Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մաեստրոն

Մարտ 17,2023 12:30

Մարտի 9-ին, 78 տարեկանում կյանքից հեռացավ հայ երաժշտական մշակույթի նվիրյալ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ ԿԳՄՍՆ Ոսկե մեդալակիր, «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի մեդալակիր, դիրիժորական արվեստի երախտավոր Զավեն Նազարեթի Վարդանյանը: Նա եզակի արվեստագետ էր, որն անքակտելի թելերով կապված էր հայրենի բնաշխարհի ու պատմության, գրականության ու արվեստի հետ։ Նրան բնորոշում էին իբրեւ «երաժշտական կյանքի խիղճ»։ Մարդկային ու պրոֆեսիոնալ անուրանալի բարձր հատկանիշները, անկաշառությունն ու պարզությունը նրան դարձրել էին բոլորի հարգանքը վայելող երաժիշտ։ Զավեն Վարդանյանը տեսնում, լրացնում ու նվաճում էր հայ դիրիժորական կատարողական արվեստի բաց տարածքները՝ բարեբեր հունդ ցանելով հայ մշակույթի անդաստանում, լինի՝ օպերային, կամերային, թե՝ սիմֆոնիկ երաժշտություն։ Նա արտիստ էր, բայց իր դիրիժորությունը չէր փոխակերպվում դերասանության։ Նա երաժշտության ասպետ էր, ազնվական-դիրիժոր։

Զավեն Վարդանյանը ծնվել էր 1945 թվականին Հալեպում։ Մեր զրույցներից մեկում նա հիշում էր. «Հայրս պատմում էր, որ ընտանիքի արմատները Անիից են. Ռուբեն իշխան Բագրատունին հավաքել է թագավորական տոհմի ավագ եւ կրտսեր ընտանիքներին ու գաղթել Կիլիկիա»։ Տավրոսյան լեռներ բարձրացողների հետ էին Մաեստրոյի նախահայրերը։ Հիշում էր ու հատուկ ոգեւորությամբ պատմում հայոց հերոսական դրվագներից մեկի մասին. Ուլնիայում կամ Զեյթունում երկու թաղերից մեկը Ղալղալան էր, տեղի իշխանը խոյի մորթին վրան գցած մտնում է թուրքական բանակի փաշայի ճամբարն ու սպանում նրան։ Այդ դեպքից հետո նրան կոչում են Խոյ Հակոբ։ Զավեն Վարդանյանը լավ էր խոսում  Զեյթունի բարբառով. հայրական տանը այդպես էին շփվում։ Այս օջախում առանձնահատուկ տեղում էր երաժշտությունը եւ, երբ 1947 թվականին հայրենադարձվեցին, հայրը Հայաստան էր բերել գրամոֆոնն ու ձայնասկավառակները՝ Սիրիայում թողնելով կահույքը եւ այլ իրեր։ Երեւանյան Զեյթունում է շարունակվելու ապագա երաժշտի մանկությունը։

Իր մասնագիտության առաջին տպավորությունը կապված էր դիրիժորական արվեստի տիտան Կոնստանտին Սարաջեւի կերպարի հետ, ում ղեկավարությամբ լսել էր Ֆ. Լիստի Հունգարական թիվ 2 ռապսոդիան։ Երաժշտական կրթության հիմքերը դրվել են Կ. Սարաջեւի անվան երաժշտական դպրոցում։ Այստեղ նրան բերել էր Տիգրան Նալբանդյանի մոտ վոկալ դասեր անցած, համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի ուսանող եւ մեծ երաժշտասեր ավագ եղբայրը` Գեւորգը։ Ջութակի դասատուն էր կոմպոզիտոր եւ օժտված կատարող, Կ. Սարաջեւի անվան երաժշտական դպրոցի հիմնադիր տնօրեն Ջիվան Տեր-Թադեւոսյանը։ Տաղանդավոր աշակերտի շնորհիվ այս կրթօջախում բացվում է կոմպոզիցիայի դասարան, որը վարում էր Գեղունի Չթչյանը։

Հետո ուսումը կշարունակի Պ. Չայկովսկու անվան ՄՄԵԴ-ում` ալտ մասնագիտությամբ։ Մինչ օրս դպրոցի պատվո տախտակին նշված է նրա՝ Անդրկովկասյան եւ Համամիութենական մրցույթների դափնեկիր Զավեն Վարդանյանի անունը։ Դպրոցի լարային նվագախմբի ղեկավար Կ. Սարաջեւի ուսանող Սողոմոնյանի հետ նա սկսում է դիրիժորական առաջին քայլերը. սերտում է Ֆ. Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան։ Ալտի ու դիրիժորության դասերը զուգահեռվելու են նաեւ կոնսերվատորիայում։

