կյանք ունեցավ։ Վերջերս Մոսկվայի «Բոլշոյ» թատրոնի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ տեւական դադարից հետո թատրոնի պատմական բեմում («Բոլշոյը» բացի հիմնական՝ պատմական բեմից, ունի նաեւ նոր բեմ եւ կամերային դահլիճ) ներկայացվել է հիշյալ օպերան։ Մեներգիչների ցանկում, որ մեծամասամբ ռուսաստանցի երգիչներ էին՝ հրավիրված տարբեր թատրոններից, Դոն Պրոֆոնդոյի դերերգով հանդես է եկել Երեւանի օպերային թատրոնի ճանաչված բաս Հայկ Տիգրանյանը։ Ի դեպ, երգիչը հանդես է եկել ՌԴ, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, բայց «Բոլշոյը» հռչակավոր օպերային այն թատրոնն է՝ «Մետրոպոլիտեն», «Լա Սկալա», «Գրանդ Օպերա» եւ մյուսների թվում, որտեղ առաջին անգամ է բեմ բարձրացել։

Տեսարաններ «Բոլշոյ» թատրոնի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» ներկայացումից։

«Առավոտի» հետ զրույցում Հայկ Տիգրանյանը նշեց, որ «Բոլշոյ» թատրոնն իր համար երազանք է եղել, հավելելով, թե գուցե այլ նման հեղինակավոր թատրոններում եւս բեմ կբարձրանա։ Իսկ թե ինչպես է հայտնվել այդ թատրոնում, նախ ասաց, որ ներկայացման մեջ ինքը միակ օտարազգի երգիչն էր, հետո էլ պատասխանեց. «Մոսկվայում տեղյակ էին, որ Երեւանի թատրոնը ժամանակին անդրադարձել է այս գործին եւ օպերային աստղ Գեւորգ Հակոբյանից հետաքրքրվել են հատկապես Դոն Պրոֆոնդոյի դերակատարով։ Իսկ այդ կերպարը միայն ես էի մարմնավորել»։ Կապվեցինք Գեւորգ Հակոբյանի հետ։ Նա էլ փոխանցեց, որ ինքը հյուրախաղերով գտնվում էր Իտալիայում, երբ «Բոլշոյից» հետաքրքրվել են Դոն Պրոֆոնդոյի հայ դերակատարով, ինքն էլ առանց վարանելու տվել է Հայկ Տիգրանյանի անունը եւ հիմա ստացված արձագանքներից ուրախ է, որ մեր բասը հիանալի է մարմնավորել այդ կերպարը։

Զրույցի ընթացքում Հայկ Տիգրանյանը նշեց, որ մինչ հյուրախաղի մեկնելը ուղարկել է տեսագրությունը, որն արժանացել է հավանության, ինչին հետեւել է հրավերը։

Դիրիժոր Ալեքսեյ Վերեշագինի հետ

«Բոլշոյում» «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս»-ը բեմադրել է իտալացի Դանմիանո Միկելետտոն, դիրիժոր Տուգան Սոխիեւի հետ համատեղ։ Այս ներկայացման դիրիժորն էր Ալեքսեյ Վերեշագինը, իսկ ռեժիսորական աշխատանքները վարում էր Միկելետտոյի օգնական Ալեքսանդր Բիլդանովը։ Տպավորված եմ ոչ միայն հանդիսատեսի ընդունելությունից, այլեւ հենց առաջին փորձից։ Սովորաբար ասվում է՝ կատարյալ ոչինչ չկա, բայց ես կատարյալ կորակեի անցկացված փորձերը, որտեղ տիրում էր կատարյալ կարգուկանոն։ Երգչախմբի, նվագախմբի եւ իհարկե՝ մեներգիչների միջեւ փոխադարձ հարգանքը ակնհայտ էր ու բնականաբար՝ հաճելի»,- հայտնեց մեր զրուցակիցը։ Դիտարկմանը՝ հանդիպելով իր անվանը Մոսկվայի թատրոնի պաշտոնական կայքում, ենթադրեցինք, որ դա իր իտալացի ագենտ Մարկո Գասպարինիի շնորհիվ է, երգիչը պատասխանեց, թե իր ագենտը, որ այդ թատրոնում ունի շատ գործընկերներ, ընկերներ, ներկայացումից հետո իրեն գրել է՝ «ճշտել եմ, թե ինչ մեծ հաջողություն ես ունեցել…»։

Ընթացիկ տարին հոբելյանական է Հայկ Տիգրանյանի համար. նա 2008-ից՝ 15 տարի, մեներգիչների խմբում է։ Մեր տեղեկություններով էլ՝ հանդես է եկել հայկական եւ արեւմտաեվրոպական օպերաներում բասի գլխավոր դերերգերի կատարումներով։ Այսօր թատրոնի խաղացանկում են 12 օպերային ներկայացումներ, այդ թվում՝ Տիգրանյան՝ «Անուշ», Հարությունյան՝ «Սայաթ-Նովա», Վերդի՝ «Աիդա», Դոնիցետի՝ «Պողիկտոս», Բիզե՝ «Կարմեն», Պուչինի՝ «Տոսկա» եւ այլն։ Պարզեցինք, որ բասը ընդգրկված չէ միայն Վերդիի «Տրավիատայում»։ Հաստատելով ասվածը, երգիչը ժպտալով ասաց, թե լավ է, որ գոնե մի օպերայում ընդգրկված չէ, հետո տեղեկացրեց, որ առաջին օրը մուտք գործելով օպերային թատրոն, իրեն հանձնարարվել է «Տրավիատայում» Բժշկի եւ Մարկիզի դերերգերը, առանց մանրամասնելու էլ նշեց, թե այդ կրպարներով այդպես էլ բեմ չի բարձրացել։ «Լավ է, որ պրեմիերաներին զուգահեռ մեզ մոտ վերականգնվում են նաեւ ինչ-ինչ պատճառներով խաղացանկից դուրս մնացած որոշ ներկայացումներ, օրինակ՝ չորս տարիների լռությունից հետո Նադիր շահ մարմնավորեցի Սպենդիարյանի «Ալմաստում…»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031