Այս տարիների հետ է կապված ստեղծագործական կյանքի գլխավոր հանդիպումը. ընկերոջ (ավելի ուշ՝ միջազգային համբավ ունեցող լարային գործիքների վարպետ) Լեւոն Ռաֆայելյանի միջոցով ծանոթանում է ականավոր դիրիժոր Օհան Դուրյանի հետ ու սկսվում է նրանց մեծ բարեկամությունը։ Զավեն Վարդանյանը Օհան Դուրյանի առաջին ու վերջին ուսանողն է եղել։ Իր ուսուցչից է փոխանցվել գերմանական մշակույթի հանդեպ մեծ սերը։ Եվ եթե ամբողջ կյանքում ուներ պաշտամունք Ա. Բրուքների եւ Ռ. Վագների հանդեպ, միանշանակ Օհան Դուրյանից էր գալիս։

Կոնսերվատորիան Զավեն Վարդանյանը որպես ալտահար ավարտել է 1970թ., պրոֆ. Արամ Շամշյանի դասարանը, սովորել է սիմֆոնիկ եւ օպերային խմբավարության մասնագիտացմամբ՝  պրոֆ. Մ. Մալունցյանի դասարանում, ում մահից հետո ավարտել է պրոֆ. Միքայել Տերյանի ղեկավարությամբ (1974թ.): Ուսման զուգահեռ Հայֆիլհարմոնիայի կվարտետի (1965-1966թթ.) եւ Հեռուստատեսության եւ Ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի (1966-1970թթ.) ալտահարն էր: 1974-1979թթ. եղել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի օգնական, 1975-79թթ. հիմնել եւ ղեկավարել է ժամանակակից երաժշտության անսամբլը, իրագործելով հայ հեղինակների մի շարք երկերի կատարումներ: 1979-1990թթ. հիմնել ու ղեկավարել է Երեւանի պետական կամերային նվագախումբը, որի գործունեությունը հայ կատարողական արվեստի ցայտուն եւ պատկառելի մի շրջան է ներկայացնում:

Այդ տարիներին էր, որ Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ նվագախումբը հնչեցրեց Ստրավինսկու, Բարտոկի, Շոստակովիչի, Տերտերյանի, Մանսուրյանի, Քսենակիսի, Լիգետիի, Շնիտկեի, Սիլվեստրովի, Գուբայդուլինայի եւ էլի շատ ուրիշ հեղինակների երկեր, աննախադեպ կերպով հարստացնելով իր նվագացանկը եւ փայլելով իր կատարողական մակարդակով: 1994-2000թթ. մաեստրոն օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժորն էր, 2000-2003թթ. Հայ հոգեւոր երաժշտության կատարման եւ հետազոտման կենտրոնի տնօրենը, 2000-2006թթ. Բախյան եւ Շեքսպիրյան ընկերությունների հիմնադիր-նախագահը։ Զավեն Վարդանյանի նախաձեռնությամբ Երեւանում առաջին անգամ տեղի են ունեցել Բախի երաժշտության (1980, 1981, 1985), Երեխաների միջազգային օրվան (1983-1990), Սբ. Ծննդյան տոներին նվիրված հոգեւոր երգերի (1983-1987), հոգեւոր երաժշտության (2000, 2001), «Շեքսպիրյան օրեր» փառատոները։ Նրա ղեկավարությամբ Հայաստանում առաջին անգամ հնչել են Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու (1999), «Չարչարանքներ ըստ Մատթեոսի» (2000) պասսիոնները։

2003-2007թթ. Զավեն Վարդանյանի՝ Էկվադորում աշխատած տարիներն են, որտեղ ղեկավարել է բոլոր 4 սիմֆոնիկ նվագախմբերը (ի թիվս մի շարք սիմֆոնիկ գործերի՝ կատարել է Լ. վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, նաեւ հայ հեղինակների գործեր) եւ դասախոսել է Կուենկա քաղաքի համալսարանում: 2008թ. վերադարձել է Հայաստան՝ հիմնելով «Մենակատարների պետական անսամբլը»:

Զավեն Վարդանյանի դիրիժորական կատարողական ուղին 1992- 2019 թթ. ընթացել է կոնսերվատորիայում դասավանդելու տարիների հետ։ Հագեցած համերգային կյանք ունեցող երաժիշտը ստիպված էր մանկավարժական գործունեության մեջ ունենալ ընդհատումներ, երկարատեւ գործուղումներ, բայց գրեթե միշտ վերադառնում էր իր Alma Mater-ը եւ փորձում կամերային երգեցողության (հատկապես, գերմանական երգի՝ lied-ի, բարոկկո շրջանի երաժշտության, կանտատի, օրատորիայի) մասին իր գիտելիքները փոխանցել ուսանողներին: Զավեն Վարդանյանն իր ամբողջ էությամբ ուսուցիչ էր. անգամ ամենատարբեր ընկերությունների («Բախյան», «Գերմանական-ավստրիական երաժշտության բարեկամներ», «Վագներյան», «Շեքսպիրյան») հիմքում դրված նպատակները իրականացնում էր ուսանողների, մասնավորապես՝ վոկալիստների հետ աշխատանքով, թե օպերայում, թե համերգային ելույթներում։ Զավեն Վարդանյանի բնորոշմամբ, իր երաժշտական աստվածները խոսում են գերմաներեն, թեեւ շատ էր սիրում Ջ. Վերդիին։

Նրա համար Բախը, Բեթհովենը, Վագներն ուրիշ են ու տիեզերական այլ երեւույթ են։ Աշխարհայացքի ձեւավորման, որոնումների ու ամենատարբեր հարցերում նա այս կոմպոզիտորներից է ստացել հոգեւոր սնունդ։ «Ոչ ոք երաժշտական տարածքն այնպիսի սրբազնագույն երկյուղածությամբ չի բնութագրել, Արարչին այդպես չի փառաբանել, ինչպես Բախը։ Դրամատիկ ուժով չի բնորոշել, ինչպես՝ Բեթհովենը եւ այդ ամբողջ տարածքը հագեցրել տարաբնույթ զգացմունքների վեհությամբ, ինչպես Վագները»,- ասում էր Զավեն Վարդանյանը: Նա երջանիկ էր, երբ կանգնում էր մեծ նվագախմբի առաջ եւ իր փորձը, մոտեցումը, հասկացությունը կարողանում էր հաղորդել նվագախմբին: Աշխատանքը սիրելու վառ օրինակ լինելով՝ օգնում էր երաժշտին դուրս գալ իր «ես»-ից, արթնացնել ավելին անելու ներուժ: Զավեն Վարդանյանի դիրիժորական ներաշխարհը խոշոր զանգվածային հնչողություններն էին, ինչի խոսուն վկայություններն են երեւանյան երաժշտասեր հասարակայնությանը ներկայացրած Ռ. Շտրաուսի «Ալպիական սիմֆոնիան», Հայդնի «Աշխարհի արարումը» օրատորիան, Ստրավինսկու «Սաղմոսների սիմֆոնիան», Բերլիոզի «Ֆանտաստիկ սիմֆոնիան», Վագների «Նիբելունգների մատանին» տետրալոգիայի հատվածների փայլուն մեկնաբանությունները: Նա միշտ իրեն համարել է օպերային-սիմֆոնիկ դիրիժոր, թեեւ կյանքի հանգամանքների բերումով ավելի շատ զբաղվել է կամերային երաժշտությամբ: Հիշարժան էին տարբեր տարիներին Մաեստրոյի իրականացրած Մոցարտի «Առեւանգում հարեմից», «Կախարդական սրինգ», Ռոսինիի «Մոխրոտը» օպերաների համերգային կատարումները, որոնք դարձան հանրապետության երաժշտական կյանքի անմոռանալի երեւույթներ:

Նա խորապես գիտակցում էր կոմպոզիտորի կյանքում դիրիժորի կարեւորագույն դերը։ Կոմպոզիտորական մի ողջ սերունդ աճեց նրա հետ միասին եւ իր շնորհիվ դուրս եկավ միջազգային ասպարեզ. Մարտուն Իսրայելյան, Աշոտ Զոհրաբյան, Էդվարդ Հայրապետյան, Ռուբեն Սարգսյան, Երվանդ Երկանյան, Վահրամ Բաբայան, որոնց նա հպարտությամբ անվանում էր` «իմ պլեյադան»: Շուրջ 30 ստեղծագործություն է գրվել հատուկ Երեւանի կամերային նվագախմբի համար, որոնցից շատերը նվիրված են հենց իրեն` մաեստրո Զավեն Վարդանյանին: 1970-80-ական թթ. ծաղկում ապրեց կամերային-նվագախմբային երաժշտությունը, մասնավորապես, գործիքային կոնցերտի ժանրը: Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ Երեւանի կամերային նվագախմբի հետ ելույթներ են ունեցել հայ առաջատար կատարողներ Գոհար Գասպարյանը, Մեդեա Աբրահամյանը, Ժան Տեր-Մերկերյանը, Ռուբեն Ահարոնյանը, Սվետլանա Նավասարդյանը, նաեւ միջազգային մեծ համարում ունեցող երաժիշտներ` Իրինա Արխիպովան, Կարինե Գեորգյանը, Իվան Մոնիգետտին, Օլեգ Կագանը, Նատալիա Գուտմանը եւ ուրիշներ: Իր նկարագրով Զավեն Վարդանյանը մթնոլորտ ստեղծող երաժիշտ էր: Նրա համերգները մշտապես իրադարձություն էին դառնում: Ցավոք, վերջին տարիներին մաեստրոյին չէինք տեսնում դիրիժորական վահանակի մոտ: Նա իր հետ տարավ բազում չիրականցրած ծրագրեր եւ նախագծեր, որոնք փայփայում էր իրագործել…

Մաեստրոյի երկրային ճանապարհի ամենապարզ ու ամբողջական գնահատականը թողել է Էդվարդ Միրզոյանը. «Այն, ինչ արեց Արտեմի Այվազյանը հայ էստրադային երաժշտության ժանրում, Թաթուլ Ալթունյանը՝ ժողովրդական երգ ու պարի ժանրում, նույնը արեց Զավեն Վարդանյանը հայ կամերային եւ նվագախմբային ժանրում»:

Օլյա ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ

ԵՊԿ Հանրային կապերի պատասխանատու,
երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, ԵՊԿ դոցենտ

«Առավոտ» օրաթերթ
16.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031